ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ
Թե՛ նախկին զինվորական դատախազ Գեւորգ Մարգարյանի, թե՛ ներկայիս դատախազ Գագիկ Ջհանգիրյանի իրար հաջորդած մամուլի ասուլիսները հարցականներ թողեցին գոնե մեր տպավորություններում, ուստիեւ հանդիպեցինք նախկին զինվորական դատախազ Գ. Մարգարյանի հետ որոշ հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով։
-Պարոն Մարգարյան, հասարակության մեջ լայն արձագանք գտավ Վ. Խորխոռունու սպանության բացահայտման գործում Գ. Ջհանգիրյանի «դերի» մասին մարտյան ասուլիսում Ձեր արած հայտարարությունը։ Դրանից մոտ մեկ ամիս անց անդրադառնալով այդ հարցին՝ վերջինս նշեց, որ Հ. Թումանյանը մի հեքիաթ ունի…
– Այդ քաղաքացին հեքիաթ պատմեց, վաղը կարող է նույն հաջողությամբ երգել, պարել կամ արտասանել։ Հուսով եմ, որ ինձ չեք առաջարկելու կարծիք հայտնել նրա կատարողական ունակությունների մասին։ Ի դեպ, ձեզ մոտ տարակուսանք չի՞ առաջացնում այն հանգամանքը, որ ձեր նշած «գործիչը» հայտարարում է, թե ինքը եւ զինվորական դատախազությունը որեւէ առնչություն չունեն Վ. Խորխոռունու սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության հետ, չնայած համապատասխան քննչական խմբի կազմում ընդգրկված են նաեւ զինվորական դատախազության մի շարք քննիչներ, եւ միաժամանակ այդ քրեական գործի հետ առնչություն չունեցողն ի լուր բոլորի հայտնում է, որ սպանությունն արդեն բացահայտված է եւ շուտով հասարակությանը հայտնի կդառնան պատվիրատուների եւ կատարողների անունները։ Փորձեք սրա մասին մի քիչ ավելի խոր մտածել։
Կարդացեք նաև
– Ձեր ասուլիսներում նշել էիք նաեւ, որ Պաշտպանության նախարարության որոշ պաշտոնատար անձինք ձեզ խոչընդոտում էին բացահայտել հանցագործությունները։ Ի պատասխան դրան, Գ. Ջհանգիրյանը հայտարարեց, որ եթե դատախազը չի բացահայտում հանցագործությունը եւ քրեական պատասխանատվության չի ենթարկում իրական մեղավորներին, այդ մարդը դատախազ չէ ուղղակի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
– Նախ ես ասել էի, որ որոշ պաշտոնատար անձինք նախաքննական մարմնին չէին ներկայացնում կատարված դեպքերի վերաբերյալ իրենց ձեռքի տակ եղած տվյալները, որպեսզի նպաստեին նախաքննության բազմակողմանիության եւ լրիվության ապահովմանը, այլ՝ այդ մասին խոսում էին դեպքերից բավականին ժամանակ անց՝ կոլեգիայի նիստերում, խորհրդակցություններում։ Ես, իհարկե, կռահում եմ, թե ինչ նպատակներ էին հետապնդում այդ անձինք։ Իմ խոսքերի հավաստիության մեջ կարող եք համոզվել, ծանոթանալով իմ մասնակցությամբ անցկացված կոլեգիայի վերջին նիստի սղագրությանը։ Երկրորդ, այդ երեւույթի կապակցությամբ ես, որպես դատախազ, ձեռնարկել եմ օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները։ Եթե հիշում եք, ասուլիսի ժամանակ շատ հանգամանորեն խոսվեց այդ մասին։ Երրորդ՝ համաձայն եմ, որ եթե դատախազը չի բացահայտում հանցագործությունը եւ պատասխանատվության չի ենթարկում բոլոր իրական մեղավորներին, նա իր տեղում չէ։ Հարցրեք այդ դատախազին, արդյո՞ք քրեական պատասխանատվության են ենթարկվել բոլոր այն անձինք, ովքեր անցյալ տարի դաժանաբար ծեծել էին Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազության քննիչին։ Տեղին է հիշեցնել Հ. Թումանյանի մի հեքիաթի հերոսի մասին եւս՝ Քաջ Նազարի։
– Ձեր ասուլիսից հետո զոհված զինվորների մի քանի ծնողներ մամուլի տան մոտ…
– Ես չէի ուզենա, որ մենք խոսեինք վշտի մեջ գտնվող այդ մարդկանց մասին։ Դրա հաջորդ օրն ինձ զանգահարեց զոհված զինծառայողի մի ծնող եւ հաստատեց իմ այն կարծիքը, որ այդ «շոուն» կազմակերպված էր որոշ ուժերի կողմից։ Ընդ որում, այդ ծնողին արգելել էին մասնակցել «ներկայացմանը», երբ նա հայտնել էր, որ ցանկանում է հակառակ բովանդակության հայտարարություն անել։ Ես կարող եմ ձեզ տալ այդ կնոջ տվյալները, որպեսզի ինքներդ զրուցեք նրա հետ։ Ի դեպ, մամուլի տան մոտ հավաքվածները հիմնականում խոսում էին այն մահվան դեպքերի մասին, որոնք տեղի էին ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եւ դրանցով իմ աշխատած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազությունն իրավասու չէր նախաքննություն կատարել։ Դա այլ կառույցների ֆունկցիան էր։
Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ