Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի տեսլականը Աղվան Վարդանյանի ծիրին մեջ

Ապրիլ 22,1999 00:00
Agvan Vardanyan

ԱԺ առաջիկա ընտրությունների ժամկետի մոտենալուն զուգընթաց ավելանալու են պատգամավորության թեկնածուների ասուլիսները, անկախ այն հանգամանքից՝ նրանք որեւէ կոնկրետ ասելիք ունեն, թե՝ ոչ։ Մանավանդ որ նրանց համար որոշ լրատվամիջոցներ սիրահոժար սրահ են տրամադրում։

Ու թեպետ ապրիլի 21-ին Հայ FM 105,5 ռադիոկայանի «Տակառիկ» հաղորդման հյուր Աղվան Վարդանյանը հայտարարեց, թե սա ՀՅԴ ներկայացուցչի ասուլիս է, այլ ոչ թե պատգամավորության թեկնածուի, այդուհանդերձ, կարծում եմ, որ ասուլիսը հօգուտ թեկնածուի էր, այլ ոչ թե ներկայացուցչի։ Ինչեւէ, ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը չհամաձայնեց, թե ՀՅԴ համամասնական ցուցակում մեծ թիվ են կազմում հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցները։ Ա. Վարդանյանը նշեց, թե ցուցակում աշխատակազմից ընդգրկված են ընդամենը նախագահի խորհրդական, ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը եւ եւս 2 հոգի. «Պարոն Թումանյանը, որ խորհրդական է վերջին շրջանում, դարձյալ իր պրոֆեսիոնալ, անձնական կենսագրությունը նկատի առնելով է ներկայացված Դաշնակցության ցուցակում։

Այնպես որ, ենթադրել, թե նախագահական աշխատակազմի մի ստվար մաս Դաշնակցության ցանկում է եւ դրանից հետեւություններ անել՝ կարծում եմ, ճիշտ չէ»,- նշեց Ա. Վարդանյանը։ Նա կրկնեց բազմիցս իր կուսակիցների կողմից շեշտված «թեզը», թե Հայաստանում նախագահի կողմից իրականացվող քաղաքականության շատ կետերի հետ ՀՅԴ-ն համաձայն է (դա վերաբերում է արտաքին քաղաքականության տեղաշարժերին եւ ներքին քաղաքականության դրական միտումներին), բայց բազմաթիվ այլ հարցեր (մասնավորապես կառավարության տնտեսական քաղաքականությանը վերաբերող) ՀՅԴ-ին չեն բավարարում։ Պարոն Վարդանյանը միանշանակ ժխտեց այն միտքը, թե իշխանությունն իրականացնում է դաշնակցության ծրագրային քաղաքականությունը։

Հետաքրքիր է, որ ՀՅԴ ներկայացուցիչ Ա. Վարդանյանը դրականորեն գնահատեց եղեռնի օրը ՀՀ նախագահի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, միաժամանակ նաեւ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հետ հանդիպումները. «Կան ռեալ իրողություններ, կա ռեալ աշխարհ, որտեղ մենք ապրում ենք, եւ սա պայմանավորել ինչ-որ ցեղասպանության օրով եւ այլն՝ ես ճիշտ չեմ համարում։ Եթե մենք փորձելու ենք ինտեգրվել համաշխարհային գործընթացներին՝ պահելով-պահպանելով մեր ազգային ինքնուրույնությունը, մեր մրցակցության կարողությունն այս տարածաշրջանում եւ աշխարհում, փորձելով ապահովել մեր ժողովրդի իսկապես նորմալ բնականոն կյանքը՝ նման խնդիրները պետք է լուծվեն իրատեսական հարթության վրա. որեւէ վտանգավոր բան այստեղ չեմ տեսնում»,- նշեց Ա. Վարդանյանը։

Բայց ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպիսին կլիներ ՀՅԴ-ի դիրքորոշումը, եթե նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդպես վարվեր՝ պարոն Վարդանյանն, այնուամենայնիվ, «վտանգ տեսավ». «Անձամբ ես արդեն պատասխանեցի նախորդ հարցի հարցադրման ժամանակ։ Երբ որ հարցը տրվում է եւ նույնացվում է՝ ապրիլի 24-ին ճիշտ է հանդիպել, թե ոչ… բայց կա միջազգային շատ մեծ համաժողով եւ այնտեղ պետությունների ղեկավարների մասնակցությունը, կարծում եմ, պարտադիր է։ Այս պահին դժվարանում եմ պատասխանել վերջնական, բայց, կարծում եմ, որ նորմալ է։ Ի վերջո, Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ վերաբերմունքը կար նաեւ այլ առումով, իր իրականացրած արտաքին քաղաքականությունը կարող էր ընկալվել որպես նման հանդիպման մի դրսեւորույթը, երբ որ դու այսօր պատրաստ ես քո ազգային խնդիրներով իսկապես զիջումների չգնալ, կամ իրատեսական եւ ռեալ լուծումներով, ոչ թե պարտվողական գնալ։ Սա այլ հարթություն է, ցավոք, Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունն ինչ-որ առումներով հատվում էր այդտեղ»,- նշեց Աղվան Վարդանյանը։

Բնականաբար, ասուլիսի հիմնական թեման ընտրություններն էին, եւ պարոն Վարդանյանն անդրադարձավ Հայաստանի 3-րդ հանրապետությունում երբեւէ կայացած բոլոր ընտրություններին ընդհանրապես։ Նա նշեց, թե առաջին անգամ է, որ դաշնակցությունը հնարավորություն ունի ինքնուրույնաբար, առանձին մասնակցելու ԱԺ ընտրություններին եւ հայաստանյան քաղաքական կյանքում իրական դերակատարություն եւ կշիռ ունենալ։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930