«Ես ձեզ խնդրում եմ, մի հատ եկեք էդ շենքը նկարեք, տպեք, որ պարզ լինի, թե քանի կոպեկ արժեն Ռոբերտ Քոչարյանի նախընտրական խոստումները»,- հեռախոսով խնդրեց Արարատ քաղաքի մի բնակիչ։
Զուտ մայրաքաղաքային կաղապարներից դուրս գալու համար էր, որ որոշեցինք անդրադառնալ Արարատի այդ առանձին վերցրած մեկ շենքի ճակատագրին։ Չնայած, չի կարելի ասել, թե Երեւանում էլ բնակարանային շինարարությունը մի կարգին վիճակում է։ Եվ ինչպես Երեւանում՝ այնպես էլ այստեղ, նույն վերջին տարիներին հիմնականում հոյակերտ առանձնատներ են վեր խոյացել։ Արարատում մեզ խիստ հիացրեց, օրինակ, բազմագույն քարերով կառուցված այս դղյակը, որի տերերը, պարզել ենք, հաստատ նախկին իշխանավորները չեն։ Մի երկհարկանի առանձնատուն էլ որպես «ջիջիլ» աղետալի արագությամբ վեր է հառնում հենց կենտրոնի թիվ 37 բնակելի շենքին կից։ Այդ շենքն, ի դեպ, արդեն 13 տարի անավարտ է։ Արարատ քաղաքի գլխավոր ճարտարապետ Վարդան Զովելյանը մեզ պատմեց, որ այդ տարածքում նախկինում երկհարկանի հին շենքեր են եղել, դրանք քանդել եւ 4 հարկանի քարե շենքեր կառուցելու որոշում են կայացրել։ «Հայկոմուննախագիծ» ինստիտուտը 1986-ին ավարտել է նախագծման աշխատանքները, եւ սկսել են շինարարությունը։ Երկրաշարժից հետո աշխատանքներն առժամանակ դադարել են։ Վերանախագծել են 9 բալի հաշվարկով եւ 6-ամսյա ընդմիջումից հետո շարունակել աշխատանքները։ «Շատ քիչ՝ ընդամենը 5 մլն դրամի աշխատանքներ կատարվեցին հետագա տարիներին, հետո շինարարությունը դադարեց։ Մինչեւ անցած տարի»,- ասաց պրն Զովելյանը։
Ահա այստեղ էլ վերադառնանք այն հեռախոսազանգին, որն Արարատ մեկնելու առիթ դարձավ։ Մեր զրուցակիցը պատմել էր, որ 1998-ի մարտին նախընտրական ընտրարշավի ընթացքում նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն Արարատ էր այցելել եւ խոստացել այս շենքն ավարտելու համար 40 մլն դրամ հատկացնելու հարցը լուծել։ Հուսավառված այս խոստմամբ՝ շինարարներն անգամ ինչ-ինչ աշխատանքներ էին սկսել, բայց քանի որ հատկացումն այդպես էլ չէր եղել՝ անիվն, այսպես ասած, հետ էին պտտել։ Քաղաքի գլխավոր ճարտարապետին խնդրեցինք ճշտել արարատցու այս վերջին տեղեկությունը. «Չէ, դա նախ վաղուցվա պատմություն է։ 1988-ին «պանելներն» ու «կարկասը» տեղադրված էին (սույն շինարարական տերմինների թարգմանությունն ինձ, ավաղ, հայտնի չէ- Ա. Ի.)։ Բայց դա շինարարների սեփականությունն էր, ոչ քաղխորհրդի կամ կոմունալ նախարարությանը։ Պիտի նրանց վճարեինք, որ տեղադրումը կատարեին։ Քաղխորհուրդը փող չուներ՝ շինարարներն էլ իրենց ապրանքները հետ վերցրին»։
Խնդիրն այն է, որ մինչեւ Քոչարյանի այցելությունը անցած տարի 40 մլն դրամ արդեն իսկ տրամադրվել էր՝ Արարատի մարզպետ Դավիթ Զադոյանի հետ պայմանավորվածությունների շնորհիվ։ Իսկ Քոչարյանը պիտի տանիք դառն… կներեք, նրա շնորհիվ պիտի շենքի ծածկի, «տանիքավորման» (այս տերմինը պրն Զովելյանինն է) ու նաեւ կոմունիկացիոն մասնակի խնդիրները լուծվեին։ Իսկ հիմա թիվ 37 անավարտ շինարարական օբյեկտն առանց ներքին հարդարման՝ առանց դռների, բազրիքների եւ այլնի է։ Այսինքն, ընդամենը շենքի կմախքը կա. մնացածն ավարտին գուցե բնակիչները կհասցնեն՝ վերանորոգման համար ծախսելով մոտավորապես այնքան գումար (շուրջ 5 հազար դոլար), որքան պետք կլիներ մեկ սենյականոց բնակարան գնելու համար։
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, Երեւան վերադառնալուց հետո որոշեցինք Ռոբերտ Քոչարյանին հիշեցնել իր այս խոստման մասին։ Նախագահի մամուլի գրասենյակի ներկայացրած տեղեկատվությունից պարզ դարձավ, որ այն չեն էլ մոռացել։ Նախընտրական ողջ խոստումները գրառված են հատուկ մատյանում։ «Արագած» գործարանի ճակատագրի, Արարատ գյուղի խմելու ջրի խնդրի եւ համանման ընդգրկուն շուրջ 30 հարցերի ցանկում է այս շենքն ավարտին հասցնելու համար 40 մլն հատկացնելու խոստումը։ Նախագահի մամուլի գրասենյակից պարզաբանեցին, թե «որոշվել էր անհրաժեշտ գումարը տրամադրել կապիտալ շինարարության գծով 1999-ի տենդերների արդյունքում խնայված միջոցների հաշվին»։ Այնպես որ, արարատցինե՛ր, 13 տարի սպասել եք՝ մեկ տարի էլ դիմացեք։
Իսկ ընդհանրապես, նախագահի մամուլի գրասենյակի ղեկավար Հասմիկ Պետրոսյանը հիշեցրեց, թե ինչ ժամկետով է ընտրվում նախագահը։ «Եվ նրա խոստումներն էլ 5 տարվա համար են»։
Իր անունից էլ խոստացավ, որ «Առավոտին» առաջիկայում փաստաթղթեր կտրամադրվեն, որոնք հնարավորություն կընձեռեն ավելի որոշակի անդրադառնալ հանդիպումների ընթացքում Ռոբերտ Քոչարյանի խոստումների իրականացման, բնակիչների արծարծած խնդիրների լուծման ընթացքին։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, ամիսներ առաջ Արարատ իր այցի ընթացքում վարչապետ Արմեն Դարբինյանն էլ է այս շենքի շինարարությունն ավարտին հասցնելու վերաբերյալ խոստումներ տվել։