Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՏՐԱԿԸ ԵՎ ԽԱՐԱԶԱՆԸ» ՇԱՐՔԻՑ

Ապրիլ 23,1999 00:00

«ՄՏՐԱԿԸ ԵՎ ԽԱՐԱԶԱՆԸ» ՇԱՐՔԻՑ ՀՀ սոցիալական ապահովության նախարար Գագիկ Եգանյանը պատասխանում է «Առավոտի» հարցերին: -Պարոն Եգանյան, լրացավ ձեր պաշտոնավարման մեկ տարին։ Դա շնորհավորելո՞ւ բան է։ – Կարծում եմ, երեւի՝ չէ։ Իհարկե, լավ է, երբ քեզ նկատել են, քեզ ճանաչել են, քեզ վրա են դրել այդ պատասխանատվությունը։ Որպես անձ, այդ առումով ցանկացած մարդ իրեն շոյված կզգա։ Այդ առումով կարելի է շնորհավորել։ Բայց մյուս կողմից խզվում են սոցիալական գրեթե բոլոր կապերդ։ Ես նկատի ունեմ ընտանիքիդ, ծնողներիդ, ընկերներիդ, բարեկամներիդ քիչ տեսնելը։ Այդ առումով չի կարելի շնորհավորել։ Այն պատասխանատվության առումով, որ դու զգում ես քեզ վրա, քո կողմից առաջարկվող կամ կատարվող քայլերի հետեւանքում (հազարավոր ընտանիքների մի մասը՝ գոհ, մյուսը դժգոհ է լինելու) էլի շնորհավորելու բան չկա։ – Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ մամուլը հաճախ է ձեզ հիշում եւ հաճախ՝ ոչ դրական առումով։ – Միանշանակ ասեմ, հաճելի չէ դա։ Բայց ես փորձեցի պարզել. երբ ինչ-որ մի քայլ բացասական է գնահատվում, ինչն է պատճառը։ Մի քանի պատճառներ կարող են լինել։ Նախ, արածդ քայլն, իրոք, մտածված չի եղել, երկրորդը՝ արածդ քայլը մտածված է, ուղղակի լրագրողը իրազեկ չի եղել եւ երրորդը՝ լրագրողն ուղղակի ցանկանում է, թեկուզեւ իրազեկ է եղել, ուրիշ ասպեկտով նայել, ուրիշ ձեւով գնահատել։ Որովհետեւ դա ընթերցող գտնելու ավելի լավ ճանապարհ է։ Երրորդ պատճառի դեպքում ես ոչինչ չեմ կարող անել։ Այդ ժամանակ ես փիլիսոփայորեն մտածում եմ՝ Աստված իր հետ։ Մյուս երկու պատճառների դեպքում ես ինքս եմ լրագրողի հետ աշխատում եւ փորձում իրեն իրազեկ դարձնել, ԶԼՄ-ների համար առանձին բրոշյուրներ, բուկլետներ տպագրել, բազմացնել։ – Այդ երեք դեպքերից ո՞րն է ավելի հաճախ պատահում։ – Դժվար է ասել։ Երե՛քն էլ։ Սակայն հիմա կարող եմ ասել, որ երկրորդ դեպքը քչացել է։ Եթե հիշեք՝ հունվար-փետրվար ամիսներին նորմավորված էլեկտրաէներգիայի հետ կապված շահարկումներ եղան։ Ես զգում էի, որ մարդիկ ուղղակի չեն հասկացել՝ որն է դրա սկզբունքը, ինչպես է այն հաշվարկվել։ Ես փորձեցի ինքս բացատրել լրագրողներին, եւ հիմա կարծես թե այդ մասին խոսակցություններ չկան։ Պետք է ուշադիր լինենք լրագրողների հետ, աշխատենք նրանց հետ։ Անպայման չէ նրանք համաձայն լինեն մեր արած քայլերի հետ, բայց գոնե իմանան՝ ինչպես են այդ քայլերն արվում, ինչի համար։ – Ընտանեկան նպաստի համակարգի ներդրման համար հավասարապես պատասխանատվություն են կրում ե՛ւ սոցիալական ապահովության նախարարությունը, ե՛ւ ընտանեկան նպաստի ներդրման հանրապետական շտաբը։ Ինչո՞վ է պայմանավորված, որ, որպես կանոն, շտաբի պետ Դավիթ Զադոյանը մի տեսակ ստվերում է մնում եւ լրատվամիջոցները… – Ստվերո՞ւմ է մնում։ Պրն Զադոյանը իր էությամբ ստվերում մնացող չէ։ Երեւի ճանաչում եք։ – Նկատի ունեմ այն, որ, որպես կանոն, պարզաբանումները մամուլին, այդ բրոշյուրներ բաժանելը կատարում եք դուք։ – Դե, բնական է։ – Բայց շտաբի պատասխանատվության բաժինն ավելի փոքր չէ։ Կարիքավորության աստիճանը հաշվելու չափանիշները սահմանել է շտաբը, իսկ մեզ բողոքող մարդիկ, որպես կանոն, ասում են՝ սոցապ նախարարությունը չափանիշները սահմանելիս այս կամ այն բանը հաշվի չի առել։ Այդ առումով եմ ասում, շտաբը ստվերում է մնում։ – Շտաբի իրավասություններն ուրիշ են։ Համակարգի մեթոդաբանությունը մշակվել է նախարարությունում՝ կառավարության ծրագրին համապատասխան։ Կիրառումն իրականացնում են սոցիալական ծառայությունները, որոնք մարզպետարանների կառույցներ են։ Եվ քանի որ նոր է կիրառվում, հազար ու մի խնդիրներ են առաջանում՝ կատարողական-կարգապահական խնդիրներից սկսած, մեթոդաբանական պարզաբանումներով ավարտված։ Եվ, բնականաբար, քանի որ կարգապահական խնդիրներ են եւ օպերատիվ հարցերով նախարարը կա, ստեղծվեց իր ղեկավարությամբ հանրապետական շտաբ։ Ես միանշանակ խիստ դրական եմ համարում այդ որոշումը եւ իր ակտիվ ներգրավումը այս գործի մեջ։ Իր բնավորությամբ այնքան օպերատիվ անձնավորություն է, այնքան հարցերի օպերատիվ լուծումներ են տրվել։ Պարզ է, մեթոդաբանության իմաստով շտաբի պետն ու անդամներն այնքան իրազեկ չեն, ինչպես նախարարության աշխատակիցները։ Բայց թե ընդհանուր համակարգն ինչպե՞ս պիտի աշխատի, ամեն մի մարմինն ի՞նչ դեր ունի, ֆինանսավորումն ինչպե՞ս պետք է հասնի… եւ այդ ամենի նկատմամբ՝ պահանջկոտություն, պահանջկոտություն, պահանջկոտություն։ Շտաբը դա ունի, եւ ես չէի ասի, թե ստվերում է։ «Մտրակը» հենց շտաբի ձեռքում է, որովհետեւ նախարարությունը այդ «մտրակի» առումով սոցիալական ծառայությունների նկատմամբ ուղղակի իրավասություն չունի։ Շտաբն էլ կարծես թե չունի։ Բայց պրն Զադոյանի պաշտոնի մեջ այդ խնդիրների լուծման հնարավորությունը կա։ – Մի քանի օր առաջ առողջապահության նախարարությունում հայտարարվեց, որ սոցապ նախարարության՝ կարիքավորների ցուցակը չի դրվել անվճար բուժսպասարկման ենթակա խմբերի ցանկում։ Ինչպե՞ս կբացատրեք դա։ – Խնդիրն այդքան դյուրին չէ՝ ում ընդգրկել պետական առողջապահական ծրագրերում։ Կարելի էր այն մոտեցումը կիրառել, որ ընտանեկան նպաստների ցուցակներում ընդգրկվածներով, որոնք պետականորեն համարվում են աղքատներ, ծածկվեն նաեւ պետական առողջապահական ծրագրերը։ Ես ինքս կողմ չեմ այդ մոտեցմանը։ Կողմ կարող եմ լինել այս համակարգն աշխատեցնելուց առնվազն մեկ տարի հետո։ Քանի որ այս համակարգն ինքնամաքրման պրոցես է անցնում։ Եվ նաեւ մեծ բարեփոխումներ ենք նախատեսել կատարել առաջիկայում համակարգում։ – Չափանիշների փոփոխություն հնարավո՞ր է, թե՞ ոչ։ – Կլինի, ամեն ինչ էլ ժամանակին կլինի։ – Ե՞րբ կիմանանք այդ մասին։ – Երբ լինի՝ կիմանաք։ Դա շատ նուրբ հարց է։ Յուրաքանչյուր մարդ իր կարծիքն ունի, իր չափանիշներն է առաջարկում։ Չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել։ Օրինակ, համակարգի անունը պիտի փոխենք, դարձնենք՝ աղքատության ընտանեկան նպաստ։ – Վերջապես մի բանն ասացիք։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել