Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիոլոգիայի նոր հորիզոններ

Ապրիլ 23,1999 00:00
Lyudmila Harutyunyan

Երեկ Արմենպրեսի սրահում տեղի ունեցավ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, տնտեսական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանի ասուլիսը, որը երկար էր սպասվել լրագրողների կողմից եւ բազմիցս գովազդվել էր մեր թերթում։ Օրվա բանախոսը ներածական խոսքում համառոտ վերլուծեց աշխարհաքաղաքական իրավիճակը երկրում, անբռնազբոսիկ հետադարձ հայացք նետեց ներքաղաքական զարգացումների վերջին դեպքերին։ Այնուհետեւ ընդհանուր գծերով ներկայացվեց մեր արժանապատիվ ապագան։ Տիկին Հարությունյանը, կարեւորելով իշխանության գործադիր մարմինների (մասնավորապես՝ վարչապետի) դերը հասարակական բազմաշերտ երեւույթների կառավարելիության ընթացքում, հառաջաբանորեն (a priori) ընդգծեց սոցիոլոգիայի դերը՝ որպես սրսուռ գիտություն։

Անդրադառնալով հայ կնոջ մենթալիտետի առեղծվածին, պրոֆեսոր Հարությունյանը նշեց, որ մոտ ապագայում դա առեղծված էլ կմնա։ Ժամանակակից հայ սոցիոլոգիան շարունակաբար կաղում է ալտերնատիվ սոցիոլոգիական գործիքներով ոչ բավարար հագեցվածությունից։

Լրագրողներն անընդհատ փորձում էին զրույցի կենտրոնում պահել հասարակության նախընտրական զարգացումների ոլորտը։ Բանախոսը համառոտ ներկայացնելով վերջին հարցումների արդյունքները, նշեց, որ ձախամետ հասարակական սպասումների եւ աջամետ կառավարության միջեւ ճեղքվածքը իր խորությամբ մոտ 68 տոկոսով գերազանցում է բյուջեի դեֆիցիտը։ «Թե մինչեւ երբ» հարցին պատասխանելով՝ կարեւորվեց սոցիալական բազայի ձեւավորման գործում անհրաժեշտ ու որոշակի թվով գործարար գործազուրկների ներգրավման անհրաժեշտությունը կառավարման համակարգում։ Այլապես կվտանգվի ապագայի արժանապատվությունը, այն կդառնա խոցելի եւ անաբազիս։ Գիտությանն արդեն հայտնի է, որ նախնադար չի եղել։ Վերջին հետազոտություններն ապացուցեցին՝ Սարաեւոյում կրակոցներ նույնպես չեն եղել, եւ առաջին համաշխարհային պատերազմը պատմական սխալ էր։

ԴԱՎԻԹ ԿԱՐՄԵՆՅԱՆ

«Առավոտը» բարձր է գնահատում իր կողմից սիրված գիտնականի հումորի զգացումը, եւ տիկին Հարությունյանի ասուլիսին կանդրադառնա նաեւ վաղը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930