Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններին պետք է վերաբերվել փիլիսոփայորեն

Ապրիլ 24,1999 00:00
yntrutyun

ԱՄՆ-ի նախագահներից մեկը նկատել է, որ «Եթե ընտրություններն ինչ-որ բան որոշելիս լինեին, ապա դրանք չէին անցկացվի»։ Այս արտահայտությունը բնութագրական է ամերիկյան դեմոկրատիային ընդհանրապես։ Մայիսի 30-ին ընտրություն կատարելու, ընտրություններին մասնակցելու «հերթը» Հայաստանի քաղաքացիներինն է։

Այդ օրը, ինչպես հավատացնում են, մենք դեմոկրատական ընտրությունների մասնակցելու բացառիկ առիթ ու հնարավորություն կունենանք։ Արդեն ապրիլի 25-ից կսկսվի մեծամասնաբար ու համամասնաբար ուղեղների «մշակումը», այն է՝ համապատասխան հասարակական կարծիքի ձեւավորումը, այսինքն՝ բուն ընտրապայքարն ու քարոզարշավը։ Մասնավորապես պոտենցիալ ընտրողին համապատասխան ընտրություն կատարելուն հակելու «դեմոկրատական» մեխանիզմներն ու մեթոդոլոգիան այնքան են կատարելագործվել 21-րդ դարի շեմին, որ, հարկավ, կարելի է ցանկալի ընտրական արդյունք ապահովել ոչ թե ատրճանակով ու բռունցքով, այլ «քաղաքակիրթ» միջոցներով, այն է՝ ժպտալու, ճարտար լեզվի, զանազան մանիպուլիացիաների եւ այլ հարակից կոմպոնենտների (բաղադրիչների) միջոցով։

Համընդհանուր ընտրական իրավունքը հին պատմություն ունի (առաջին իրավամբ համընդհանուր ընտրություններն անցկացվել են 1905 թ. Նիկոլայ 2-րդ ցարի մանիֆեստով Ռուսական կայսրության կազմում գտնվող Ֆինլանդիայում)։ Եվ ավելի քան իննսուն տարիների ընթացքում համընդհանուր ընտրական իրավունքը կամաց-կամաց վերածվել է ֆարսի եւ հասարակական կարծիքի մանիպուլիացիայի։ Այդ ընթացքում ընտրությունները գաղափարայինից դարձել են կաղապարային, այսինքն՝ բովանդակայինից՝ ձեւական։ Պատմական օրինաչափություններն ու զարգացումները բազմիցս ցույց են տվել, որ՝ ա) ընտրությունները սովորաբար ազգահավաք ֆունկցիա չեն կատարում, այլ առճակատում են հասարակությունը, շիկացնում քաղաքական մթնոլորտը, միջկուսակցական ու միջանձնային հարաբերությունները, բ) խորհրդարանը, ըստ էության, շեղվելով իր բուն մասնագիտացված՝ օրինաստեղծ գործունեությունից եւ միավորիչ դերից՝ դառնում է անպտուղ վեճերի, զազրախոսության, քաղաքական հաշվեհարդարների, գժտության ու պառակտման թատերաբեմ, գ) սահմանադրությունը նույնպես, ըստ էության, ստեղծում է իրավական խառնաշփոթ, կաշկանդում իրավաստեղծ ճկուն աշխատանքը, զանազան հակասական մեկնաբանումների, իրավական կազուսների ու կոլիզիաների պատճառ դառնում։ Ինչեւէ։

Տարօրինակ է, որ «պատգամավորացավով» (պատգամավոր դառնալու մարմաջով) տառապում են նաեւ նրանք, ովքեր պատկերացում անգամ չունեն օրենքի եւ օրինաստեղծ աշխատանքի, պարտքի ու պատասխանատվության մասին։ Եվ այդպիսիների անհիմն ինքնավստահության եւ անպատասխանատվության պատճառով է, որ օրենքները կորցնում են հասարակական հարաբերություններ կարգավորելու եւ համակեցության կանոնները հարգելու ոգով հասարակությանը դաստիարակելու իմաստն ու նշանակությունը։ Ընդհակառակը, օրենքները դառնում են ուժեղներին թույլերից պաշտպանելու միջոց ու գործիք։ Այլ խոսքով ասած՝ ուժեղները ստեղծում եւ օգտագործում են օրենքները թույլերից պաշտպանվելու համար։

Մարդը հոգեբանական երեւույթ է, իսկ գիտակցականը հոգեբանականի դրսեւորման տարատեսակ է եւ եղանակ։ Ուստի, ներգործելով (ներազդելով) մարդու հոգեկանի վրա՝ կարելի է համապատասխան ուղղություն տալ նրա գիտակցականին (կամաարտահայտությանը, մտքերի կերպին ու ընթացքին)։ Պատահական չէ, օրինակ, որ բոլոր հեղափոխություններին նախորդել է համապատասխան հասարակական կարծիքի, մտածելակերպի, այսինքն՝ որոշակի հոգեբանության ձեւավորումը։ Հեղափոխությունը տեղի է ունենում նախ եւ առաջ մարդկանց ուղեղում, հետո նոր՝ կյանքում։ Այդ են ապացուցում բոլոր սոցիալական հեղափոխությունները՝ սկսած այսպես կոչված լուսավորիչների գործունեությունից Ֆրանսիայում (18-րդ դարի վերջ) եւ վերջացրած գորբաչովյան տխրահռչակ պերեստրոյկայով (20-րդ դարի վերջ)։

Ահա թե ինչու մեր արդեն կոփված եւ դեռեւս նորաթուխ պատգամավորացուները ջանք, եռանդ ու միջոց չեն խնայում (չեն խնայելու) մեծամասնորեն ու համամասնորեն ներգործելու (ներազդելու) հասարակական կարծիքի եւ ընտրողի հոգեբանության վրա՝ լավ գիտենալով, որ հավաքական (հանրային) հիշողությունը սովորաբար կարճ է։

Վերոշարադրյալը հանգում է նրան, որ ընտրություններն ընդհանրապես եւ մասնավորապես մեր առաջիկա խորհրդարանական ընտրությունները հայտնի չափով կլինեն կանխատեսելի։ Հասարակական զարգացումներն ունեն իրենց տրամաբանությունը եւ միշտ էլ որոշ չափով վերահսկվում են։ Այս առումով եւս ընտրությունները, որպես կանոն, ավելի շատ սուբյեկտիվ են, քան օբյեկտիվ։ Ուստի, ընտրություններին, ինչպես եւ կյանքին ընդհանրապես, պետք է վերաբերվել փիլիսոփայորեն։

ՎԱՀԱԳՆ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930