Պարզվում է, որ Հայաստանում իր անունով արգելոց ունի ոչ միայն ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը։ Իր անվամբ Լաչինում արգելոց է ստեղծել նաեւ նախագահի խորհրդական, մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը։ Մեր թերթի այցելուներից մեկը, որը մեծ ավանդ ունի Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի կառուցման գործում, մեկ ամիս առաջ այդ ճանապարհով Ստեփանակերտ ուղեւորվելիս փորձել է հանգստանալ Զաբուշ գետի ափամերձ շրջանում։ Սակայն այդ գյուղի բնակիչներից մեկը զգուշացրել է, որ այդ տարածքում հաց ուտելը կամ ընդհանրապես գտնվելն արգելված է։ Նա դա բացատրել է նրանով, որ այդ տարածքը Պարույր Հայրիկյանի անվան արգելոցն է։ Ծավալվել է վիճաբանություն, որի ընթացքում նրանց է մոտեցել գյուղապետը։ Նա բացատրել է, որ այդ տարածքում սովորույթ ունի ճաշել Պարույր Հայրիկյանը, որն ամսական երկու անգամ այցելում է ԱԻՄ-ական կոչվող այս տարածքը։ Վիճաբանությունն ավարտվել է նրանով, որ գյուղապետը համաձայնվել է այս անգամ բացառություն անել, եթե դրա մասին Երեւանում ոչ ոք չիմանա։
Եթե Պարույր Հայրիկյանին հետաքրքրում է մեր զրուցակցի անուն-ազգանունը, դեպքի կոնկրետ օրը եւ մանրամասները ճշտելու, եւ գյուղապետին նման լուրջ հանցանքի համար պատժելու համար, ապա խմբագրությունը պատրաստ է ընդառաջել։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԱՐԴՅՈՔ ԲԱՐՈՅԱԿԱ՞Ն ՄԱՐԴ ԷՐ ՀԱՆԳՈՒՑՅԱԼԸ
Կարդացեք նաև
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ երեկ սգո միտինգ էր կազմակերպել Հայաստանի երիտասարդական կուսակցությունը։ Բետոնե ծաղկամանի վրա հենված սգո ծաղկեպսակի սեւ ժապավենի վրա ոսկեգույն տառերով գրված էր. «Խիղճը եւ ամոթը կորցրած ԱՄՆ-ի Միացյալ կոնգրեսին»։ ՀԵԿ-ի տղաներից մեկը պարզաբանեց. «84 տարի անց անժամանակ վախճանվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի խիղճը եւ ամոթը»։ Թեեւ համոզված չենք, որ 84-ամյա Խիղճ Ամոթսոնի մահն անժամանակ է, բայց ամեն դեպքում, ծերուկը վերջերս անտանելի էր դարձել։ Ծաղկեպսակի դրման արարողությունից քիչ անց, դեմքին պատշաճ թախիծ՝ ներքեւ իջավ Հայաստանում ԱՄՆ-ի «վիցե կոնսուլ» Սալվադորե Ամադեոն։ ՀԵԿ-ի նախագահ Սարգիս Ասատրյանը հանեց ծաղկեպսակի սեւ ժապավենը։ Ապա տեղի ունեցավ ժապավենի հանդիսավոր հանձնման արարողությունը պրն Ամադեոյին։ Ծեսը տխուր էր, ծափողջույններ չեղան։ Ծաղկեպսակի ճակատագիրն է հետաքրքիրը. ՀԵԿ-ի տղաները այն՝ արդեն առանց սեւ ժապավենի, տարան Ծիծեռնակաբերդ։ Ամերիկայի Կոնգրեսը հայերի ցեղասպանությունը չընդունելու համար դեռ շա՜տ կփոշմանի։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ
Հ. Գ. Տեղացող անձրեւը հետո լվաց ՀԵԿ-ի տղաների հետքերը։