Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԵՏԵՎԻՑ ԳՆԱԼՈՒ ՀԱՐԿ ՉԵՂԱՎ

Ապրիլ 24,1999 00:00

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԵՏԵՎԻՑ ԳՆԱԼՈՒ ՀԱՐԿ ՉԵՂԱՎ Նա եկավ կապույտ «Նիվա»-ով «Օրագրի» հյուրը ԱԺՄ կուսակցության առաջնորդ, Վազգեն Մանուկյանն էր։ Լրագրողների հետ հանդիպման պրն Մանուկյանը եկել էր, մտածելով, թե խոսակցությունը կծավալվի ապրիլի 24-ի շուրջ։ Հասկանալի է, լրագրողները առիթը չէին կարող բաց թողնել եւ իրենց զրկել այլ թեմաներ եւս շոշափելու հաճույքից, մանավանդ, Վազգեն Մանուկյանն ուրախ էր մեզ հետ հանդիպելու համար։ Նախընտրական Խորհրդարանական ընտրություններին նախորդած այս թվացյալ խաղաղ վիճակը բացատրվեց նրանով, որ նախորդ տարիների ընտրությունները խորը հիասթափության են հասցրել ժողովրդին։ Սակայն «մարդիկ կգնան ընտրությունների… կուսակցություններն էլ ժողովրդի մի մասն են կազմում»։ Քոչարյանը եւ ՆԱՏՕ-ն Երբ լրագրողներն ուզեցին Վազգեն Մանուկյանից վատ-վատ խոսքեր լսել Ռ. Քոչարյանի՝ ՆԱՏՕ-ի 50-ամյակի մասնակցության մասին, ոչինչ չստացվեց, քանի որ Վազգեն Մանուկյանը չթաքցրեց իր արդեն հայտնի կարծիքը Ռոբերտ Քոչարյանի մասին. «Ես միշտ ասել եմ եւ շարունակում եմ ասել, որ նա կեղծիքով դառել է Հայաստանի նախագահ, ինքը ոչ մի պարամետրով չի համապատասխանում այս երկրի ղեկավար լինելուն, բայց դա չի նշանակում, որ ամեն մի առիթ պետք է օգտագործել, տեղի-անտեղի իրա մասին ինչ-որ մի բան ասել։ (…) Ինձ թվում է, որ չնայած այն, ինչ կատարվում է Հարավսլավիայում, ամբողջ աշխարհում, այնուամենայնիվ, Հայաստանի ղեկավարը, ով էլ ուզում է լինի, պարտավոր էր գնալ ՆԱՏՕ-ի այդ 50-ամյակին, ես կարծում եմ, որ գնալը ճիշտ էր։ Պետք չի կապել ապրիլի 24-ի հետ»։ «Առավոտի» հարցին, թե որքան վտանգավոր կարող են լինել 50-ամյակի միջոցառումների կուլիսային հանդիպումները Ղարաբաղի հարցի համար, քանի որ Ալիեւը հայտարարեց, թե ինքը վճռականորեն է տրամադրված, պրն Մանուկյանը պատասխանեց, որ, իր կարծիքով, չարժի այդ միջոցառումն օգտագործել Ղարաբաղի հարցի շուրջը բանակցություններ վարելու համար, եւ Քոչարյանը, արժի, որ խուսափի դրանից. «Եթե, իհարկե ուրիշ հանգամանքներ չկան…»։ Սակայն Հարավսլավիայի իրավիճակն անդրադառնալու է Ղարաբաղի հարցի վրա եւ այդ պատճառով է Վազգեն Մանուկյանը կարծում, որ Քոչարյանի գնալը ճիշտ էր։ Հայ դատ Հայաստանում, ըստ պրն Մանուկյանի, ազգայնամոլություն չկա. «Որտե՞ղ եք դուք տեսել ազգայնամոլություն»։ Հակադրվելով Դավիթ Շահնազարյանին, որը վերջերս մի հեռուստաելույթում հայտարարել էր, թե այդ բանը (ազգայնամոլությունը) Հայաստանում կա, Վազգեն Մանուկյանը, ընդհակառակը, մեղադրեց Հայաստանի իշխանություններին, հասարակությանը, մտավորականությանն այն բանի համար, «որ Հայաստանում բացարձակապես ոչ մի ազգային բան չի մնացել, ոչ մի հայրենասիրություն չի մնացել»։ ԽՑՏ ֆՑՏՑ Միրզախանյան «Էն ռամկավարների Միրզախանյա՞նը»,- հարցերից մեկին պատասխանելիս փորձեց հստակեցնել Վ. Մանուկյանը, եւ այդ պարզեցման հետեւանքում ծիծաղեցրեց լրագրողներին։ Իսկ ՀՌԱԿ ատենապետ Ռ. Միրզախանյանի ասածն այն էր, որ ցեղասպանությունն այժմ քաղաքական կատեգորիա է, իսկ նախորդ իշխանություններն այն վերածել էին պատմական կատեգորիայի։ Վազգեն Մանուկյանի կարծիքով. «Իշխանությունը կփոխվի եւ նա հակառակը կասի։ Եթե մեր ժողովուրդը եւ թղթակիցներն առաջնորդվելու են միրզախանյանատիպ մարդկանց լսելով, մենք ոչ մի բանի չենք հասնի»։ Ցեղասպանությունը Վազգեն Մանուկյանի կարծիքով, ե՛ւ պատմական ե՛ւ քաղաքական խնդիր է։ Հրեաների մոտ այս հարցն առավել հստակ է դրված եւ այն վարպետորեն օգտագործվում է քաղաքական ասպարեզում։ Պահանջատիրություն բառը Մանուկյանի համար «մի քիչ ծիծաղելի բառ է, դա ի՞նչ է նշանակում, աշխարհից ինչ-որ մի բան ես պահանջո՞ւմ»։ Ղարաբաղի հարցը Հայ դատի խնդրի մի մաս համարելուն եւս պրն Մանուկյանը կտրականապես դեմ է. «Դա նշանակում է պարզ, լուծելի խնդիրը դնել աշխարհի կողմից չընկալվող մի խնդրի մեջ, ավելի դժվարացնելով Ղարաբաղի հարցի լուծումը»։ Դաշնակ, ԱԺՄ եւ մյուսներ Դաշնակցության սխալն այն էր, որ «սատար կանգնեց» Ռոբերտ Քոչարյանին, «դա վատ էր Հայաստանի համար եւ դա վատ էր դաշնակցության համար»։ Դաշնակցության հնարավորությունների մասին Վազգեն Մանուկյանը ոչինչ չասաց, քանի որ ինքը «մեր (ԱԺՄ- Մ. Ե.) կուսակցության մասին էլ է դժվարանում ասել»։ Երբ Դեմիրճյանը Վազգեն Սարգսյանին միացած չէր «մեր (ԱԺՄ- Մ. Ե.) ու Դեմիրճյանի շանսերը ոնց որ թե իրար մոտիկ էին, բայց դա արագ փոփոխվող պատկեր է»։ Այլ դաշինքների մասին խոսելով, պրն Մանուկյանն ասաց, թե ինքը որոշակի դաշինք չի տեսնում, մի քիչ իրարից տարբեր կուսակցություններ են, տարբեր քաղաքական գործիչներ են»։ Իսկ նրանք, ովքեր բոյկոտել են ընտրությունները, սխալվում են, թե մեկ ուրիշ քաղաքական դաշտ կլինի եւ իրենք կաշխատեն, քանի որ Վազգեն Մանուկյանը կասկածում է, «թե ուրիշ քաղաքական դաշտ կլինի պառլամենտական ընտրությունների համար»։ Դրա փոխարեն ԱԺՄ-ն իր քաղաքական դաշտը միշտ ունի, «որովհետեւ ժողովրդի կողմից կա վստահություն, եւ մենք կարող ենք հանրահավաքներով, ժողովներով, բանով հասարակության ուշադրության կենտրոնում լինել»։ Ի՞նչն է Հայաստանի համար վնասակար ԱԺՄ առաջնորդ, պատգամավորության թեկնածու Վազգեն Մանուկյանի կարծիքով. «Հայաստանի համար վնասակար է Ռոբերտ Քոչարյանի նախագահ լինելը, վնասակար է Վազգեն Սարգսյանի ընդհանրապես քաղաքականությամբ զբաղվելը, կործանարար է, եւ պետք է ազատվել էդ երկուսից էլ»։ Աշխարհում մեծ փոփոխություններ են կատարվում եւ Հայաստանը «ադեկվատ չի այդ փոփոխություններին» եւ Վազգեն Մանուկյանն իր ներսում վտանգի զգացում ունի այն ամենի նկատմամբ, ինչ որ կատարվում է Հայաստանում։ Ղարաբա՞ղն է միացել Հայաստանին, թե՞ հակառակը «Առավոտի» այս հարցին Վազգեն Մանուկյանը պատասխանեց, ասելով, թե ինքը Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուց հետո այն կարծիքին է, որ Հայաստանում դեռ երկար ժամանակ ժողովուրդը դժգոհելու է իշխանություններից, նույնիսկ լավագույն իշխանության դեպքում Հայաստանի վիճակը կտրուկ, միանգամից չի փոխվելու։ Դժգոհություն լինելու է, բայց «երբ որ նախագահը ղարաբաղցի է, կարող է դառնալ Ղարաբաղի դեմ ուղղված դժգոհություն, եւ դա շատ վտանգավոր է»։ Ժամանակին, երբ մոտավորապես նման հարցով դիմել են Ռոբերտ Քոչարյանին, վերջինս պատասխանել է, թե 1-2 տարուց Հայաստանը կդառնա «ծաղկուն պետություն» եւ նման պրոբլեմ չի լինի։ Սակայն այս մեկ տարվա ընթացքում «միայն անկում տեղի ունեցավ, եւ այդ տրամադրությունները՝ հայաստանցի-ղարաբաղցի, ոչ միայն բնականից առաջացան, այլեւ որոշ քաղաքական ուժեր միտումնավոր խորացրին այդ հարցը, մենք մտնում ենք մի պայքարի մեջ, որը հազարամյակների ընթացքում Հայաստանը չի տեսել։ (…) Այն մարդիկ, որոնք խորացնում են այդ ճեղքը, իրականում լուծում են անձնական կամ մանր քաղաքական խնդիրներ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Հանդիպման ընթացքում քննարկված հարցերն ավելի շատ էին, սակայն, քանի որ դրանք բազմիցս շոշափվել են, հարմար չգտանք անդրադառնալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել