Ամեն օր խմբագրություն են զանգահարում հարյուրավոր ընտրողներ եւ անհանգստացած հայտնում են, որ, չնայած հանրապետական մամուլն ամեն օր գրում է ճոխ ընտրակաշառքների մասին, բայց առ այսօր պատգամավորության որեւէ թեկնածու իրենց չի մոտեցել եւ որեւէ բան չի առաջարկել։ Այս առթիվ մեր թղթակիցը հանդիպեց պատգամավորության մի քանի «պուզատի» թեկնածուների (անուններն իրենց խնդրանքով չենք նշում), եւ նրանցից ստացավ մոտավորապես միեւնույն պատասխանը, այն է՝ քարոզարշավը պաշտոնապես դեռ չի սկսվել։ Իսկ նրանցից մեկը խնդրեց ընտրողներին փոխանցել բառացիորեն հետեւյալը. «Թող շատ չանհանգստանան, ամեն մեկին էլ մի բան կհասնի»։
ՎԱՏ ԼՈՒՐ
Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում ՀՕՖ-ը տոնում էր իր ծնունդը։ Հրավիրված հյուրերի ընտրանին խիստ խայտաբղետ էր, հավաքվել էին տիկին Կապուտիկյանը, սոցապ նախարարը տիկնոջ հետ, Ներսես Պոզապալյանը, բազմաթիվ այլ հայտնի ու անհայտ հյուրեր։ Համերգի ամենաթունդ պահին նկատեցինք, որ պարտերի աջ կողմի 3-րդ կարգի անկյունի աթոռին նստած է նույն ինքը՝ Սիրադեղյան Վանոն։ Մի՞թե անձամբ թռել-եկել է ՀՕՖ-ի 10-ամյակի խաթեր։ Ավելի ուշ «Վանոյից» պարզեցինք, որ նա ոչ Վանո է, ոչ էլ Սիրադեղյան, այլ՝ «ընդհակառակը»։ Իր իսկական անուն-ազգանունը կրկնօրինակը կտրականապես հրաժարվեց հայտնել՝ վախենալով, հավանաբար, Արտաշես Գեղամյանի հետապնդումներից։