Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ. ՔԱՂԱՔ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ

Ապրիլ 24,1999 00:00
charencavan

Հայկական գրեթե բոլոր քաղաքներն ունեն պատմական որոշակի անցյալ։ Սրանց պատմությունը իմանում ենք գրքերից, տեղում կառուցված եկեղեցիների պատերին գրված ինչ-որ տառերից, երբեմն էլ՝ սեպագիր արձանագրություններից։

Չարենցավանն այդ քաղաքների թվին չի պատկանում։ Այսօր կենդանի է եւ նույն Չարենցավանում է ապրում քաղաքի հիմնադիրների մի զգալի մասը։ Չարենցավանը Հայաստանում ամենաերիտասարդ քաղաքն է։ Պատահական չէ, որ հիմնադրման ժամանակ նրա անունը դրվեց Լուսավան։ Դա կապված էր լուսառատ ապագայի քաղաքի կառուցման պաթոսով եւ Չարենցի անվան ռեաբիլիտացիայից հետո քաղաքը, որպես Չարենցի գովերգած երազանքի ու լույսի քաղաք, վերանվանվեց Չարենցավան։

Խորհրդային վերջին տարիներին այս քաղաքն ուներ օրինակելի զարգացած արդյունաբերություն, թարմ եւ մշտապես նորացվող, կառուցվող ենթակառուցվածքների հաջող ցանց եւ այլն, եւ այլն։ Այսինքն, խորհրդային օրինակելի քաղաք լինելու համար Չարենցավանին պակասում էր կոմերիտական կառույցի կարգավիճակը։

Երեւի թե քաղաքի զուտ խորհրդային սիմվոլիկ բնույթն է պատճառը, որ այսօր Խորհրդային Միության մահվան արդյունքում քաղաքն ամենատխուր տպավորությունն է թողնում։ Երբեմնի եռուն փողոցները այսօր տափաստանային խճուղու տպավորություն են թողնում։ 15-20 րոպեն մեկ որեւէ մեքենա կամ կանցնի, կամ էլ՝ ոչ։ Երիտասարդության մեծ մասը Ռուսաստանում կամ աշխարհի մի որեւէ այլ ծայրում բախտ է որոնում։ Քաղաքում հիմնականում մնացել են ծերերը, որոնք հույսները կտրած իրենց քաղաքի ապագայից՝ սպասում են, որ զավակները հացի փող ուղարկեն։ Իսկ ում ուժը հերիքում է, քաղաքի շրջապատում մի փոքր հողակտոր են վերցրել եւ ամառվա շրջանում գոնե իրենց բանջարեղենի հարցն են լուծում։

Իհարկե, այս տեսարանները հատուկ են Հայաստանի բոլոր քաղաքներին։ Բայց Չարենցավանը, թերեւս, մյուսներից ավելի է առանձնանում։ Թերեւս պատճառն այն է, որ այս քաղաքում ստեղծվում էր խորհրդային պատկերացմամբ՝ իդեալական արդյունաբերություն։ Չկար հին քաղաքը, այսինքն չկային նաեւ տեղական ավանդական արտադրությունները, որոնք էլ, ի դեպ, ԽՍՀՄ փլուզումից հետո ամենակենսունակները դուրս եկան։

Բնակիչներն ասում են, որ քաղաքի երբեմնի 50 հազար բնակչությունից 25 հազարն է մնացել։ Զարմանալին ոչ թե առաջին թիվն է, այլ՝ երկրորդ։ Միայն գուշակել կարելի է, թե քաղաքում մնացած 25 հազարը ինչով են պաշտպանում իրենց գոյությունը։ Արդյունաբերական ձեռնարկությունները կամ լրիվ չեն աշխատում, կամ էլ գրեթե փակված են։ Ի դեպ, չի կարելի ասել, որ այստեղի բնակչությունն ապրում է շուկայի շնորհիվ։ Պատճառն ավելի քան անտրամաբանական է։ Խորհրդային վերջին տարիներին կառուցված շուկան այսօր փակ է։ Դրա փոխարեն մթերքը վաճառվում է փողոցներում։ Թե ամռան ամիսներին այս հանգամանքը սանիտարահիգիենիկ ինչ վիճակի կհասցնի քաղաքի բնակչությանը, նույնպես գուշակել կարելի է։

Չենք կարծում, որ Չարենցավանում շտապ կարգով կաշխատեն գործարանները կամ նոր արտադրական ճյուղեր կաշխատեցվեն, որովհետեւ եթե մի բան 10 տարվա մեջ չի արվել, դժվար թե այսօր արվի։ Բայց կարելի է հուսալ եւ ցանկանալ։

Դժվար թե առանց այդ հույսի եւ ցանկության մի ամբողջ քաղաքի բնակչություն կարողանա ապրել այդքան մեծ հույսեր ծնող «լույսի քաղաքում»։

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930