Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԼԵԱԽԱՌՆ

Ապրիլ 21,1999 00:00
qreakan

Երկու օր առաջ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Դ. Վարդանյանին, ինչպես նաեւ մեզ է ուղարկվել Վաչագան Դադայանի (Արեշի Պելե) նամակը։

Պելեն հայտնում է, որ նախկինում ինքը եւս գտնվել է հետապնդումների մեջ. «Ինձ երկու անգամ ձերբակալեցին զենք ու զինամթերք կրելու համար։ Առաջին անգամ ինն ամիս ինը օր հետո դատարանի դահլիճից ազատվեցի՝ արդարացմամբ, մոտ մեկ տարուց ավելի հեռացա հանրապետությունից, վերադառնալով Երեւան՝ նորից զենք-զինամթերքի համար ձերբակալեցին, ՊԱԿ-ում ինը օր պահելուց հետո դատախազությունը քր. գործը կասեցրեց»։

Պելեն գրում է, որ չլինելով Արեւշատի գինու գործարանի նյութական պատասխանատու, ապօրինի քր. գործ է հարուցվել իր նկատմամբ, եւ որ գործարանը նրա նախկին մոսկվաբնակ սեփականատերը վաճառել է եւ այն ունի իր նոր սեփականատերերը (թվով՝ 3). «Ես՝ ունենալով նախկին սեփականատիրոջից ընդամենը ընդհանուր բնույթի լիազորագիր, դատարանին եմ ներկայացրել բոլոր փաստաթղթերը՝ հաստատված Արարատի մարզի պետնոտարի, պետռեգիստրի եւ ինվենտար բյուրոյի կողմից»։

Նրա կարծիքով իրական հանցագործները քողարկվում են, փոխարենը հետապնդվում եւ պատժվում են «անուն հանած, իրենց ոչ հաճելի մարդիկ»։ Նա մեղադրում է նաեւ 6-րդ վարչության աշխատակիցներին, որոնք «գալիս էին դատարան, ամբաստանյալներին տանում վարչություն», որի հետեւանքով էլ նրանց ցուցմունքները փոխվում էին։

Ավելի «հուզախառն» է նամակի ավարտը. Պելեն հայտնում է, որ իր վերջին դիմումն է ուղարկում Դ. Վարդանյանին. «Եթե նույնիսկ ի պաշտոնե չհսկեք եւ չուսումնասիրեք, ես էլի չեմ դժգոհի» եւ մեծահոգաբար նկատում է. «Ես գիտեմ, որ դուք այդքան ուժ էլ չունեք այս ծռմռված օրենքները հարթելու» եւ՝ որ նրան ավելի շատ Դ. Վարդանյանի խոսքն է պետք…

Այդ «չարաբաստիկ» գործարանի կողմից, պարզվում է, որ միայն 1997 թ. մայիսին պետբյուջե է մուծվել 60 մլն դրամ գումար, տրվել է 6,6 մլն դրամ աշխատավարձ, էլեկտրաէներգիայի-գազի դիմաց՝ 8,0 մլն դրամ, կենսաթոշակային ֆոնդին՝ 3,0 մլն դրամ, խաղողի դիմաց՝ 11,0 մլն դրամ… Եվ որ «առաքված ապրանքների դիմաց էլ սպասվում է 142,0 մլն դրամ գումար»։

Մերժել-մերժել մինչեւ վերջ

Երեկ «Կենտրոն» համայնքի առաջին ատյանի դատարանը մերժեց Պելեի եղբոր՝ Վարուժան Դադայանի հայցապահանջը՝ որով հայտնվել էր, որ նրա անձնական օգտագործման «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան «անօրինական» կալանքի տակ է պահվել ՀՀ գլխավոր դատախազության կարեւորագույն գործերի քննիչ Գ. Աբաջյանի կողմից, պատճառաբանությամբ, թե դա Վաչագանի մեքենան է, որի նկատմամբ քր. գործ է հարուցված։ Հայցվորն ասում է, որ Արարատի մարզի դատարանի դատավորն ու պետմեղադրողը իրեն պատասխանել են, որ մեքենան կապ չունի քր. գործի հետ եւ խորհուրդ են տվել դիմել դատարան։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Գ. Կարախանյանը մերժել է հայցապահանջը՝ ընդդեմ գլխավոր դատախազության, ՆԳ եւ ԱԱ նախարարության։

«Քանի դեռ Վ. Դադայանի վերաբերյալ քր. գործով դատավճիռ չի կայացվել եւ դատարանը իր խոսքը չի ասել ավտոմեքենայի վրա կալանք դնելու որոշման մասին, մեկ այլ դատարան ներկայացված հայցադիմումը ընդունել չի կարող»։

Պելեն գտնվում է հետախուզման մեջ եւ որքանով հայտնի է՝ հանրապետությունից դուրս։ Նոստրադամուս պիտի լինել՝ կանխագուշակելու համար, թե դատարանը երբ իր խոսքը կասի թե՛ ավտոմեքենայի, թե՛ Պելեի կալանքի մասին։ Մնում է «ձեռքի հետ» հարցնել. լավ, Պելեի եղբայրն ի՞նչ կապ ունի, նրա մեքենա՞ն է մյուսի մեղավորության պատճառը։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930