Փախչելով կոմունիստական հաշվեհարդարից, ԱՄՆ նախագահի խրտվիլակը ժամանակին թռավ՝ հետը տանելով իր վրա հագցրած Իլյիչի հետեւորդներին պատկանող բավականին թանկարժեք կոշիկներն ու կոստյումը: Միամիտ դիտորդները ենթադրում են, թե թռչելուն նպաստել են հայկական կամ ամերիկյան հատուկ ծառայությունները: Իրականում խրտվիլակը փախցրել են «Մոսադը» եւ Մոնիկա Լեւինսկին՝ եւս մի նյութական ապացույց կորզելու նպատակով:
Բուդոն
Գեներալ Ռոմեն Ղազարյանը վաղուց է թռել Հայաստանից: Սակայն առայժմ ոչ ոք պաշտոնապես չի ասել, թե ինչու: Ավելին՝ առ այսօր դատախազության պաշտոնյաներից ոչ մեկը չի կարողացել հոդաբաշխ բացատրություն տալ հանրությանը, թե ո՞ր հանցագործության համար է Բուդոն գտնվում հետախուզման մեջ եւ ինչո՞ւ է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանքը: Անցած շաբաթ այդպիսի պաշտոնյաներից մեկը «Առավոտին» վերջապես բացատրեց, որ պրն Ղազարյանը պետական գույք էր փչացրել, կրակելով իր ծառայողական մեքենայի վրա:
Կարդացեք նաև
Արմեն Խաչատրյանը
Դեմիրճյանական կուսակցության ղեկավարներից մեկը՝ «Հրաչյա Աճառյան» ինստիտուտի փոխտնօրենը միանգամից թռավ խոր միջնադար՝ իր հրճվանքը հայտնելով առ այն, որ վերջապես միացել են մեր թագավորը /խոսքը Կարեն Դեմիրճյանի մասին է/ եւ սպարապետը /նկատի ունի Վազգեն Սարգսյանին/: Տեղեկանքի կարգով պրն Խաչատրյանին հիշեցնեմ, որ ժամանակակից Հայաստանում թագավոր եւ սպարապետ չկան: Կա նախագահ, որն ընտրվում է հինգ տարով, եւ կա պաշտպանության նախարար, որին նախագահը նշանակում-հանում է աշխատանքից: Եթե մեր երկրում կան պաշտոնյաներ, որոնք այդ պետական կարգից դուրս են հայտնվել, վայ մեզ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ