Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱ-ՅԵ՜Ր

Ապրիլ 23,1999 00:00
hayer

Հայերը լինում են բազմատեսակ։ Հայերի մի տեսակ կա, որ կոչվում է կոմունիստ։ Նրանք պատրաստ են հանուն կոմունիզմի վերադարձի վառել-այրել ու ջարդել ամեն ինչ։ Նրանք կարող են հավատարմություն խաղալ գաղափարների որոշակի շրջանակի համար եւ քարկոծել-հայհոյել այն իշխանությանը, որն իրենցը չէ։

Հայերի մեկ այլ տեսակ՝ նախկին ֆրանսահպատակների որդիներ, դուստրեր, հարսներ ու փեսաներ կարող են օրերով հերթ կանգնել ֆրանսիական դեսպանատան առաջ դիմում-խնդրանքով, կենսագրություն-անցյալով ապացուցել, որ իրենք Ֆրանսիայի համար մեռնում են, ֆրանսիացիների արեւով են երդվում եւ ուզում են գնալ-մերվել-խառնվել ու մոխրանալ Ֆրանսիայի խորքերում։ Նրանք արհամարհած ունեն բոլոր մյուս տեսակի հայերին, կոմունիստներին՝ առաջին հերթին։ Բախտի բերմամբ բոցավառ հեղափոխական Ալ. Մյասնիկյանի արձանը ֆրանսիական դեսպանատան կողքին է, եւ հայերի այս երկու տեսակի խոր տարբերությունն ավելի էր աչքի զարնում։ Շարունակենք կոմունիստների հետքերով գնալ։

hajՎերջերս նրանց սիրած երթուղին հայտնի արձանից մինչեւ ԱՄՆ դեսպանատունն է։ Իսկ այս դեսպանատան մոտ արդեն բոլորովին ուրիշ խմորից հունցված հայեր են։ Սրանք ամերիկյան թրծվածք ունեն, ամերիկյան առոգանություն եւ ամերիկամետ են։ Այս դեսպանատան մոտ էլ հերթ է, մի կողմում՝ Ամերիկա գնացողներն են՝ իրենց թպրտացող սրտով, հյուպատոսին տեսնելու կարոտից տապակվող, իսկ մյուս կողմում՝ դարձյալ կոմունիստներն են՝ գողացված խրտվիլակի ախուվախով, կոմունիստական անցյալի հուշերով եւ թուքումրով։ Մեկնելու պատրաստ հայերը սրանց չեն սիրում, ծուռ-ծուռ են նայում. «Էլի եկան, հիմա հյուպատոսը կբարկանա ու բոլորիս կմերժի»։ Կմերժի-չի մերժի, կընդունի-չի ընդունի… Երեքնուկի թերթիկներ չեն պոկվում, բայց հյուպատոսին ներկայացվելիք թերթիկները պահպանվում են սուրբ գրքի պես։ Հա-յեր… Էս ինչ եք անում, հա-յե՜ր… Էս ինչ տարբեր եք։ Շարունակությունը՝ համապատասխան տրամադրության դեպքում։

Մ. Ե.

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԸ՝ ՋՐԱԳԻԾ

jragic

Շնորհակալություն ենք հայտնում Գեղարքունիքի մարզի թիվ 43 ընտրատարածքի վերաբերյալ թերթի արձագանքի համար։ Խնդրում ենք՝ անդրադարձեք պատգամավորության թեկնածու Վազգեն Պողոսյանի եւ Հակոբ Հակոբյանի կողմից տրվող ավելի մեծ չափերի ընտրակաշառքներին։ Նրանք երկուսով մեր ընտրատարածքի Ծովինար եւ Ածխաձոր գյուղերից յուրաքանչյուրում 50 հազար դոլարից ավելի կաշառք են տրամադրել, որ ժողովրդի համար ջրագիծ անցկացնեն։ Ներկայումս այդ աշխատանքները սկսված են։ Նրանք այդպիսով ձայներ են հավաքում եւ պատգամավոր են դառնում, սակայն նրանց մենք տեսնել չենք ուզում։ Խնդրում ենք ձեզ, մարդ ուղարկեք, որ տեղում տեսնեն, թե ինչպիսի շռայլ կաշառքներ են բաժանվում ժողովրդին։ Մենք չենք ուզում, որ նրանք փաթաթվեն մեր վզին եւ դառնան պատգամավոր։ Նախորդ ընտրություններին էլ են այս ձեւով ընտրվել։ Դիմել ենք ՆԳ բաժին, դատախազություն, ոչ ոք չի արձագանքել։

ԳՈՒՐԳԵՆ ԱՓԵՅԱՆ,

ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆ,

ԴԵՐԵՆԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ

Մարտունու շրջան, գյուղ Վարդենիս

Խորհուրդ ենք տալիս բոլոր ընտրողներին՝ կաշառքը վերցրեք, սակայն արեք այն, ինչ ուզում եք, ընտրեք նրան, ով ձեր սրտովն է։ Ի վերջո, կաշառք տվողները իրենց սեփական քրտինքի արդյունքը չեն բաժանում, այլ՝ ժողովրդի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930