Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆՆ Է ՏՎԵԼ

Ապրիլ 24,1999 00:00
Vahan Hovhannisyan

Դաշնակցությունն այնքան երջանիկ է ԱԺ-ի ընտրություններին մասնակցելու հնարավորության համար, որ նախընտրական քարոզարշավն ապրիլի 26-ին կսկսի ժողովրդային տոնախմբությամբ՝ երգ ու պարի հավես ունեցող ԻՄ-ից ու նրա նախագահից խլելով այդ մենաշնորհը։

Բայց, ի տարբերություն վերջինների, դաշնակցականներն իրե՛նք չեն երգել-պարելու, այլ արհեստավարժ երգիչ-երգչուհիները։ Շա՜տ-շա՜տ Հրանտ Մարգարյանը «երգի» ՀՅԴ-ի նախընտրական երգը ու չկողմնորոշվածներին լուսավորի, թե «ինչո՞ւ է ՀՅԴ-ն ուզում գնալ խորհրդարան եւ ի՞նչ է ուզում փոխել այս երկրում»։ Այս եւ մյուս մանրամասները ճշտեցինք ՀՅԴ-ի Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանից՝ նաեւ տեղեկանալով, որ համերգի կազմակերպումը ՀՅԴ-ն վստահել է «Հայպետֆիլհարմոնիային»։ Ու քանի որ հրավիրյալ երգիչ-երգչուհիները չբացահայտված դաշնակցականներ չեն, չեն երգելու հանուն ՀՅԴ-ի սիրուն աչքերի։ Այս հաճույքը ՀՅԴ-ի վրա կնստի 636 հազար դրամ։ Նախահաշիվը ներկայացված է, բայց վճարումը կկատարվի միայն այն ժամանակ, երբ կգործի ՀՅԴ-ի նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգացող հիմնադրամը (որտեղ միջոցները կգոյանան կուսակցական անդամավճարներից ու նվիրատվություններից), ինչպես օրենքի պահանջն է։ Ընդ որում, դաշնակցականները վստահ են, որ քարոզարշավի ծախսերի համար օրենքով սահմանված առավելագույն չափը՝ 120 հազար դոլարը լիուլի բավական է, քանի որ ՀՅԴ-ն չի պատրաստվում ընտրակաշառքներ տալ։

ՀՅԴ-ի ժողովրդային տոնախմբության սուրբ թեմայից չշեղվելով նաեւ ազդարարենք, որ համերգի ծրագիրը կազմվել է ՀՅԴ-ի ու «Հայպետֆիլհարմոնիայի» համատեղ ճաշակով։ Երգիչների ցուցակն այն նույնն է, որ հանդես է գալիս բոլոր ընտրություններում ու խիստ տարբեր ճակատների (հիմնականում՝ իշխանամետ) թեկնածուների օգտին։ Ասենք՝ Շուշան Պետրոսյան, Նունե Եսայան, Ռուբեն Մաթեւոսյան, Թովմաս Պողոսյան, Հայկո, Արամո, Էմմա Պետրոսյան եւ հայ երգարվեստի այլ կարկառուն ներկայացուցիչներ։ Ցավոք, Օֆելյա Համբարձումյանին չեն կարողացել համոզել։ Բայց դա ոչինչ, ասա Արմինե Գրիգորյանը էլի՛ չկանխագուժի. «Բայ, բայ, բայ, մռութ, քեզանից չկա օգուտ»։ Թե չէ 1996 թվականի նախագահական ընտրություններին «հօգուտ» Լեւոն Տեր-Պետրոսյանի այդպես «բայ, բայ» արեց, տեսա՞ք ինչ դուրս եկավ։ Բայց ՀՅԴ-ի համերգում հաստատ միայն ազգային ու դաշնակցական երգեր կերգեն, թե չէ՝ «Ազատության հրապարակը՝ արյան ծով»։

Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930