Լրահոս
Օրվա լրահոսը

Վասն միասնության

Ապրիլ 22,1999 00:00
Jirayr Pogosyan

Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին զուգահեռ հրաժարական տված սակավաթիվ պաշտոնյաների ցանկում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանը։

Այս հրաժարականն առիթ տվեց մի շարք հայտարարությունների. այս հրաժարականը ցույց տվեց, որ հիմնադրամը քաղաքականացված կառույց է եւ, որ այսուհետ այն պետք է իրոք միավորի ողջ հայության ջանքերը։ Մինչդեռ վերջին մեկ տարվա փորձը լրիվ ուրիշ իրողություններ բացահայտեց։ Հիմնադրամին հաջողվեց հավաքել՝ նույնիսկ նախորդ տարիներին հավաքվող գումարի կեսը։ Ապրիլի 19-ին հոգաբարձուների եւ լրագրողների մի խմբի Ստեփանակերտ հրավիրելը հիմնադրամի համար ուներ մեկ կարեւոր նպատակ՝ ցույց տալ, որ այդ հիմնարկությունը դեռեւս կենդանի է եւ կատարում է որոշակի քայլեր։ Առաջին հանգրվանը Լաչին-Ստեփանակերտ ավտոճանապարհի Լաչինի հատվածում էր, որտեղ տեղադրված հուշաքարը ծանուցում էր, որ այդտեղ կառուցվելու է Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միասնությունը խորհրդանշող հուշարձան։

Հենց այս հուշաքարի մոտ էլ հանդիպեցին Երեւանից եւ Ստեփանակերտից ժամանած բարձրաստիճանները։ ԼՂՀ վարչապետ Ժիրայր Պողոսյանը, երեւանյան թղթակիցներին մեղադրելով առանձնանալու մեջ, հրավիրեց զրույցի, կանխավ մեղադրելով մեզ, ղարաբաղցի-հայաստանցի հակասությունները ուռճացնելու համար։ Պարոն Պողոսյանը միամիտ լրագրողներիս բացատրեց, որ միջազգային իրավիճակի թելադրանքով իրենք ստիպված են խաբել միջազգային ուժերին, ներկայացնելով՝ որ կան երկու անկախ հայկական պետություններ։ Իսկ եթե մենք խոսենք միասնական պետության մասին, ապա միջազգային ուժերը մեզ կմեղադրեն ագրեսիայի մեջ։ Իր ասածը պատկերավոր դարձնելու համար վարչապետը պատմեց Պըլը Պուղու հետ կապված հետեւյալ անեկդոտը. «Պըլը Պուղին գյուղ է գնում։ Սկսում է անձրեւ գալ։ Այդ պահին անցնում է մելիքներից մեկը, որը Պուղուն ծաղրելով ասում է, թե կթրջվես։ Պուղին դրանից հետո հանում է հագուստը, կապում էշի փորին եւ հագնում միայն գյուղ մտնելիս։ Թրջված, «ինչպես թան ընկած մուկ» մելիքը հարցնում է Պուղուն՝ թե ինչպե՞ս հաջողվեց չոր հասնել գյուղ։ «Անձրեւի կաթիլների արանքով եկա»,- պատասխանում է Պուղին»։ Այս անեկդոտից պետք է եզրակացնել, որ Ղարաբաղի իշխանություններն էլ են այդպես անձրեւի կաթիլների արանքով քայլել։

Այնուհետեւ պարոն Պողոսյանը բացատրեց, թե ինչու են ղարաբաղցիներին «շուռ տված հայեր» անվանում։ Կոմունիստական ռեժիմի կազմավորման ժամանակ ղարաբաղցիները իբրեւ թե մնացել են Ադրբեջանի կազմում իրենց կամքով, այդ պատճառով էլ կպել է այդ անունը։ Ինքը՝ Ժիրայր Պողոսյանը Հայաստան է եկել 1959 թվականին, եւ 32 տարի Հայաստանում ապրելուց հետո վերադարձել է Ղարաբաղ։ Եկել է իր որդիական պարտքը ծնողների հանդեպ կատարելու համար, վարչապետությամբ զբաղվում է ձեռքի հետ։ «Ես իմ ընտանիքը բաժանել եմ երկու մասի, կնոջս ասել եմ՝ դու քո երեխաներին պահի, ես՝ իմ»։

«Դուք բաժանվա՞ծ եք»,- զարմացավ «Հայք» թերթի թղթակից Մհեր Արշակյանը։ ««Զագսով՝ ոչ։ Ես իմ կնոջը շատ եմ սիրում։ Ես իմ կնոջը հանդիպելուց երկու տարի հետո եմ նշանվել եւ 5 տարի էլ նշանված ենք մնացել»։ Ստեփանակերտում հանդիպեցինք նաեւ ԱԺ պատգամավոր (նաեւ թեկնածու), Լաչինի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանին։ «Ինչո՞ւ եք նորից ուզում պատգամավոր ընտրվել։ Մի՞թե վարչակազմի ղեկավարի պաշտոնը ձեզ չի գոհացնում» հարցին պարոն Հակոբյանը պատասխանեց, որ ինքը քաղաքական գործիչ է եւ ցանկանում է մնալ այդպիսին։ Հավաստեց, որ իր ընտրատարածքում առաջադրված Հին կռուգի Ռոստոմին առաջարկել է հանել իր թեկնածությունը։ Նա պայման է դրել, որ դա կանի միայն այն դեպքում, եթե իր թեկնածությունը հանի նաեւ Ղռերի Ավոն։ Նա էլ ուրիշ պայման է դրել. «Փաստ է, որ ոչ մեկն էլ իր թեկնածությունը չի հանել»,- դառնությամբ արձանագրեց Ալեքսան Հակոբյանը։ Մի մանրամասն եւս, երբ ֆրանսահայերից մեկը Ալեքսան Հակոբյանին ասաց, որ շատ է նման Սամվել եւ Կարեն Բաբայաններին եւ դա պատիվ է բերում իրեն, Ալեքսան Հակոբյանը ավելացրեց՝ «իրենց նույնպես»։

Ստեփանակերտում բացվեց ֆիզիկամաթեմատիկական գիշերօթիկ դպրոցի եւ հանրակացարանի համալիրը։ 50 երեխայի եւ 6 ուսուցչի համար նախատեսված հանրակացարանը, սքանչելի դպրոցն իր խաղասրահներով ու մարզադաշտով սքանչելի նվեր է Ստեփանակերտի դպրոցականներին։ Սակայն այս շենքի շինարարությունը եւս սկսվել է 2 տարի առաջ, եւ հիմնադրամի ներկա ղեկավարության հաջողությունը չի կարելի համարել։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930