ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր նախընտրական ծրագրերում առաջին տեղում հայտնվում է հանրապետության տնտեսական առողջացման հայեցակարգը։ Այս առումով բացառություն չի նաեւ «Միասնություն» դաշինքը։
Հարցազրույց Հանրապետական կուսակցության փոխնախագահ, դաշինքի նախընտրական շտաբի քարոզչական, վերլուծական եւ լրատվական բաժնի պատասխանատու Տիգրան Թորոսյանի հետ։
– Պրն Թորոսյան, «Միասնություն» դաշինքի նախընտրական ծրագրի շեշտադրումը ո՞ր ուղղությամբ է լինելու՝ ռազմահայրենասիրակա՞ն, սոցիալ-կենցաղայի՞ն, տնտեսակա՞ն, թե՞ որեւէ այլ։
– Արդեն ոչ մեկ անգամ դաշինքի ներկայացուցիչները հայտարարել են, որ շեշտադրումը լինելու է ոչ առանձին խավի վրա եւ ոչ էլ առանձին խնդրի վրա, քանի որ երկիրը գտնվում է ծանր սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վիճակում եւ անհրաժեշտ են համակարգային մոտեցումներ ու փոփոխություններ։ Այս տեսակետից ծրագրում կան մի շարք կարեւոր գաղափարներ, որոնք անհրաժեշտ է իրագործել, սակայն ծրագրում հստակորեն նշված է նաեւ, որ մենք այսօր երկրի տնտեսական առողջացումը համարում ենք նույնպիսի կարեւորագույն խնդիր հայության համար, ինչպիսին է Արցախի խնդիրը վերջին տարիների ընթացքում։ Եվ այդ տեսակետից երեւի կարելի է ասել, որ գլխավոր խնդիրը հենց տնտեսության առողջացման հարցն է, որովհետեւ մնացած բոլոր հարցերի լուծումը նույնպես անհնարին կլինի առանց տնտեսական ճգնաժամի հաղթահարման։
Կարդացեք նաև
– Իսկ ձեր տնտեսական ծրագրում ո՞վ է գլխավոր հերոսը՝ մասնավո՞րը, թե՞ պետության կարգավորիչ դերը։
– Մեր ծրագրով նախատեսվում է մեծացնել պետության կարգավորիչ դերը, սակայն դա չի նշանակում վերադարձ նախկին պլանային համակարգին։ Հակառակը. պետության դերի ուժեղացումը պետք է բերի շուկայական ազատ տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ միջավայր տնտեսական գործունեության համար, եւ միայն այդ դեպքում հնարավոր կլինի տնտեսական ճգնաժամը հաղթահարել։ Այսինքն՝ միջավայր, որտեղ մարդիկ ցանկություն կունենան ներդրումներ անել, որտեղ մարդիկ հանգիստ կլինեն, որ իրենց տնտեսական գործունեությունը կկարողանան շարունակել առանց ոտնձգությունների, որ օրինապահ տնտեսական գործունեության դեպքում իրենք պաշտպանված կլինեն պետության կողմից։
– Տնտեսության պետական կարգավորում ասելով հասկանում ենք պետության լծակների ուժեղացում ձեռներեցի նկատմամբ։ Չե՞ք կարծում, որ այս լծակներն առանց այդ էլ պետք եղածից շատ են ուժեղ։
– Խոսքը դրա մասին չէ։ Պետության կարգավորիչ դերի մեծացում ասելով մենք հասկանում ենք բնականոն, ազատ տնտեսական հարաբերությունների զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծում։ Այսինքն՝ պետք է ստեղծվեն եւ օրենսդրական պայմաններ այդ նպաստավոր միջավայրի ստեղծման համար, պետք է ստեղծվի օրենքի գերակայություն, որովհետեւ լավագույն օրենքների առկայության դեպքում անգամ, եթե դրանք չեն կիրառվելու, հնարավոր չէ բնականոն տնտեսական գործունեություն ծավալել։ Մենք անվերապահորեն ընդունում ենք, որ Հայաստանում պետք է զարգանան ազատ տնտեսական հարաբերությունները, սակայն նախկինում ընդունված գաղափարախոսությունը չենք ընդունում, ըստ որի շուկան ինքն իրեն կկարգավորի։ Ամենազարգացած շուկայական տնտեսության պայմաններում անգամ պետությունն ունի շատ մեծ դեր։ Պետությունն, ի վերջո, պետք է ընդունի իր տնտեսության զարգացման գերակա ուղղությունները, խթանի դրանց զարգացումը, պաշտպանի իր շուկան եւ տնտեսվարող սուբյեկտներին։ Այստեղ սահմանափակումներ չեն կարող լինել։ Կարծում եմ, այդ դեպքում տնտեսությունն ավելի կաշխուժանա, եւ պետական բյուջեի ավելի մեծ մուտքեր կապահովվեն, քան այսօր ապահովվում է ավելի կոշտ միջոցներով։ Այսինքն՝ ձեռներեցների նկատմամբ կոշտացում չի ենթադրվում։ Պարզապես ձեռներեցի համար պետք է ստեղծվեն պայմաններ նորմալ գործունեության համար, ինչպես նաեւ օրինապահ լինելու համար։ Ավելին՝ պետք է թեթեւացվի հարկային բեռը, իսկ կոշտացում անհրաժեշտ է ստվերային տնտեսության նկատմամբ։
– Պրն Թորոսյան, իսկ ի՞նչ կարիք կար նախընտրական ծրագրում նման կետեր մտցնել, չէ՞ որ գրեթե բոլոր այն պաշտոնյաները, ովքեր կարող են այդ ծրագիրն իրագործել, ձեր նախընտրական ցուցակներում են։
– Չէի համաձայնվի, որ բոլոր այդ մարդիկ մեր դաշինքում են։ Իրականում շատ քիչ մարդիկ են ընդգրկված մեր ցուցակներում, ովքեր ի պաշտոնե կարող են որոշակի ազդեցություն ունենալ տնտեսական իրավիճակի վրա։ Դրանից բացի, ես նշեցի, որ անհրաժեշտ է համակարգային մոտեցում։ Այստեղ խնդիրն այնքան անձի հարցը չի. պետք է ե՛ւ պետական օղակների աշխատանքը կարգավորել, ե՛ւ օրենսդրական մեծ աշխատանք կատարել, ե՛ւ կարգուկանոն հաստատել։ Շուտով կհրապարակվի ծրագիրը, մարդիկ կծանոթանան հայեցակարգի հետ, որտեղ շատ մանրամասն ներկայացված են այն մեխանիզմները, որոնց կիրառման դեպքում այդ ծրագիրը հնարավոր կլինի իրագործել։ Գոնե ինձ համար ծրագրերի մեջ, իմ կարծիքով, չկա ավելի հաջող ծրագիր՝ դրված նպատակների իրագործման համար։ Ծրագրի վրա աշխատել են բավական լուրջ գիտնականներ, եւ հուսով եմ, որ դրանք զուտ գեղեցիկ խոսքեր չեն մնա եւ կիրագործվեն։ Բայց դրա համար նախ անհրաժեշտ է հաջողություն ունենալ ԱԺ ընտրություններում եւ խորհրդարանում ունենալ անհրաժեշտ ձայներ այդ ամենն իրագործելու համար։
Հարցազրույցը՝
ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ