Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԱՅՍ ԱՄԵՆԸ ԽԻՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»

Ապրիլ 23,1999 00:00
shavarsh qocharyan

Կամ աշխարհաքաղաքականության ու ԱԺ ընտրությունների մասին

-Հայտնի է, որ Բալկանյան թատերաբեմում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները աշխարհաքաղաքական զարգացումներում սկզբնավորեցին նոր գործընթացներ, ստեղծվեց նոր իրավիճակ: Այսօր Հայաստանի ներքաղաքական դաշտում խորհրդարանական ընտրությունների շեմին նկատվում են նախորդ ժամանակաշրջանից տարբեր խմորումներ, եւ ակնհայտ է, որ ընտրությունների արդյունքում Հայաստանում կարձանագրվի ներքաղաքական միանգամայն նոր կացություն: Ձեր տեսանկյունից ինչպիսի՞ն է ԱԺ ընտրությունների նշանակությունը վերոնշյալ գործընթացների համատեքստում:

– Հարցն ուղղակի մի քանի մակարդակի հարցերի ամբողջություն է, որը առանց մասնատման դիտարկելու դեպքում կարող ենք սխալվել: ՆԱՏՕ-ի վերջին գործողությունները Հարավսլավիայում պետք է դիտարկել մոլորակի մասշտաբով տեղի ունեցող գործողությունների համատեքստում, որովհետեւ կոնկրետ այս գործողությունը կարող էր լինել, կամ չլինել, բայց տեղավորվում է մի ընդհանուր տրամաբանության մեջ: Այդ տեսակետից կանխատեսել դա՝ շատ կարեւոր է: Եվ դա ես վաղուց էի կանխատեսել: Հայաստանում պիտի գիտակցվի, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում աշխարհում եւ դեպի ուր են տանում: Այս համատեքստում արդեն կարելի է քննարկել Հայաստանի դերը, մոլորակի վրա ընթացող պրոցեսներում Հայաստանի տեղը, որից հետո նոր միայն կարելի է խոսել այսօրվա իրավիճակի եւ առավել եւս ընտրությունների մասին:

Մենք պետք է հիշենք, որ մեր մոլորակն այնքան էլ մեծ չէ եւ բնական պաշարներն արդեն չեն հերիքում սրընթաց աճող մարդկության պահանջները: Դա վերաբերում է թե՛ խմելու ջրին, թե՛ ուժանյութին, թե՛ բնական այլ պաշարներին:

Պատահական չէ, որ վաղուց արդեն գոյություն ունի, այսպես կոչված, «ոսկե միլիարդի» տեսությունը: Հաշվարկները ցույց են տալիս, որ մարդկության մի մասը միայն, ընդամենը մեկ միլիարդ մարդ կարող է բավարարել իր պահանջները: Չէ որ արդեն կա այն ոսկե միլիարդը, որը որ գտնվում է արտոնյալ վիճակում: Դա, իհարկե, Արեւմուտքն է, ԱՄՆ-ը, Ճապոնիան: Աշխարհն առհասարակ բաժանվելու է երկու մասի. կլինեն արտոնյալ պետություններ եւ սպասարկող երկրներ: Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ «ոսկե միլիարդը» ոչ միայն տեսություն է, այլ նաեւ իրականություն:

«Ոսկե միլիարդն», օրինակ, ըստ շնչի 5-10 անգամ ավելի շատ մսամթերք է սպառում, քան աշխարհի մնացած բնակչությունը: Տարբերությունն ավելի մեծ է ուժանյութերի օգտագործման դեպքում՝ 15 անգամ: Ի՞նչ է մնում անելու մնացած երկրներին: Մնացած աշխարհը հումք է մատակարարում «ոսկե միլիարդին»: Դեպի Արեւմուտք տեղի է ունենում թե՛ ուղեղների, թե՛ կապիտալի հոսք: Հաճախ տեղում աշխատած գումարը հայտնվում է Արեւմուտքում:

Հարաբերականորեն հետամնաց աշխարհը սպառում է կամ հատուկ իր համար արտադրված ապրանքը (որն ապահովում է Արեւմուտքի բնակչությանը աշխատանքով ու աշխատավարձով) կամ հնացած, իրենց միջավայրի համար արդեն վտանգավոր տեխնոլոգիաները: Այս ամենը մի հետաքրքիր հարց է առաջացնում. ինչո՞ւ պիտի հանդուրժվի մեկ միլիարդի արտոնյալ կարգավիճակը: Այստեղից՝ մի քանի հետեւություն:

Առաջին. զարգացած պետությունները տարբեր ոլորտներում մրցակցելով, այնուամենայնիվ, մի ընդհանուր շահ ունեն՝ իրենց արտոնյալ կարգավիճակը:

Երկրորդ. հետեւաբար, իրենց բանակներն արդեն պիտի ստանձնեն նոր գործառույթներ, այսինքն՝ միջազգային ժանդարմի դեր: Այսինքն, պիտի պարտադրեն աշխարհին այս հարաբերակցությունը: Իրաքի, Բոսնիայի, այսօր արդեն Հարավսլավիայի խնդիրներում շատ ակնհայտ երեւում է, որ արեւմտյան պետությունները բոլոր հակասություններով հանդերձ, միավորված են մեկ ընդհանուր շահով:

Երրորդ. այս երկրների համար վտանգ են ներկայացնում մեծ բնակչություն ունեցող երկրները: Օրինակ, եթե Չինաստանը դառնա «ոսկե միլիարդի» անդամ: Նույնը վերաբերում է Ռուսաստանին: Այս բոլորը հաշվի առնելով, մենք պետք է հասկանանք, որ այս միաբեւեռությունը երկար է պահպանվելու: Մտայնությունը, թե աշխարհը շուտով նորից երկբեւեռ կդառնա, ես քիչ հավանական եմ համարում: Կլինեն ենթաբեւեռներ: Կցանկանայի մի բան էլ նշել. շատերը զգալով այս գործընթացները, վերագրում են այն մոլորակային մասշտաբի դավադրության: Իբր կա ինչ-որ մի կենտրոն, որը այդ բոլորը իրականացնում է: Իրականությունը շատ ավելի պարզ է. դա ինքնաբերաբար ձեւավորված քաղաքականություն է, որը բխում է բնական պաշարների սահմանափակությունից:

Եվս մեկ էական հարց. եթե մնացած աշխարհը միավորված հանդես գար «ոսկե միլիարդի» պետությունների դեմ, ապա դա արդեն կլիներ երկբեւեռություն եւ պարզ չէ, կկարողանա՞ր «ոսկե միլիարդը» իր կամքը, իր քաղաքականությունը թելադրել աշխարհին: Ինչո՞ւ, սակայն, դա տեղի չի ունենում: Որովհետեւ, իրականում աշխարհը բաժանված է ոչ թե երկու մասի, այլ կան արտոնյալ երկրներ, որոնց հաջորդում են մի քանի այլ մակարդակների պետություններ: Միշտ լինում են պետություններ, որոնք պատրաստ են իրականացնել «ոսկե միլիարդի» պետությունների շահերը՝ ստանալով հարաբերականորեն արտոնյալ պայմաններ: Այսինքն՝ աշխարհում տեղի է ունենում պետությունների տեսակավորում: Եվ ոչ ոք չի համարձակվում հակադրվել: Ես կարող եմ կոնկրետ օրինակներ բերել: Եթե այսօր Արեւմուտքի քաղաքականությունն ունի հստակ հակառուսական քաղաքականություն, ապա շատ պետություններ անմիջապես փորձում են հարմարվել այդ քաղաքականությանը:

– Խոստացաք կոնկրետ օրինակներ նշել: Օրինակ, ո՞ր երկրները:

– Ադրբեջան, Վրաստան: Հեռու չգնանք: Մեր հարեւանների մասին խոսենք: Այդպիսի երկրները բազմաթիվ են:

– Աշխարհաքաղաքականության, չէի ասի միանգամայն նոր, բայց շատ հետաքրքիր դիտանկյուն եք ընտրել: Պնդո՞ւմ եք, որ չկա ձեր դիտարկած «ոսկե միլիարդի» շահերը համակարգող կոնկրետ մարմին, կազմակերպություն:

– Այդքան էլ այդպես չէ: Ես պնդեցի, որ չկա այդպիսի մի կենտրոն, որը որպես դավադրություն է կազմակերպել այս հարաբերակցությունը: Որ այդ պետություններն ունեն իրենց կառույցները՝ ակնհայտ է: Օրինակ, ՄԱՀ-ը, տարբեր միջազգային կազմակերպություններ, հենց ՆԱՏՕ-ն: Բա սրանք ի՞նչ են: Եվրամիությունը, Եվրախորհրդարանը եւ այլն: Սրանք բոլորը հատուկ վարում են այդ քաղաքականությունը: Օրինակ՝ Միջազգային Արժութային հիմնադրամը: Ի՞նչ է նա պարտադրում նորանկախ պետություններին՝ սահմանների թափանցիկություն: Դա ձեռնտու է կապիտալի եւ հումքի ազատ դուրսբերման համար: Բայց եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ զարգացած երկրների սահմանները շատ հստակ պաշտպանված են: Իրենք իրենց ներքին շուկան շատ լավ պաշտպանում են:

– Բացառո՞ւմ եք, որ մի օր, ենթադրենք, Ֆրանսիային կարող է փոխարինել նույնքան բնակչությամբ Ուկրաինան: Ինչպիսի՞ն են մեր հանրապետության հնարավորությունները:

– Խնդիրը ե՛ւ թվաբանական է, ե՛ւ որակական: Թվաբանականի մասին ես արդեն ասացի՝ Չինաստան, Ռուսաստան եւ այլն: Ինչ վերաբերում է փոքր պետություններին, ապա նրանք չեն դիտվում որպես սպառնալիք: Օրինակ, Էստոնիան այսօր արագ տեմպերով զարգանում է եւ հավակնություն ունի, եթե ոչ «ոսկե միլիարդի» մեջ հայտնվելու, ապա գոնե շատ մոտ լինելու այդ մակարդակին: Մի քանի միլիոն բնակչություն ունեցող երկիրը հայտնվելով «ոսկե միլիարդի» ցանկում՝ սպառնալիք չէ: Դա շատ էական է: Հայաստանը նույնպես վտանգ չի ներկայացնում թվաբանական իմաստով: Սա մենք պետք է հասկանանք, որովհետեւ կարելի է հակադրվել վերոնշյալ քաղաքականությանը, ինչը խիստ վտանգավոր է: Այդպիսի հակադրում իրեն կարող է թույլ տալ, ասենք, Իրանը, որովհետեւ հարուստ բնական պաշարներ ունի, կարող է հակադրվել Ռուսաստանը, եթե ներքին կազմակերպվածություն ունենա, որն այսօր չունի: Բայց Հայաստանն այդ իմաստով իրեն թույլ չի կարող տալ հակադրվել: Եթե ցանկանում ես հակադրված չլինել «ոսկե միլիարդին», ավելին՝ ցանկանում ես օգտվել այդ ընդհանուր քաղաքականությունից, ապա դու պարտավոր ես լինել մրցունակ: Այսինքն՝ քո ներքին կառուցվածքը պիտի լինի ե՛ւ արդյունավետ ե՛ւ, ընդհանուր առմամբ, արեւմտյան խաղի կանոններին համապատասխան: Դա ժողովրդավարությունն է: Մի կողմից ժողովրդավարությունը մեզ՝ Հայաստանին է խիստ անհրաժեշտ, մյուս կողմից՝ ժողովրդավարության առկայությունը լուծում է նաեւ միջազգային շատ խնդիրներ:

– Պրն Քոչարյան, Արեւմուտքի երկրներում, թեեւ շատ դանդաղ, բայց, այնուամենայնիվ, բնակչության թվային աճ կա: Նշանակո՞ւմ է, որ «ոսկե միլիարդի» հավասարակշռությունը կխախտվի:

– Խնդիրը հետեւյալն է: «Միլիարդը» պայմանական թիվ է, ոչ ճշգրիտ հաշվարկված: Թիվը գալիս է երկրագնդի բնական պաշարների պարզ հաշվարկից: Չի բացառվում, որ գիտությունները, տեխնոլոգիաները այնպիսի առաջընթաց ապրեն, որ հնարավոր լինի այս երկրագնդի վրա արտոնյալ կարգավիճակով ապրի ոչ թե միլիարդ, այլ 1,5 միլիարդ: Արտոնյալ պետությունների «դաշինքը» գոյացել է պատմական գործընթացների, խիստ մրցակցության պայմաններում, որը շարունակվում է: Եթե մի պետություն շատ առաջ անցնի, իհարկե կարող է հայտնվել արտոնյալների մեջ եւ հակառակը, ետ մնալով՝ մեկ այլ պետություն կարող է դուրս թռչել: Սա բնական ընթացք է: Բայց այստեղ պետք է ցավով արձանագրել մի շատ էական գործոն: Համակարգերի տեսության մեջ կա մի այդպիսի դրույթ կիբեռնետիկայից: Եթե երկու համակարգ միմյանց տեղեկատվություն են փոխանցում, ապա ավելի հարստանում է այն համակարգը, որը մինչ այդ ավելի շատ տեղեկատվություն ուներ: Այսպիսով, հարուստ համակարգը ցանկացած շփման ընթացքում ավելի է հարստանում:

Այսինքն՝ ճեղքվածքը երկրների միջեւ մեծանում է: Ճիշտ այնպես, ինչպես որեւէ երկրի ներսում անընդհատ խորանում է հարուստ եւ աղքատ խավերի միջեւ ճեղքվածքը: Առաջանում է մի պատնեշ, որը գնալով դժվարանում է հաղթահարել: Հայաստանին դրա համար շատ ջանք, եռանդ ու կամք է պետք, բայց առաջին հերթին, ժողովրդավարություն:

– Թե՛ Արեւմուտքը, թե՛ Ռուսաստանը փորձում են հստակեցնել իրենց շահերը մեր երկրում, որը պարտադրելու է մեզ ավելի հստակ կողմնորոշում: Մահակներից ո՞րն է ավելի նախընտրելի:

– Որ կա Ռուսաստան-Հայաստան ռազմավարական շահերի համընկնում, ակնհայտ է:

Բնական է, որ ի տարբերություն Ադրբեջանի, կամ Վրաստանի, Հայաստանը հակառուսական քաղաքականություն չի կարող ունենալ: Այնպես որ, Ռուսաստանը խանդով կարող է վերաբերել թե՛ Ադրբեջանին, թե՛ Վրաստանին, բայց Հայաստանի հզորացումը միայն շահավետ է Ռուսաստանին: Եթե դաշնակիցներ ենք, ուրեմն մի դաշնակցի հզորացումը նաեւ մյուսի հզորացումն է նշանակում:

Այսինքն, Հայաստանի համար չկա Ռուսաստանի մահակի վտանգ: Վտանգն ավելի շատ մեր ներսից է: Մենք պետք է հավասարակշռենք մեր ռազմավարական հարաբերությունները Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ: Օրինակ, Հայաստանի համար կենսականորեն կարեւոր է Եվրախորհրդի անդամ դառնալը: Բելառուսից հետո ԱՊՀ երկրներից միայն Հայաստանն է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ամենաքիչ քայլերը արել: Ես դա կոպիտ սխալ եւ վտանգավոր եմ համարում: Ռուսաստանն ինքն այդ ուղղությամբ ավելի շատ քայլեր էր արել եւ չէր կարող դեմ լինել Հայաստան-ՆԱՏՕ մերձեցմանը: Ես ձեր բարձրացրած հարցը՝ կողմնորոշման խնդիրը, վտանգավոր չեմ համարում: Ավելի վտանգավոր եմ համարում ճիշտ հակառակը. ես այդ մասին դեռեւս տարիներ առաջ էլ գրել եմ, որ Հայաստանը կարող է Արցախի հարցի այս կամ այն կերպ լուծումից հետո աշխարհի աչքում կորցնել իր հետաքրքրությունն ու մեկուսացվել:

Հարցազրույցը վարեց

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԱՆՅԱՆԸ

«Երեւան» լրատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930