Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ «ԱՌԱՎՈՏԻՆ»

Ապրիլ 21,1999 00:00
Zolyan

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր պրն Ա. Աբրահամյանին

Հարգարժան պրն խմբագիր, ձեր թերթում ս. թ. մարտի 18-ին հրապարակված Ռ. Մահտեսյանի լայնածավալ «Եթե ռեկտորի պաշտոնը լիներ ընտրովի» հոդվածում որպես հետգրություն նշված է. «Հրապարակման մեջ բերված պնդումների համար պատասխանատու է հեղինակը։ Պատրաստ ենք հարապարակել նաեւ հակառակ կողմի տեսակետը»։ Պատիվ չունենալով ձեր թերթի աշխատակիցը լինել, ինձ որեւէ կերպ պարտավորված չեմ զգում հանդես գալ ձեր թերթի էջերում իմ «տեսակետի» շարադրմամբ, իսկ, հաշվի առնելով հոդվածի մակարդակը, առավել անպատվաբեր եմ համարում որեւէ բանավեճ ծավալել հոդվածի բովանդակության շուրջ։ Ձեր թերթի կողմից բերված ամեն մի «փաստի» վերաբերյալ պատրաստ եմ տալ բացատրություններ եւ տրամադրել հերքող փաստաթղթեր, սակայն ոչ թե ձեզ, այլ իրավապահ մարմիններին եւ դատարանին։

Ուստի մնում է ընդամենը տեղեկացնել ձեզ եւ ձեր թերթի ընթերցողներին, որ.

ա) ԵրՕԼԻ-ի Գիտխորհրդի կողմից ստեղծվել է հանձնաժողով՝ հոդվածում բերված «փաստերի» իսկությունը ստուգելու եւ արդյունքների մասին ինստիտուտի խորհրդին եւ աշխատանքային կոլեկտիվին իրազեկելու նպատակով (հանձնաժողովի եզրակացությունը կցված է)։

բ) Հաշվի առնելով, որ հոդվածում ինձ ներկայացված են վարչական եւ քրեական պատասխանատվություն ենթադրող մեղադրանքներ, հրապարակման առնչությամբ դիմել եմ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, միջնորդելով դատախազության առջեւ քննության առարկա դարձնել նշված հոդվածի բովանդակությունը, եւ ելնելով ուսումնասիրության արդյունքներից, օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկել կամ ինձ, կամ էլ իմ մասին՝ իրականությանը չհամապատասխանող զրպարտություններ տարածողներին։ Դատախազությանը ներկայացված են նաեւ հրապարակման բովանդակության հետ առնչվող փաստաթղթեր։

գ) Հարգելով ձեր՝ որպես խմբագրի, իրավունքը՝ հրապարակելու ցանկացած չստուգված եւ իրականությանը չհամապատասխանող «պնդում», բամբասանք, զրպարտանք եւ ասեկոսե, այնուամենայնիվ, գտնում եմ, որ հրապարակման համար պատասխանատու է ոչ թե ոմն Ռ. Մահտեսյան, այլ անձամբ դուք։ Ակնկալում եմ, որ մեր հետագա իրավահարաբերություններում դուք անձամբ հանդես կգաք որպես կողմ եւ մասնակից։ Ինչ վերաբերում է ինձ, ապա իրավունք եմ վերապահում զերծ մնալ ձեզ եւ ձեր թերթին այլեւս հարցազրույց կամ այլ նյութեր տրամադրելուց։ Երախտապարտ կլինեմ, եթե դուք դիմեք հակադարձ քայլի եւ զրկեք ինձ հետագայում ազգանունս ձեր թերթի էջերում տեսնելու հաճույքից։

Խնդրում եմ, ելնելով ձեր հետգրությունում արված խոստումից, ինչպես նաեւ «Մամուլի մասին» օրենքի պահանջներից, երեք օրվա ընթացքում հրապարակել այս նամակը եւ հանձնաժողովի եզրակացությունը, նախորդ հրապարակմանը համարժեք տպագրական ձեւավորմամբ։

ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆ

Երեւանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտի գիտական խորհրդի 24.03.1999 թ. թիվ 3 որոշմամբ ստեղծված հանձնաժողովը հանգամանալից քննարկեց «Առավոտ» թերթի 18.03.99 թ. 48/975 համարում տպագրված Ռուզան Մահտեսյանի «Եթե ռեկտորի պաշտոնը լիներ ընտրովի» հոդվածը։ Հանձնաժողովի հարցերի պարզաբանման համար հրավիրվել եւ ներկա էին .

1. Ա. Արշակյան– ինստիտուտի առաջին պրոռեկտոր,

2. Գ. Գասպարյան– ինստիտուտի ուսումնական գծով պրոռեկտոր,

3. Ռ. Կայծունի– պրոֆեսոր, հասարակագիտության ամբիոնի վարիչ,

4. Շ. Ներսիսյան– ինստիտուտի գլխավոր հաշվապահ,

5. Ռ. Մուրադյան– ինստիտուտի գլխավոր ինժեներ։

Հանձնաժողովը, ամենայն մանրակրկիտությամբ քննարկելով վերը նշված հրապարակումը, արձանագրեց հետեւյալը.

1. Հոդվածում բերված «փաստարկներն» ու նկատառումները բացարձակապես նպատակաուղղված են ինստիտուտի ռեկտոր պրն Ս. Զոլյանի, առաջին պրոռեկտոր Ա. Արշակյանի, ինստիտուտի գործունեության եւ ողջ կոլեկտիվի բարձր հեղինակությունն արատավորելուն եւ վարկաբեկմանը։

2. Հոդվածը լի է հերյուրանքներով, չարախոսությամբ եւ աղավաղումներով։

3. Հոդվածում տեղ էին գտել նաեւ իրականությանը մասամբ համապատասխանող փաստեր, սակայն դրանք աղավաղված են եւ լի են չարախոսությամբ։

4. Հոդվածում բերված տեղեկությունները եւ թվային արտահայտությունները նենգափոխված են եւ միտված՝ խեղաթյուրելու իրականությունը։ Դրանք բոլորը հերքվեցին բազմաթիվ փաստաթղթային ծանրակշիռ հիմնավորումներով։

5. Ներկայացված փաստաթղթերի եւ հիմնավորումների ուսումնասիրությունից ելնելով՝ հանձնաժողովը համոզված է, որ ինստիտուտում տարվում է հսկայածավալ աշխատանք՝ ուղղված

ա) ֆինանսա-տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը եւ արդյունավետ օգտագործմանը,

բ) աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը,

գ) ուսումնական եւ գիտական գործունեության բարելավմանը,

դ) ուսումնական գործընթացի կազմակերպման կատարելագործմանը,

ե) ուսանողների հետ արտալսարանային աշխատանքների կազմակերպմանը։

6. Պնդելով վերը բերվածը՝ հանձնաժողովը առաջարկում է սույն եզրակացությունը զեկուցել ինստիտուտի գիտխորհրդին եւ արհմիությանը։

7. Հանձնաժողովի նիստի սղագրությունը կցվում է։

Հանձնաժողովի կազմը.

1. Մ. Ամիրխանյան՝ պրոֆ., ռուս. գրակ ամբիոնի վարիչ

2. Է. Նուրալով՝ պրոֆ., գրականագիտության եւ արտ. գրակ. ամբիոնի վարիչ

3. Վ. Ստեփանյան՝ ռոմանագերմ. լեզուների ֆակուլտետի դեկան, երկրորդ օտար լեզվի ամբիոնի վարիչ

4. Ռ. Անանյան՝ հասարակագիտության ամբիոնի դասախոս, հանձնաժողովի նախագահ

5. Ա. Անանյան՝ ինստիտուտի իրավախորհրդատու

6. Է. Տեր-Վարդանով՝ լեզվահասարակագիտական ֆակուլտետի դեկան

7. Ն. Տատկալո՝ ռուսաց լեզվի գրականության եւ օտար լեզուների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար

8. Ս. Բաբայան՝ օտար լեզուների ֆակուլտետի դեկանի տեղակալ

9. Ս. Շահմուրադյան՝ ինստիտուտի գիտական քարտուղար, հանձնաժողովի քարտուղար

Ծանոթություն.

1. Իրեն խիստ նկատողություն հայտնելու եւ լեզվահասարակագիտական ֆակուլտետի 5-րդ կուրսում անցկացված քննության վերաբերյալ պրն Մ. Ամիրխանյանը ունի մասնավոր կարծիք (մանրամասն տես սղագրության 9-րդ եւ 11-րդ պայմանական մասերում)։

25.03.99 թ.,

Երեւան 

Ռուս գրականության ամբիոնի վարիչ, պրոֆ. Մ. Ամիրխանյանը հրաժարվել է ստորագրել։

Ռ. ԱՆԱՆՅԱՆ

Ս. ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930