Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԻԼ-86-ԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲՈՒՆ ԵՆ ԴՐԵԼ

Ապրիլ 21,1999 00:00
aviauxi

Ռուսական ճգնաժամի պատճառով կտրուկ նվազել է ուղեւորահոսքը ԱՊՀ երկրներ։ Այս պայմաններում «Հայկական ավիաուղիների» երեք ԻԼ-18 ինքնաթիռների շահագործումը տնտեսապես նպատակահարմար չէ։

Ամիսներով անգործության մատնել ինքնաթիռները, որոնցից յուրաքանչյուրն ունի մոտ 70 հոգիանոց անձնակազմ, կործանարար է թե՛ ինքնաթիռի տեխնիկական վիճակի, թե՛ անձնակազմի որակավորումը պահպանելու առումով, չհաշված միլիոնների հասնող ֆինանսական վնասը։

Ինչպես տեղեկացրեց ՀԱՈՒ-ի գործադիր տնօրենի տեղակալ Արարատ Սարգսյանը, «Հայկական ավիաուղիները» ԻԼ-86 ինքնաթիռների շահագործման համար կնքել է մի քանի փոխշահավետ պայմանագիր։ Մուսուլմանական ուխտագնացության օրերի առիթով «Նիգերիական ավիաուղիների» հետ կնքած պայմանագրի համաձայն, մարտի երկրորդ կեսից մեկ ԻԼ-86 իր անձնակազմով գտնվում է Նիգերիայում։ Ապրիլի 1-ին Նիգերիա մեկնեց երկրորդ ինքնաթիռը։ Մինչեւ ապրիլի 23-ը նրանք թռիչքներ կկատարեն Նիգերիա-Սաուդական Արաբիա-Նիգերիա երթուղով։ Վերադառնալուց հետո, համաձայն «Ատլանտսոյուզ» ավիաընկերության հետ կնքված պայմանագրի, երկու ԻԼ-86 ինքնաթիռները իրենց անձնակազմով մեկ տարի ժամանակով կմեկնեն Մոսկվա, որտեղից կիրագործեն թռիչքներ միջազգային երթուղիներով։

Վարձակալության պայմանագրեր են կնքված նաեւ ՏՈՒ- 154 ինքնաթիռների համար: Մի ինքնաթիռն արդեն երկրորդ ամիսն է գտնվում է Արաբական Էմիրություններում, շուտով կմեկնի երկրորդը։ Ութ հոգիանոց սպասարկող անձնակազմը ամիսը մեկ փոխվում է։ Ա. Սարգսյանը նշեց, որ այսօրվա ճգնաժամն ընդհանուր է ԱՊՀ բոլոր ավիաընկերությունների համար՝ Տաշքենդի, Աշխաբադի, Սվերդլովսկի, Նովոսիբիրսկի, Կրասնոյարսկի ավիաընկերությունները կանգնած են նույն խնդրի առաջ եւ չեն կարողանում «աշխատանքային շուկա ճարել»։ «Հայկական ավիաուղիների» համար այս խնդիրը համեմատաբար հեշտ լուծվեց, քանի որ մեր անձնակազմերը բարձր վարկ ու լավ համարում ունեն, ավիացիոն շուկայում հայտնի են որպես բարձրակարգ, գործիմաց, կարգապահ մասնագետներ։ Ապա զրուցակիցս կեսկատակ ավելացրեց, որ մեծ դեր են խաղում նաեւ անձնական կապերը, ծանոթությունը։

Ի դեպ, պարզվեց, որ «Նիգերիական ավիաընկերության» փոխնախագահը վերջինիս համակուրսեցին է, որի հետ սովորել են Կիեւում։

ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930