Երկուշաբթի օրվանից սկսվում է պաշտոնական քարոզարշավը։ Ու որպեսզի հայ ժողովուրդն անինֆորմացիա չմնա, իսկ Պարույր Հայրիկյանը չխախտի մեծն իրավապաշտպանի եւ իրավահավասարության ջատագովի իր ռեյտինգը, ասուլիս էր հրավիրվել։
Մինչեւ մայիսի 30-ը Սահմանադրական բարեփոխումների եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի աշխատանքները լուսաբանելու ծանր բեռն իր ուսերին է վերցրել հանձնաժողովների նախագահ Հայրիկյանը։ Դե, որպեսզի հանձնաժողովների անդամները լրագրողների ներկայությամբ չօգտվեն ու քարոզ չանեն։ Ու միմիայն դրա համար։
Հայրիկյանը նախ անդրադարձավ ցեղասպանությանը՝ իր պաշտոնի տեսանկյունից. «Կասկած չկա, որ 15-23 թթ. հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը նախ եւ առաջ մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում էր։ Եվ դա մեզ՝ հայերիս, պետք է հուշի, թե որքան կարեւոր է մարդու իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունքի արմատավորումը»։ Մեր կողմից, բայց Հայրիկյանի տեսանկյունից ավելացնենք, որ դա մարդու սահմանադրական իրավունքի խախտում էլ էր։ Հայրիկյանը դեռ մանկությունից է հիշում Աբրահամ Հայրիկյանին (հավանաբար՝ նրա պապն է.- Լ. Ա.), որը «Պոլիս տարված» 153 մտավորականներից մեկն էր։ (Է՜հհ)։
Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովն արդեն երկու փաթեթ է հանձնել նախագահին, իսկ վերջին նիստում քննարկվել են Սահմանադրության 2 հոդվածներում կատարելիք փոփոխությունները։ Մեկը 80-րդ հոդվածում՝ «Պատգամավորներն իրավունք ունեն հարցերով դիմել կառավարությանը։ Հերթական նստաշրջանի յուրաքանչյուր շաբաթվա մեկ նիստում վարչապետը եւ կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին։ Պատգամավորների հարցերի կապակցությամբ ԱԺ-ն որոշումներ չի ընդունում»։ Հայրիկյանը պարզաբանեց, թե «պատահական չէ, որ մեր ժողովուրդը քամահրանքով է վերաբերվում այդ հարցուպատասխաններին»։ Նրա գլխավորած հանձնաժողովը որոշել է, որ ԱԺ-ն կարող է պատգամավորների հարցերի կապակցությամբ որոշումներ ընդունել։ Երկրորդ փոփոխությունը 84-րդ հոդվածում է. «ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ անվստահություն է հայտնվում կառավարությանը»։ Այստեղ ավելացված է. «Կա՛մ առանձին նախարարի»։ Հայրիկյանին չի հաջողվել հասնել այն բանին, որ «նախագահ եւ վարչապետ նույնանան։ Այսինքն՝ նույն անձը լինի եւ ընտրվի ժողովրդի կողմից»։ Չգիտես՝ ինչու միտքս եկավ «մի բարձի ծերանաք» միտքը։
Կարդացեք նաև
Մարդու իրավունքների հանձնաժողովն էլ ձեռքերը ծալած չի սպասում. Հայրիկյանն ա՛յս ոլորտում էլ է ակտիվ։ Նա նամակ է գրել ԿԸՀ-ին։ Նամակի բուն բովանդակությունը «մրցակցության եւ այլընտրանքային սկզբունքով ընտրություն կազմակերպելու՝ պետության պարտավորությունն է»։ Ավելի կոնկրետ («Առավոտն» այս մասին վաղուց է գրել- Լ. Ա.), որ Արմավիրի մարզի թիվ 37 ընտրատարածքում առաջադրվել է ընդամենը մեկ թեկնածու։ (Նա Էջմիածնի Մանվելի եղբոր որդին է՝ Հրանտ Գրիգորյանը- Լ. Ա.)։
«Ինչպես, ինչու, ում մեղքով, ինչի հետեւանքով, ում թերացման կամ ում վախի հետեւանքով է սա տեղի ունեցել»,- Հայրիկյանին չի հուզում։ Հուզում է, որ մեր քաղաքացիները ընտրություն կատարելու իրավունքից զրկված են։ ԿԸՀ-ն ի պատասխան նամակին՝ պարտավոր է պատասխանել՝ ինչ միջոցառումներ են ձեռնարկված թիվ 37 ընտրատարածքի ընտրությունները մրցակցության սկզբունքներով անցկացնելու ուղղությամբ։ «Կա մի ընտրատարածք, որտեղ մեկ թեկնածու է գրանցված։ Նշանակում է՝ ընտրություն չի լինելու։ Կամ էլ նրան ընտրելու է միայն իր կինը»։ (Բա նա էլ ուրիշ հարազատ չունի՞- Լ. Ա.)։ Պրն Հայրիկյանն անկեղծորեն ասաց, որ իրեն թեկնածուի ով լինելը չի հետաքրքրում։ Թեեւ համոզված ենք, որ նրա ով լինելը Հայրիկյանը շատ լավ էլ գիտի։ Նման նախադեպ արդեն եղել է։ 1990 թվականին, երբ մի ընտրատարածքում գրանցվել է մեկ թեկնածու (Մուրադ Մուրադյանը), նրա թեկնածությունը նախորդ Գերագույն խորհուրդը չեղյալ է հայտարարել։
Մի կոնկրետ փաստ էլ նշվեց, երբ ՀՀ վարչապետը ի զորու չի եղել մի ներդրողի համար աշխատանքային պայմաններ ապահովել։ Ինչեւէ։
Եթե նոր ԱԺ-ն հնից ավելի արդյունավետ աշխատի, ապա ՀՀ նախագահի ցանկությունը՝ աշնանն անցկացնել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, իրականանալի են։ Հանրաքվեի կդրվի ոչ թե ողջ Սահմանադրությունը, այլ առանձին հոդվածներ։
Հայրիկյանը վերջում ներկայացրեց իրենց հարցախույզը, որով որոշվել են ամենաբարձր ռեյտինգ ունեցող կուսակցությունները՝ ՀՅԴ, կոմկուս, ԱԺՄ, ԱԻՄ, «Միասնություն»։ Նման արդյունքների դեպքում ակնկալվում է նաեւ երկնքից երեք խնձորի վայրէջք։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ