Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակաշառք՝ մնայուն արժեքով

Ապրիլ 23,1999 00:00
vodka

Ընտրակաշառքն, ըստ իս, այնքան էլ վատ բան չէ։ Վատն այն է, որ տվյալ «օգնությունը» վերջանում է ընտրություններից անմիջապես հետո։ Բայց, բարեբախտաբար, բոլոր թեկնածուները չեն, որ այնպիսի «անցողիկ» նվերներ են բաժանում, ինչպես մեկ կիլոգրամ շաքարն ու կարագն են։

Կան թեկնածուներ, որոնք անցողիկի տեսքով լավ էլ մնայուն արժեքներ են նվիրում իրենց պոտենցիալ ընտրողներին։

Օրինակ, մեր պատգամավորներից մեկը (անունն ու ընտրատարածքը չենք նշում, որպեսզի չվիրավորենք նման օգնություն ցույց տված մյուս պատգամավորներին) որոշում է իր ընտրատարածքում գտնվող գյուղերի բնակիչներին ամանորի նվեր մատուցել։ Նոր տարվա նախօրեին գյուղերի բնակչության յուրաքանչյուր շնչին մեկական շիշ օղի նվիրվեց։ Նոր տարվան օղին դրվեց սեղաններին, բայց չխմվեց, ավելի ստույգ՝ խմվեց միայն փոքր մասը։ Օղին համտեսողները պատմում են, որ սկզբից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, կարծես ջրով բացած ացետոն ես խմում, իսկ հետո խմածի բերանից բավականին երկար ժամանակ երկաթգծի «շպալի» (փայտակոճի) հոտ է գալիս, այսինքն՝ խեժի, ձյութի, նավթի։

Վերոնշյալ «շպալի արաղի» բավական մեծ խմբաքանակ էր հավաքվել տներում։ Դե, գյուղ տեղ է, երեխաներն ու ծերերը՝ շատ, իսկ համարձակներն ու առանց տարբերակման ցանկացած «տաքացող» հեղուկ խմողները՝ քիչ։ Այստեղից էլ սկսվում է օղու շշերի «էպոպեան»։ Դրանք սեղանին չեն դրվում եւ պահվում են այլ առիթների համար, օրինակ՝ որեւէ ծերունի է մահանում, քառասունքին մարդը մի շիշ «շպալի արաղ» վերցրած՝ գնում է ցավակցելու։ Ցավակցվածներն էլ մի նման պատեհ առիթով օղին նվիրում են հարեւանին եւ այլն, եւ այլն։ Արդեն սկսվում է վար ու ցանքի շրջանը։ Գյուղացիները համոզված են, որ դաշտում, մաքուր օդին քրտնաջան աշխատելուց հետո, օղու մեծ մասը կօգտագործվի։ Իսկ եթե հանդերի մաքուր օդն էլ չլուծի գյուղացիների առջեւ ծառացած այս գերխնդիրը, նրանք որոշել են աշնանը մրգերի հետ խառնել եւ «վերաքաշել» օղին։ Ահա այսպիսի մնայուն արժեքների հետ գործ ունեն մեր ընտրողները։

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հ. Գ. Վերոնշյալ գյուղերում առայժմ ծանր թունավորման դեպքեր չեն գրանցվել, իսկ եթե բնակիչները հաղթահարեն այս խնդիրը, այլեւս ոչ մի էկոլոգիական աղետ նրանց չի սպառնա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930