Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյո՞ք բարոյական մարդ էր թեկնածուն»

Ապրիլ 23,1999 00:00

«Արդյո՞ք բարոյական մարդ էր թեկնածուն» Ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում Հայաստանի քաղաքացիներս ստիպված ենք լինում լսել (ավելին՝ հիշել) քաղաքական գործիչ-թաղային հեղինակությունների մականունները։ Իսկ նախընտրական այս շրջանում մականուն առ մականուն հիշատակում ենք նրանց։ Այլ կերպ հնարավոր էլ չէ՝ նրանք մեր ապագա պատգամավորներն են։ «Ես ումից եմ պակաս, որ» սկզբունքով եւ հիմնականում առանց մտավոր հարուստ պաշարի՝ հեղինակությունները եթե նստելու էլ են, ապա ուզում են նստել միայն պատգամավորական աթոռին։ Հետաքրքիր է, որ թաղային հեղինակություն-թեկնածուների մականունները հիմնականում նուրբ լսողության համար պարզապես տհաճ են։ Դրանք հաճախ քրեական արմատներ ունեն, հաճախ՝ պատմական ակունքներ։ Կան ստուգաբանության ու տրամաբանության չենթարկվող մականուններ, որոնցում գերակշռողը «ճ» տառն է։ Մականունների «համաշխարհային պատմության» մեջ, հատկապես Արեւմուտքում, մականունները քաղաքական գործիչներին կպչում են կա՛մ բառախաղերի միջոցով, կա՛մ անվան ու ազգանվան հապավումներով։ Եվ եթե բառախաղի կամ հապավումի արդյունքում բարեհունչ եւ հաջող մականուն է ստացվում, դրանով որոշ առումով պայմանավորվում է տվյալ գործչի հաջողությունը։ Հատկապես ընտրություններից առաջ։ Մեզ մոտ մականունների «ինստիտուտի» վերոնշյալ չափանիշները չեն գործում։ Մականունները կպչում են արտաքին «բարեմասնությունների» աչք ծակող ու գռեհիկ պահվածքի գործունեության տվյալ ոլորտի «սպեցիֆիկայի» տեր մարդկանց։ Նրանց մականունները շրջանառության մեջ են մտնում իրենց զավեշտական «բովանդակության» հետեւանքով։ Ժամանակի ընթացքում նա դառնում է հանրահայտ՝ փողոցի կամ թաղի մասշտաբով։ Իսկ որքան հայտնի է՝ «ՌՎ255 ՏոՕ255ջօՉՈպՑ». նրան հարգում են վաղ պատանեկությունն ապրող տղաները, «հեղինակության» ընկերները։ Ձեւավորվում է մի յուրօրինակ էլեկտորատ։ Մականունների որոշ տերեր արդեն պաշտոնապես դիմել են հանրությանը՝ հայտնելով, որ իրենք իրենց մականունների հետ անմիջական առնչություն չունեն, ներկայացրել են իրենց մականունների ստուգաբանությունը։ Պատմահամեմատական մեթոդներով ներկայացրել են դրանց պատճառահետեւանքային կապը։ Բայց դա նրանց ամենեւին չի ազատում պատգամավոր դառնալու անխուսափելիությունից։ Ամենեւին էլ պարտադիր չէ տիրապետել, ասենք, «համամարդկային» տարրական գիտելիքներին։ Կարեւորը պատգամավոր դառնալն է։ Չի բացառվում, որ նոր խորհրդարանի պաշտոնական լեզուն համարվի արգոն, իսկ օրենքներն ընդունվեն «ճշտի» ու «սըխալի» կամ, թեկուզ, «ղուշ եւ գիր» խաղի միջոցով։ Բայց ի՜նչ օրենքներ կունենանք… ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ Հ. Գ. Տեղական մականունների ծաղկաբույլի մի գողտրիկ փունջ ենք ներկայացնում. Պադոշ, Լիսկա, Բլբուլ, Դոդի Գագո, Ծաղիկ Ռուբո, Ճոյտ, Ճաճո, Մուկ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել