Հարգելի պրն խմբագիր,
ավելորդ չեմ համարում արձագանքել ապրիլի 20-ի ձեր թերթի ռեպլիկին, ուր պատմում եք «բուկլետի եւ կոնֆետի» եւ այլ «արտառոց փաստերի» մասին։ «Օրինախախտման»՝ ինձ ուղղված մեղադրանքը կարող էի լուրջ համարել, եթե պարզ չլինեին իրական աղբյուրներն ու մոտիվները։
Միայն մեկ պարզաբանում (ճշտում, հերքում, ինչպես կուզեք)։ ԱԺ մեծամասնական ընտրակարգով Երեւանի թիվ 12 ընտրատարածքում՝ ես՝ Նարինե Մկրտչյանս, ընդամենը առաջադրված թեկնածու եմ, իսկ նախընտրական քարոզչության պահանջներն ու արգելքները գործում են միայն առաջադրված թեկնածուի գրանցումից հետո։ Չնայած ես դեռ իրավունք ունեմ շարունակել կենսագրական թերթիկների բաժանումը (որոնց վրա, ի դեպ, չկա ոչ ընտրատարածքի մասին հիշեցում, ոչ «պատգամավորության թեկնածու» ձեւակերպումը), սակայն իմ ընտրաթիմը դրանց բաժանումը դադարեցրել է ս/թ ապրիլի 15-ին, ժամը 18-ին։
Նման կասկածների դեպքում, ընդամենը խորհուրդ եմ տալիս դիմել իրավաբանի՝ ստուգելու իրավական հիմքը։
Կարդացեք նաև
Ընդգծեմ, որ շարունակելու եմ պայքարել ազատ ընտրական համակարգի կայացման համար՝ կանխելու ընտրակեղծիքների յուրաքանչյուր դրսեւորում։ Սա՝ ի գիտություն եւ ի զգուշացում նրանց, ովքեր ընտրություններ անցկացնելիս հիշելու են միայն 1995-ի եւ 96-ի տխրահռչակ մեթոդները։
Կանխավ շնորհակալությամբ եւ համագործակցության ակնկալիքով՝
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ,
20.04.99 թ.
Հ. Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ապրիլի 19-ին ես գրանցվել եմ Մարզային ընտրական հանձնաժողովում։ Անհասկանալի է, թե ինչն է պարզաբանում, ճշտում կամ հերքում Նարինե Մկրտչյանը։ Սույն գրությունն, ի վերջո, հաստատում է մեր հրապարակումը, որ նա իր կենսագրությունը ներկայացնող բուկլետներ է բաժանել։ Ընդ որում, մեր հրապարակման մեջ նման պնդում չէր պարունակվում, թե բուկլետում նշված էր, որ Նարինե Մկրտչյանն այդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու է առաջադրված։ Նման անուղղակի քարոզչության վերաբերյալ օրենսդրության անկատարության, եւ ընդհանրապես, քարոզչության կանոնակարգման անհրաժեշտության խնդիրների արծարծումն այլ առիթի թողնելով՝ որպես բարի կամքի արտահայտություն մեջբերենք նույն հրապարակման հերոս Ռուբեն Եգորյանի այս առնչությամբ արձագանքը. «Իհարկե, մարդ պետք է կենսագրություն ունենա, որ բաժանի»։