Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԸ «ԺԱՐԻՏ» ԵՆ ԱՆՈՒՄ

Ապրիլ 22,1999 00:00
Robert Amirxanyan

Ամեն մի հայ կոմպոզիտոր իր կյանքի ինչ-որ հատվածում անդրադարձել է «Հայաստան» թեմային։ Բազմաթիվ «Իմ Հայաստան» երգեր կան։ Անգամ ՀՀ վարչապետ Արմեն Դարբինյանը կոմպոզիտոր եղած տարիներին ունի Հայաստանի մասին երգ։

Ահավասիկ, եկել է այդ երգերը օգտագործելու ժամանակը։ Կուսակցություններն այնքան շատ են, որ նույնիսկ երգերը քչություն են անում։ Խորհրդարանական ընտրությունների շնորհիվ իշխանությունների ու հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեցին կոմպոզիտորները, ասել է, թե՝ մշակույթը։

Օրերս տարբեր աղբյուրներից տեղեկացանք, թե «Միասնություն» (Վազգեն Սարգսյան եւ Կարեն Դեմիրճյան) դաշինքն իր նախընտրական տեսահոլովակների համար մեղեդի է ընտրում։ Ըստ այդ աղբյուրների, ընտրությունը հիմնականում կատարվում է Ռոբերտ Ամիրխանյանի «Հայաստան» երգի (Երազի երկիր մեր Հայաստան…), որը հայոց նոր բանակի հիմներգն է, եւ Արմեն Սմբատյանի «Հայաստան» երգի միջեւ։ Չար լեզուներն ասում են, թե Ա. Սմբատյանի եւ Ռ. Ամիրխանյանի միջեւ սառը վեճ է ընթանում, թե ո՞ւմ երգը պետք է «Միասնությունն» ընտրի։ Այս առիթով Հանրապետական կուսակցության փոխնախագահ, դաշինքի նախընտրական շտաբի քարոզչական, վերլուծական եւ լրատվական բաժնի պատասխանատու Տիգրան Թորոսյանն ասաց. «Չեմ կարծում, որ որեւէ խնդիր կա այդտեղ, հակասության խնդիր էլ չկա, եւ չեմ բացառում, որ հոլովակները մի քանիսը կլինեն՝ տարբեր երաժշտություններով»։

Տ. Թորոսյանը չէր ցանկանում այդ մասին հիմա խոսել, իրենց խոհանոցը բացել. «Զուտ աշխատանքային խնդիրներ են, որոնք հասարակական քննարկման նյութ չպիտի դառնան»։ Ասաց նաեւ, որ միայն այդ երկու երգերը չեն, կան նաեւ ուրիշ կոմպոզիտորների ստեղծագործություններ, սակայն որեւէ մեկին դեռ նախապատվություն տրված չէ։ Պրն Թորոսյանի հավաստմամբ, ոչ թե կոմպոզիտորներն իրենք են առաջարկել իրենց երգերը, այլ՝ դաշինքն է ընտրել. «Քանի որ այդ մեղեդիների մեծ մասը հայտնի են, իրենց ներկայացնելու կարիքը չկար եւ մրցույթ էլ չի հայտարարվել։ Եղած երգերից ընտրվել են նրանք, որոնք, մեր կարծիքով, ավելի ամբողջական են ներկայացնում միասնության գաղափարը, մեր նպատակներն ու ցանկությունները»։

Թեեւ արդեն մեզ հայտնի էր, որ ՀՀ վարչապետ Արմեն Դարբինյանն իր «Հայաստան» երգը ափալ-թափալ նախապատրաստում է «Արժանապատիվ ապագա» կուսակցության համար, այնուամենայնիվ, Տիգրան Թորոսյանին հարցրի.

– Իսկ վարչապետի երգը չե՞ք ընտրի։

– Իհարկե՝ ոչ,- բազմանշանակ ժպիտով մերժեց նա։

Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, որը Նոր-Հաճընի թիվ 58 ընտրատարածքում մեծամասնական համակարգով իր թեկնածությունն է առաջադրել, դեմ չէր իր երգի օգտագործմանը. «Եթե այդ երգիս մեջ սիմվոլ են տեսնում, կարող են օգտագործել, այդ երգն արդեն ինքնուրույն ապրում է ամեն մեկի սրտում»։

-Ճի՞շտ է, որ երկընտրանքի առջեւ է կանգնած «Միասնություն» դաշինքը՝ ձե՞ր, թե՞ Արմեն Սմբատյանի երգն ընտրի։

-Ուզում են՝ թող Արմենի երգն ընտրեն։ Իմ այդ երգն արդեն 26 տարի ապրում է, «Հայի աչքերից» էլ առաջ է անցել։ Իսկ Արմենի երգը դեռ կյանք մտնելու խնդիրներ ունի։

(Ի դեպ, երեկ երեկոյան մի խումբ հայեր ճաշում էին սրճարաններից մեկում ու ամեն բաժակից հետո երգում՝ «Երազի երկիր մեր Հայաստան…»)։

– 26 տարեկա՞ն, ըհը՛, ամուսնացնելու ճիշտ ժամանակն է…

– Ուզում եմ ամուսնացնել Արմենի երգի հետ…,- կատակեց Ռ. Ամիրխանյանը։

Իսկ թե ինչպիսի սերունդներ կտան այդ երկու երգերը «Միասնություն» դաշինքի տանիքի ներքո, դեռ չկարողացավ կռահել Ռ. Ամիրխանյանը։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930