Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՆԻՆԻ ԿԵՆԴԱՆԻ ԿԵՆԱՑԸ՝ ԱԶԱՏԱԿԱՆ ՕՂԻՈՎ

Ապրիլ 23,1999 00:00
toto

Երեկ հեղափոխության բոցաշունչ առաջնորդ, պրոլետարիատի հայր Վլադիմիր Իլյիչի ծննդյան օրն էր։

Մի պատմաբան ժամանակին ասել է՝ եթե Ալեքսանդր Ուլյանովը չլիներ, Վլադիմիր Ուլյանովին ոչ ոք չէր հիշի։ Մի լրագրող էլ ուզում է ասել՝ եթե Էջմիածնի շրջանի Լեռնամերձ գյուղը (Հայաստանի Կարմիր Կուբանը) չլիներ, Վլադիմիր Ուլյանովին դարձյալ ոչ ոք չէր հիշի։ Չէր հիշի, ու՝ վերջ, թեկուզ քայլում ենք կոմունիստների սարքած ասֆալտի վրայով, թեկուզ ապրում ենք կոմունիստների կառուցած տներում (մեծամասնականով), թեկուզ կոմունիստների ժամանակ ենք կրթություն ստացել (համամասնականով)։ Այս տողերը լեռնամերձցի մեր նոր ծանոթներին կրկին դուր չեն գա, երեւի կմտածեն՝ ուտող-ուրացող, եկաք, ժպտացիք ու դարձյալ ծաղրում եք։ Բայց հումորի զգացումը վատ բան չէ, ու լեռնամերձցիք կարծես թե դրանից մի քիչ ունեին։ Վլադիմիր Իլյիչի կիսանդրու պատվանդանին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրվեցին, իսկ հանդիսավոր արարողությունից մի քանի րոպե առաջ գյուղի հրապարակում բարձր-բարձր հնչում էր անհայտ մի երգչի մելամաղձոտ ձայնը. «Ո՞ւր է յարս գնացել…» (վերջին բառը մի քիչ երկարացված էր)։ Ծննդյան արարողությանը չէր մասնակցում ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը։ Նա գիշերը պետք է վերադառնար Կիպրոսից։

«Ծնունդդ շնորհավոր»

Առաջնորդի ծննդյան օրը հավուր պատշաճի նշվեց։ 14 երիտասարդ լեռնամերձցիներ կոմերիտական տոմսեր ստացան։ Տոմսերը կոմունիստական երանելի օրերից մնացած, չլրացված տոմսեր էին, հասկանալի է՝ հին համարակալումներով եւ թվերը՝ հասկանալի է՝ աստղաբաշխական։ Կոմկուսի շարքերն ընդունվեցին բազմաթիվ գյուղացիներ, նրանց եւս տոմսեր տրվեցին, սակայն նոր տոմսեր եւ ոչ թե հներից մնացածները։ Ամեն տոմս հանձնելիս Էջմիածնի շրջկոմի առաջին քարտուղար Սուրեն Եղիազարյանը դիմում էր լրագրողներին՝ տեսեք սեւ մազերով մարդիկ են ստանում, նկարեք, բայց վաղը սպիտակ մազերով մարդկանց կցուցադրեք։ Նորաթուխ կոմունիստների մեջ տարբեր տարիքի եւ սեռի մարդիկ էին։ Այլ կուսակցություններ գյուղում չկան՝ «մի երեք հոգի դաշնակ են»։ Բայց վեճ ու կռիվ չկա, համերաշխ են։

«Այսօրվա պայմաններում գյուղապետ եմ»

Լեռնամերձի գյուղապետ Ս. Միրզոյանն ասաց, որ ինքը ոչ թե «կոլխոզի» նախագահ է, այլ գյուղապետ։ Գյուղում 100 տնտեսություն կա, մոտ 500 բնակիչ, դպրոց… Այստեղ գյուղապետը դժվարացավ խոսքը շարունակել, ու մենք օգնելու համար հարցրինք՝ իսկ քանի՞ անասուն ունեք գյուղում։ Այ, այստեղ էր, որ գյուղապետը, չգիտես ինչու, վիրավորվեց, իբրեւ թե էդ ի՞նչ հարց եք տալիս, էդ հարցն ուրիշ տեղ տայիք։ Թե ինչո՞ւ նեղացավ, այդպես էլ չհասկացվեց, գուցե նրա համար, որ «էս ազիզ օրով» հարցը տեղի՞ն չէր։

Գյուղի դպրոցը, գյուղապետի ասելով, միջնակարգ է, գյուղի կանանց ասելով՝ ութնամյա, մանկապարտեզ չկա, աշխատատեղ չկա։ Իսկ Լեռնամերձի գլխավոր խնդիրը ոռոգման ջրի խնդիրն է։ Կոմունիստների գնալուց ի վեր գյուղի դաշտերը մի կարգին չեն ոռոգվել, անձրեւի հույսին հողագործություն կլինի՞։ Ընկեր Մովսիսյանին էլ (գյուղնախարարին եւ կենտկոմի նախկին քարտուղարին) Լեռնամերձը նամակ է գրել, բայց ջուր տվող չկա։ Կանայք հոգնած են, չարքաշ կյանքով ապրող, տարիքից ավելի տարիքով երեւացող, տղամարդկանց 30%-ը մեկնել է ռուսաստանները։ Այստեղ նաեւ եզդիներ են ապրում։

Լեռնամերձցիք հավատարիմ են Լենինի գործին, լրջորեն հավատում են, որ եթե կոմունիստները հետ գան, ապա իրենք լավ կապրեն։ Առաջարկում ենք ՀԿԿ Կենտկոմին՝ Լեռնամերձին, որպես հավատարիմ գյուղ, օգնել, որ մարդիկ ոռոգման ջրի խնդիրը լուծեն։ Քանի՜ կոմունիստ պատգամավոր կար խորհրդարանում. մի ամբողջ խմբակցություն։ Բոլորովին լուրջ եմ գրում, առանց հեգնանքի, լեռնամերձցիների փոխարեն ուրիշը լիներ, կվիրավորվեր՝ ծնունդից-ծնունդ եւ նոյեմբերից-նոյեմբեր են հիշում, թող միանային եւ ոռոգման ջրագիծ գցեին։ Այս իշխանությունը չի անում, իրենք ինչո՞ւ են իրենց Կարմիր Կուբանն անջուր թողնում։ Գյուղի 160 հա հողատարածքից միայն 80 հա է սեփականաշնորհված, մնացածը ոռոգման ջրի պատճառով չի մշակվում։

Հոտընկայս՝ Լենինի կենացը

Բարսեղյանների օջախում հատուկ էին պատրաստվել առաջնորդի ծնունդին. ե՛ւ խորոված կար, ե՛ւ քյուֆթա, նույնիսկ ծննդյան տորթ էր թխվել։ Տանտերերը հյուրասեր էին եւ սրտաբաց, երաժշտություն էլ կար։ Իսկ Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար Յուրա Մանուկյանը «հարգելի սեղանակիցներին» ստիպեց (լրագրողներին նույնպես) երեք անգամ հոտընկայս խմել Վլադիմիր Իլյիչի կենացը։ Խմվեց, բայց ով մտքում ում կենացը խմեց, խորը գաղտնիք մնաց։ Այլ կենացներ եւս խմվեցին՝ օրինակ, ընկեր Բադալյանինը, որը Կիպրոսից զանգահարել էր ու շնորհավորել Լենինի ծնունդը։ Իսկ Էջմիածնի շրջկոմի առաջին քարտուղար ընկեր Եղիազարյանը ընկեր Մանուկյանի գաղափարակից եղբայրն է եւ նրանց տանը բոլորը կոմունիստ են՝ «նույնիսկ շունը կոմունիստական է հաչում»,- ասաց ընկեր Մանուկյանը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Լեռնամերձ գյուղից ոչ ոք պատգամավորության թեկնածու չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930