Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ՝ ԱՌԱՆՑ ՍԱԴՈՅԱՆԻ

Ապրիլ 22,1999 00:00
Armen Martirosyan

Այնպես ստացվեց, որ հարցազրույցի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերեցի ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ, որը պիտի գլխավորի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին մասնակցելիք Հայաստանի պառլամենտական պատվիրակությունը, սակայն մինչ հանդիպման օրը կգար, նա արդեն փոխարտգործնախարար էր։ Արմեն Մարտիրոսյանը 38 տարեկան է եւ արտգործնա- խարարությունում համակարգելու է Եվրոպայի խորհրդի հետ կատարվող աշխատանքներն ու տնտեսական ոլորտը։

Այս դեպքում, մեր զրույցը նրա հետ վերաբերում էր ապրիլի 26-30-ը Ստրասբուրգում տեղի ունենալիք հերթական խորհրդարանական վեհաժողովին առնչվող հարցերին։ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի մայրաքաղաք է մեկնելու` Արմեն Մարտիրոսյան, Գայանե Սարուխանյան եւ Ֆրունզե Խառատյան կազմով։ Մինչեւ հունիսի 17-ը Ստրասբուրգում է գտնվելու նաեւ մեր պատվիրակության քարտուղարը՝ Շմավոն Շահբազյանը։

Արմեն Մարտիրոսյանից տեղեկացանք նաեւ՝ հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է մշակումներ կատարի Եվրոպայի խորհրդի 50-րդ տարեդարձը մեզանում նշելու համար։ Կլինեն ցուցահանդեսներ, համերգներ, հեռուստահաղորդումներ՝ նվիրված եվրոպական կառույցներին։ Կլինեն նաեւ գերատեսչությունների ներկայացուցիչների, քաղաքական դեմքերի ելույթներ՝ թե ի՞նչ է Եվրոպան ընդհանրապես, որին մենք ձգտում ենք ինտեգրվել. «Ես Եվրոպան համարում եմ Հայաստանի արտաքին քաղաքականության երկրորդ պրիորիտետը՝ Ղարաբաղից հետո»։

Եվրոպական ներկա գործընթացների մասին պատմող նյութերը կցուցադրվեն ու հանդիսություններն էլ ծայր կառնեն ապրիլի 25-26-ից հետո։

Արմեն Մարտիրոսյանը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ապրիլյան առաջիկա նիստը կարեւորում է նաեւ այն հիմքով, որ այն վերջինն է մեզանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ Մեր պատվիրակությունն արդեն պայմանավորվածություններ է ձեռք բերել Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական ղեկավարության, պատվիրակությունների հետ, որպեսզի հանդիպումների ընթացքում վերջիններիս, եւ, դրանով իսկ, ամբողջ Խորհրդարանական վեհաժողովին ներկայացնի Հայաստանի մոտեցումները, խնդիրները, ինչպես նաեւ խնդրանքները։ Կխոսվի այն մասին, թե մեզանում ինչ է արվել դատաիրավական բարեփոխումների, մարդու իրավունքների, ինչպես նաեւ ժողովրդավարացման առումով։ Կներկայացվեն նաեւ խորհրդարանական ընտրություններին նախորդող գործընթացները, որովհետեւ «Հայաստանի անդամակցության հարցն, այսօրվա դրությամբ, համենայնդեպս, միանշանակորեն կախված է առաջիկա խորհրդարանական ընտրություններից»։

Ինչ վերաբերում է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի օրակարգին, ապա նկատի առնելով, որ այն շատ ծավալուն է, ինչպես նաեւ հաշվի առնելով ԱԳՆ կարծիքը, մեր պատվիրակությունը կունենա ընդամենը 3 ելույթ։ Դրանք վերաբերելու են խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի հաշվետվությանը, Խորվաթիայի փախստականների եւ տեղահանվածների վերադարձի հարցին, ինչպես նաեւ Եվրոպայի տրանսպորտային քաղաքականությանը։ Հիմնական մոտեցումները եւ ուղղությունները մշակված են։

Հայկական կողմը, Արմեն Մարտիրոսյանի ներկայացմամբ, կարեւորում է հատկապես տրանսպորտային քաղաքականությունը, եւ համարում, որ այն պետք է դառնա մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը։ Այն հիմքով, որ անցյալ անգամ Ստրասբուրգ էր մեկնել նաեւ Արշակ Սադոյանը, իսկ այս անգամ նա չկա պատվիրակության կազմում, հարց ուղղեցինք Արմեն Մարտիրոսյանին։ Պատասխանն այսպիսին էր. «Արշակ Սադոյանը մեր ակտիվ, ընդդիմադիր պատգամավորներից է։ ԱԺ նախագահը, օգտվելով կանոնակարգով իրեն վերապահված լիազորություններից, որպես ընդդիմության ներկայացուցչի, նրան ընդգրկել էր պատվիրակության կազմում»։ Բայց, քանի որ դրանից հետո հետեւել էր «Հանրապետություն» միավորման բողոքի նամակը Եվրոպայի խորհրդին, ԵԽ ԽՎ արարողակարգային հանձնաժողովը, Արմեն Մարտիրոսյանի վկայությամբ, պահանջել էր, որ մեկ տեղ հատկացվի պառլամենտական այդ միավորին։ «Նրանք շեշտեցին, որ ոչ թե անհատական տեղ է հատկացվում, այլ տեղ՝ ընդունելի թեկնածուի համար՝ «Հանրապետություն» միավորումից»։

«Հանրապետություն» միավորումը, բացի Հովհաննես Իգիթյանից, այլ թեկնածու չի ներկայացրել, ուստի ԱԺ նախագահը պատվիրակությունը կազմավորել է՝ այդ մեկ տեղը թափուր թողնելով, ինչը Արմեն Մարտիրոսյանի խոսքերով, Ստրասբուրգից են խնդրել։ «Այս ամենը ԱԺ նախագահը բացատրել է պարոն Սադոյանին։ Ես ինքս նույնպես նրան ցավով ասել եմ՝ ափսոսում եմ, որ իբրեւ ակտիվ պատգամավոր, նա հնարավորություն չի ունենա մասնակցել ԵԽ ԽՎ նիստին։ Կարծում եմ, որ պարոն Սադոյանը դա ըմբռնումով է ընկալել։ Որքան ինձ հայտնի է, անցյալում Խոսրով Հարությունյանը քանիցս դիմել է «Հանրապետություն» միավորմանը, եւ նրանք միշտ ներկայացրել են Հովհաննես Իգիթյանի թեկնածությունը, որը ԱԺ նախագահը նպատակահարմար չի գտել»։ Մեր զրույցի ավարտին Արմեն Մարտիրոսյանի հետ անդրադարձանք եւս մեկ հարցի։ Խոսրով Հարությունյանը հանդես եկավ Եվրոպայի խորհրդի 50-րդ տարեդարձը նշող Ազգային կոմիտե ստեղծելու նախաձեռնությամբ, սակայն այդ մարմնի ղեկավար նշանակվեց արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Այստեղ քաղաքական կամ անձնական խնդիրներ փնտրելու անհրաժեշտություն չկա»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Այդ որոշումն ընդունվել է Եվրոպայի խորհրդի երաշխավորությամբ, որ բոլոր երկրներում էլ արտգործնախարարները գլխավորեն Ազգային կոմիտեները։ Այդ որոշումը, Արմեն Մարտիրոսյանի վկայությամբ, անդրադարձ չի ունեցել նաեւ ԱԺ նախագահի գործունեության վրա՝ ԵԽ-ին առնչվող հարցերում։ Ավելին՝ վերջին շրջանում ԱԺ-ի եւ ԱԳՆ-ի միջեւ կա առողջ համագործակցություն։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930