Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱԴՈՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է

Ապրիլ 23,1999 00:00
Arshak Sadoyan

Նախորդ օրը տպագրել էինք Եվրոպայի խորհուրդ մեկնող ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի մեկնաբանությունները, թե ինչու Արշակ Սադոյանը ընդգրկված չէ Ստրասբուրգ մեկնող՝ իրենց խմբի կազմում։ Այսօր իր տեսակետներն է ներկայացնում Արշակ Սադոյանը։

– Ճիշտն ասած, դեռ մինչեւ հիմա էլ ես հստակ պատասխան չեմ ստացել եւ պաշտոնապես միայն «Առավոտ» թերթից իմացա, որ ընդգրկված չեմ պատվիրակության կազմում։ Խնդիրը հեռախոսով փորձեցի պարզել Խոսրով Հարությունյանի հետ։ Պատասխանը բավականին հեղհեղուկ էր, ինչից ելնելով էլ ես պաշտոնապես հիմա ուզում եմ հայտարարել՝ երբ որ խորհրդարանական պատվիրակության կազմում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին էի մասնակցում՝ հարց բարձրացրի, թե, նկատի առնելով Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը, պետք է ամենայն ուշադրություն դարձնել խորհրդարանական ընտրությունների ընթացքին՝ իբրեւ Եվրոպայի խորհրդին անդամակցել ցանկացող երկրում տեղի ունեցող իրադարձության։ Առաջարկեցի նաեւ մեզ օժանդակել, որպեսզի միասնական, համաձայնեցված խմբեր ստեղվծեն կուսակցությունների ներկայացուցիչներից, որոնք կհետեւեին ընտրությունների ընթացքին, որպեսզի դրանք ազատ, արդար եւ թափանցիկ բովանդակություն ունենան։ Բնական է, որ նման մոտեցումները պատվիրակության ղեկավարի՝ Արմեն Մարտիրոսյանի եւ, հավանաբար, նաեւ Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի կողմից դրական ընկալում չունեցան։ Բնական է նաեւ, որ նրանք ամեն քայլ պետք է անեին ընտրությունների նախաշեմին ինձ մեկուսացնելու եւ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ շփումներ ունենալու հնարավորությունից զրկելու համար։

Կարծում եմ, որ ամենեւին էլ պատահական չէ, որ ինձ չեն ընդգրկում այդ պատվիրակության կազմում։ Եթե պատվիրակության կազմում թափուր տեղ կա, ապա այն պետք է օգտագործել, որովհետեւ ամեն մի մասնակցի ներկայությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, դրական դեր է խաղում։

«Հանրապետություն» խմբակցությունն առաջադրել է միայն մեկ անհատի թեկնածություն։ Պետք է հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ «Շամիրամ» խմբակցությունը Եվրոպայի խորհուրդ է ուղարկել իր բողոքի նամակը՝ պատվիրակության կազմի վերաբերյալ։ Այս պարագաներում ամենեւին էլ պատճառաբանված չէ ԱԺՄ կուսակցության ներկայացուցչին Եվրոպայի խորհուրդ մեկնող պատվիրակության կազմում չընդգրկելը։ Դա ուղղակիորեն վկայում է մեկ բանի մասին՝ կա լուրջ վտանգ, վախ, որն ունեն Խոսրով Հարությունյանը, այսօրվա իշխանավորներն ընդհանրապես, թե ԱԺՄ-ն հետեւողականորեն պայքարելու է եւ հասնելու է այն բանին, որպեսզի լուրջ աջակցություն լինի Եվրոպայի խորհրդի կամ եվրոպական մյուս կառույցների կողմից, մեզանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար։

Խոսրով Հարությունյանը, որն ընտրական բավականին բարդ պրոցեդուրայի մեջ է ընկել, բնականորեն ամենայն ջանք պետք է գործադրի, որպեսզի նման դիտորդական առաքելությունը անհրաժեշտ որակը չունենա։

Զարմանում եմ, երբ ասվում է, թե ես իբր ըմբռնումով եմ վերաբերվել Եվրոպայի խորհուրդ մեկնող պատվիրակության կազմում չընդգրկվելուն։ Ես հենց սկզբից եմ ասել, որ Եվրոխորհրդի կողմից ճիշտ չի ընկալվի ակնհայտ մի հանգամանք՝ եթե ազգային-ժողովրդավարական ուղղվածություն ունեցող քաղաքական ուժի ներկայացուցիչը հանվի պատվիրակության կազմից։ Չնայած այս հասկանալի փաստարկին, կասկածելի ձեւակերպումներով ասվում է, թե դա ըմբռնումով է ընդունվել։ Նման բան գոյություն չունի։ Ես ուղղակիորեն դատապարտում եմ նման քայլը։ Կարծում եմ, որ այդպիսի մոտեցումը սոսկ մեկ միտում ունի. այն փորձ է՝ ընդդիմությանը մեկուսացնել Եվրոպայի խորհրդի աշխատանքներից։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930