Պետությանն անբարոյական հանեցին ԱԺ ընտրություններին ընդառաջ միշտ էլ նորանոր կուսակցություններ են ստեղծվում։ Իհարկե, ստեղծողները նախապես հոգում են նաեւ այդ նորելուկի մուտքի ապահովումը ԱԺ-ը, բայց դե ինչ-որ կերպ պետք է չէ՞ ներկայանան ժողովրդին։ Իսկ վերջինիս համար չտեսնված հարմար տարբերակ կա՝ մամուլի ասուլիսի միջոցով հայտնի դառնալ ողջ հանրապետությունով մեկ։ Ապրիլի 23-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած «Արժանապատիվ ապագա» կուսակցության մամուլի ասուլիսը հենց այդ նպատակն էր հետապնդում։ Ասուլիսի շնորհիվ բոլորիս էկրաններին կհայտնվի ոչ միայն հայ ժողովրդին հայտնի Լյուդիմլա Հարությունյանը (կուսակցության նախագահ), այլ նաեւ համամասնական ցուցակում ընդգրկված «Արժանապատիվ ապագա» կուսակցության առաջին 6 ոչ հայտնի անդամները (այսուհետ արժանապատիվցիներ)։ Մամուլի սրահը լեփլեցուն էր նախ արժանապատիվցիներով, ուսանողներով, հետո նոր միայն լրագրողներով։ Տիկին Հարությունյանը նախընտրեց խոսել համամասնական ցուցակում ընդգրկվածների մասին՝ նշելով թե այն կազմվել է որոշակի հայեցակարգով եւ տրամաբանորեն արդարացված է։ Խուսափելով այս կուսակցության անդամների անվճար գովազդը կազմակերպելուց՝ առանց նրանց անունները թվարկելու նշեմ, որ տրամաբանությունը հետեւյալն է՝ իրավագիտության հարցերը ԱԺ-ում ներկայացնելու համար ցուցակում ընդգրկվել է իրավաբան, առողջապահությանը՝ բժիշկ, հաշմանդամների հիմնախնդիրները՝ հաշմանդամ։ Այս տրամաբանությամբ ստացվում է որ որեւէ հարց լուծելու համար պետք է ԱԺ պատգամավոր լինես։ Մինչեւ օրս միամտորեն կարծում էի, թե պատգամավորը քաղաքական գործիչ է, այս ասուլիսի ընթացքում պրն Ադամյանից տեղեկացա, որ ինքը մտադիր չէ քաղաքական գործիչ դառնալ, այլ պատգամավոր, որպեսզի իրագործի առողջապահության վերաբերյալ իր ծրագիրը։ Ընդհանրապես ասուլիսի լուրջ կամ, ինչպես կասեն արհեստավարժները, լրջագույն մթնոլորտը ցրեց հենց ինքը՝ Կարլեն Ադամյանը։ Նրա կարծիքով, իրենց կուսակցությունում ընդգրկված են մարդիկ, որոնք փչացած չեն (բառը պրն Ադամյանինն է- Լ. Մ.)։ Ըստ պրն Ադամյանի, հնարավոր չէ երկար մնալ քաղաքականության մեջ եւ չփչանալ, իսկ ներկայիս քաղաքական գործիչներին պրն Ադամյանը բնորոշեց բժշկագիտության մեջ հայտնի հետեւյալ տեսությամբ. «Եթե գրգռում է՝ պատասխանը դրական է, եթե երկար է գրգռում՝ արդեն արգելակում է»։ Իհարկե, ասուլիսի գլխավոր դերակատարը կուսակցության նախագահ Լյուդմիլա Հարությունյանն էր։ Նա էլ շեշտեց, որ ՀՀ վարչապետը կուսակցության համախոհն է, այլ ոչ թե անդամը։ «Զարմանալի կլիներ, որ չլիներ համախոհ, որովհետեւ կուսակցությունը աջակողմյան է եւ ներկայացնում է այն գաղափարախոսությունը, որն ընկած է քաղաքական եւ տնտեսական կուրսի հիմքում, որը այսօր վարվում է մեր երկրում»,- նշեց տիկին Հարությունյանը։ Առաջ ընկնելով ասեմ, որ Լ. Հարությունյանը, ի զարմանս ինձ, զարմացավ, թե ինչու են իրենց կուսակցությանը ներկայացնում իբրեւ կախված ուժ, ավելին, իբր լրագրողներս ենք ներկայացնում, թե Հայաստանում չկա ոչ մի ուժ, որ որեւէ մեկից կախված չլինի։ Տիկին Հարությունյանի կարծիքով, իրենց ինտելեկտուալ կարողությունները բավարար են ինքնուրույն ուժ լինելու համար ու լրագրողներիցս «խլելով» հարց տալու իրավունքը՝ ինքը հարց տվեց մեզ. «Ի՞նչ է, դուրս է գալիս, որ Հայաստանում առանց պատրոն հնարավոր չի, սա՞ է մեր երկիրը» Տիկին Հարությունյանը հույս հայտնեց 5% հաղթահարել ոչ թե պատրոնի, այլ լրատվամիջոցների օգնությամբ։ «Եթե պատրոն չունեցող կուսակցությունները չեն հաղթահարում 5%-ը, ուրեմն չենք հաղթահարի, բայց ես հակառակում եմ համոզված»,- ավելացրեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Էդ. Մուրադյանը, որը «Արժանապատիվ ապագա» կուսակցությունում ապահովում է արհեստավարժությունը (իր իսկ խոսքերով՝ ինքը միշտ իր տեղում է ու միշտ արհեստավարժ- Լ. Մ.)։ Համաձայնելով պրն Մուրադյանի առաջին մտքի հետ, արձանագրեմ, որ 5%-ը հաղթահարելու դեպքում հաստատ կարելի է ասել, թե այս կուսակցությունը պատրոն ունի։ Արժանապատիվցիների պնդմամբ՝ իրենք շատ մեծ տեղ են տալիս բարոյականությանը։ «Մեր գաղափարախոսության հիմքում կա էֆեկտիվ պետության ստեղծումը, սոցիալական պետության ստեղծումը եւ բարոյական պետության ստեղծումը. սա շատ կարեւոր լրացումներ են, որովհետեւ մեր սահմանադրությունը գրում է միայն սոցիալական պետության մասին, բայց մենք պետք է խոսենք բարոյական պետության մասին, որովհետեւ անբարոյական է պետությունը, որը չի ուզում պահել այն զոհված ազատամարտիկների ընտանիքներին, որոնք իրենց կյանքը տվել են հայրենիքին»,- նշեց Լյուդմիլա Հարությունյանը։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ