Օրերս վերստին խորհրդարան էր այցելել պատգամավոր Նվեր Չախոյանը։ Ի՞նչ եք կարծում, որեւէ օրենսդրական ակտի վրա աշխատելո՞ւ։ Միգուցե։ Սակայն մենք նրան տեսանք շատ ավելի երկրային գործի մեջ՝ Նվեր Չախոյանը աշխատավարձ էր ստանում։
Գանձապահուհին մի տեսակ անհարմար վիճակի մեջ էր, որովհետեւ Սարյանի պատկերով 20 հազար դրամանոց թղթադրամներ պետք է տար նրան, որոնք ոչ ոք չի համաձայնում վերցնել։ Սակայն, այս դեպքում եւս Նվեր Չախոյանը տարբեր էր մյուս բոլորից. սիրով ընդունեց 20 հազար դրամանոց թղթադրամները։ Իսկ նրա հետ հարցազրույցը սկսեցինք այսպես.
– Ինչո՞ւ չառաջադրվեցիք պատգամավորության թեկնածու։
– Պատգամավոր լինելու ցանկություն չունեմ։
Կարդացեք նաև
– Ինչո՞ւ։
– Այդ բեռը շատ էր ծանր այս անգամ։
– Պարոն Չախոյան, ես, իհարկե, «հիշում եմ», որ Դուք ամեն օր ելույթ եք ունեցել։ Իրոք, որ ծանրաբեռնված եք աշխատել։
– Ելույթ ունենալն ի՞նչ կապ ունի։ Ես մեծ աշխատանք եմ տարել հանձնաժողովում։
– Իսկ ո՞ր հանձնաժողովի անդամ եք…
– Ազգային անվտանգության, Ներքին գործերի, պաշտպանության հարցերի։
– Իսկ ի՞նչ օրինագծերի վրա եք աշխատե՞լ։
– Օրինակ՝ ներքին զորքերի, «Զինապարտության մասին» օրենքի։
– Դուք մնալո՞ւ եք Հայաստանում։
– Այո, այո։
– Բա որ ձեզ բռնեն։
– Ոչինչ, եթե հարկ կա եւ եթե իրենք գտնում են, որ պետք է ինձ բռնել ինչ-որ հիմնավոր պատճառներով՝ թող բռնեն։
– Իսկ որո՞նք են այդ հիմնավոր պատճառները։
– Նման պատճառներ գոյություն չունեն։
– Իսկ ի՞նչ եք կարծում, պարոն Չախոյան, ո՞վ կընտրվի պատգամավոր այն ընտրատարածքից, որտեղից դուք եք ընտրվել 1995 թվականին։
– Ձեր հարցադրումը շատ կասկածելի է։ Դժվար ընտրատարածք է, որովհետեւ 70 տոկոսը ինտելեգենցիա է, որին դժվար է որեւէ բանով խաբելը։ Նրանք պետք է հավատան, որ ընտրվողն, իրոք, պատգամավոր է լինելու եւ աշխատելու է իր ընտրատարածքի եւ պետականության համար։
– Լավ, որ պատգամավոր չդառնաք, ինչո՞վ պիտի զբաղվեք։
– Ինչով զբաղվում է ազգը, ինչով զբաղվել ենք մինչեւ պատգամավոր դառնալը։
– Ինչո՞վ, աֆղանական պատերազմո՞վ…
– Ոչ միայն, աֆղանական պատերազմը վերջացել է, եթե հարկ լինի՝ Յուգոսլավիա էլ կգնամ, բայց հիմա դրա հարկը չկա։
– Սերբերի կողմից ե՞ք, թե՞ կոսովցիների։
– Սերբերի։
– Ինչո՞ւ։
– Որովհետեւ սերբերը հարազատ են։ Որ նրանք դեմ են ՆԱՏՕ-ին, ուրեմն հարազատ են։
– Դուք նույնպե՞ս ՆԱՏՕ-ին դեմ եք։
– Բա ինչ եմ, որ դեմ չեմ, ով դեմ չի որ։
– Ռոբերտ Քոչարյանը։ Գիտե՞ք, որ նա ապրիլի 24-ին մասնակցելու է ՆԱՏՕ-ի 50-ամյակի տոնակատարություններին։
– Ոչ լսել եմ, ոչ էլ տեղյակ եմ։
– Համենայնդեպս, ո՞վ կուզենայիք, որ ընտրվեր ձեր ընտրատարածքից։
– Ում որ ընտրեն մեր ընտրատարածքի ընտրողները։
– Իսկ նրանք ո՞ւմ են ուզում ընտրել։
– Ընտրության օրը կերեւա։
– Իսկ ձեր ընտանիքն ինչպե՞ս է քվեարկելու։
– Այդ հարցը պարզ է։ Երեւակայիր՝ ոչ մեկին։
– Ի՞նչ է, բացի ձեզանից ուրիշ արժանավոր չկա՞։
– Չէ, ես կարծում եմ, որ թեկնածուների նկատմամբ մենք դիրքորոշումները կհստակեցնենք միայն նրանց ծրագրերը կարդալուց հետո։
– Վանո Սիրադեղյանը ո՞նց է։
– Տեղյակ չեմ, հարցրեք ՀՀՇ փոխնախագահներին։
Զրույցը վարեց
Ա. ԶԱՔԱՐՅԱՆԸ