Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՍՎՈՒՄ Է «ԼԵԴԻ ԲՈՒԼԴՈԶԵՐԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ

Ապրիլ 23,1999 00:00

ՍՊԱՍՎՈՒՄ Է «ԼԵԴԻ ԲՈՒԼԴՈԶԵՐԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ Ապրիլի 24-ի երեկոյան, երբ ՆԱՏՕ-ի 50-ամյակին նվիրված միջոցառման մասնակիցները կհավաքվեն ԱՄՆ նախագահի եւ նրա տիկնոջ անունից կազմակերպվող տոնական ճաշկերույթի ժամանակ եւ շամպայնի բաժակները կբարձրացնեն՝ շնորհավորելու ալյանսի 50-ամյա հոբելյանը, ուղիղ մեկ ամիսը կլրանա այն պահից, երբ ՆԱՏՕ-ն առաջին ռումբերը գցեց Հարավսլավիայի վրա: Այսօր Վաշինգթոնում բացվում է ՆԱՏՕ-50 գագաթաժողովը: Կազմակերպության անդամ երկրների ղերավարների եւ հրավիրված պատվիրակությունների հիմնական մասը մի քանի օր առաջ ժամանել են, ու մինչ կսկսվեն տոնախմբությունները, սեփական հարցերն են լուծում, ինչպես, օրինակ, Թուրքիայի նախագահ Դեմիրելը, որը ձեռքի հետ Փրինսթոնի Համալսարանում ստացավ պատվավոր դոկտորի կոչում՝ տեխնիկական գիտությունների գծով: Մյուսները, որոնց թվում նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, դեռ ճանապարհին են: Հրավիրվածների մի մասն էլ, հետեւելով Ռուսաստանի օրինակին, հայտնի պատճառներով մերժել է տոնակատարությանը մասնակցելու առաջարկը եւ ընդհանրապես չի գալու: Չնայած նրանց բացակայությանը, ասում են, թե նախագահ Քենեդիի հուղարկավորման օրվանից հետո ԱՄՆ մայրաքաղաքում միաժամանակ այդքան շատ ղեկավարներ առաջին անգամ են հավաքվում: Ի դեպ Քենեդիի հետ կապված տխուր հիշողությունները այս միջոցառման միակ բացասական զուգահեռը չեն: Բալկանյան ճգնաժամը հոբելյանական ծրագրերում շատ բան փոխեց: Այն միջոցառումը, որը ՆԱՏՕ-ի առաջնորդների մտահղացմամբ պետք է դառնար Սառը պատերազմում ալյանսի հաղթանակի տոնը, առիթ հանդիսանար թմբկահարելու Արեւմտյան արժեքների կենսունակությունը եւ հանդիսավոր կերպով ողջունելու կազմակերպության նոր անդամներին, ավելի շատ ռազմական շտաբի լայնացված նիստի է նմանվելու: Այս օրերին ԱՄՆ-ում տիրող տրամադրության դիպուկ բնութագիր է տվել հայտնի հրապարակախոս Ուիլյամ Սաֆայրը, որն իր հոդվածը երեկվա 8220New York Times8221-ում վերնագրել է «Տոնելով պարտությունը»: «Ատլանտյան ալյանսի 19 երկրները ծրագրել էին տոնել այն կազմակերպության 50-ամյա հոբելյանը, որը կանգնեցրեց ռուսներին: Փոխարենը նրանք նշելու են սեփական անկարողությունը՝ կասեցնելու Սերբիայի կողմից Կոսովոյի ալբանացիների վտարումը»: Նշելով, որ ՆԱՏՕ-ի ռմբակոծումները ամենեւին չխանգարեցին Միլոշեւիչին հասնել իր նպատակին, Սաֆայրը եզրակացնում է. «Սա ռազմական պարտություն է»: Ստեղծված իրավիճակը գնահատելիս քաղաքագետներն աշխատում են ավելի զուսպ բառեր օգտագործել, սակայն դրանք էլ բավական հոռետես են: Ըստ ԱՄՆ սենատի անդամ Ջոզեֆ Բայդենի, «եթե մենք չկարողանանք մեր նպատակներին հասնել Կոսովոյում, ՆԱՏՕ-ն որպես ալյանս ավարտված է»: Հասկանալի է, որ այսպիսի մթնոլորտում կազմակերպության անդամներին տոնակատարության փոխարեն սպասում է լուրջ եւ բավական լարված քննարկում ինչպես ՆԱՏՕ-ի արդի խնդիրների շուրջ, որոնցից ամենացավալին է Հարավսլավիայում ցամաքային գործողություններ սկսել-չսկսելու հարցը, այնպես էլ հեռանկարային ծրագրերի վերաբերյալ: Ակնկալվում է, որ Վաշինգթոնի գագաթաժողովի մեխը լինելու է կազմակերպության նոր ռազմավարական հայեցակարգի ընդունումը: «Սահմանափակ սուվերենիտետի դոկտրին» կոչվող այդ փաստաթուղթը նախատեսում է ՆԱՏՕ-ի դերի կտրուկ փոփոխություն եւ արդեն իսկ առաջացրել է Մոսկվայի կտրուկ դժգոհությունը: Խոսքը, փաստորեն, կազմակերպությունը «տարածաշրջանային ոստիկան» դարձնելու մասին է: Այն պետությունների ղեկավարները, որոնք առայժմ ՆԱՏՕ-ի անդամ չեն, նույնպես շատ բազմազբաղ են լինելու եւ լարված օրեր կանցկացնեն: Լեոնիդ Կուչման, օրինակ, ասաց, որ գնում է «ոչ թե հոբելյանը տոնելու, այլ Ուկրաինայի հիմնախնդիրները լուծելու»: Մասնավորապես, նա, ըստ երեւույթին, ի նկատի ուներ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Ուկրաինա-Վրաստան-Ադրբեջան-Մոլդովա միության շրջանակներում նախատեսվող հանդիպումը: Ի դեպ, մեր անմիջական հարեւանները նույնպես գնում են իրենց շահերը առաջ քաշելու: Այդ մասին մեկնելուց առաջ հայտարարություններ արեցին եւ Շեւարդնաձեն, եւ Ալիեւը: Ադրբեջանի նախագահը, հատկապես, պատմեց, թե ինչ ակնկալիքներ ունի Քլինթոնի մասնակցությամբ Քոչարյանի հետ հանդիպումից, ինչպես նաեւ տեղեկացրեց, որ պատրաստվում է տարածաշրջանային խնդիրներ քննարկել Մադլեն Օլբրայթի եւ երեք անդրկովկասյան պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ: Մեր նախագահն իր ծրագրերի մասին մանրամասն չպատմեց: Մենք գիտենք միայն, որ նա գնում է Վաշինգթոն՝ գնահատելով անմիջական շփումները: Ակնհայտ է, որ այդ շփումները բավական կոշտ են լինելու: Դժվար թե վերջին իրադարձությունները մեղմացրել են ԱՄՆ պետքարտուղարի բնավորությունը, որին վերջին շրջանում, համեմատելով Անգլիայի «երկաթե լեդի» Մարգրեթ Թետչերի հետ, լրագրողներն, ի նկատի ունենալով նրա բանակցություններ վարելու ձեւը, անվանում են «լեդի բուլդոզեր»: Դժվար է նաեւ ենթադրել, որ այդ շփումները, որեւէ կտրուկ փոփոխության կամ առաջընթացի բերեն: Սակայն, ամեն դեպքում, անժխտելի է, որ այս գագաթաժողովը կարեւորագույն նշանակություն ունեցող իրադարձություն է լինելու: Դրական թե բացասական՝ ժամանակը ցույց կտա: Ե. Կ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել