«Հայացք Երեւանից» ամսագիրը մեկ տարեկան է։ Սեփական թղթակից չունեցող ամսագիրը՝ գլխավոր խմբագիր Վալերի Այդինյանի հավաստմամբ, նյութի պակաս չունի, ավելին՝ նյութի ընտրության հնարավորություն ունի։
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադրած այս ամսագիրն այս տարեդարձի օրը որոշել էր անակնկալ մատուցել լրագրողներին՝ նրանց շնորհելով մրցանակներ։ «Տարվա լավագույն հոդված» մրցանակը շնորհվեց Կորյուն Խումարյանին, «Տարվա լավագույն հարցազրույցների շարք» մրցանակին արժանացավ Լեւոն Բլբուլյանը, եւ «Տարվա լավագույն քաղաքական վերլուծություն» մրցանակը տրվեց Ալեքսանդր Գրիգորյանին։ Տիտղոսներից բացի մրցանակակիրներին տրվեցին 20 հազար դրամական պարգեւներ։ Վալերի Այդինյանը նկատեց, որ 2 մրցանակակիրները ռադիոյի թղթակիցներ են, եւ ստացվում է, թե ռադիոյի օրն է նշվում։ Գլխավոր խմբագիրը ափսոսանք հայտնեց, որ շատերին չեն կարող մրցանակներ շնորհել. «Բայց մի փոքր խորամանկություն կա, թող լավ աշխատեն՝ մրցանակ ստանան»,- նշեց Վ. Այդինյանը։
Թեպետ բոլոր ելույթ ունեցողներն էլ նշում էին, որ «Հայացք Երեւանիցում» տպագրվում են լավագույն հեղինակները։ Քանի որ մրցանակաբաշխության ժամանակ շամպայնով չշնորհավորեցի՝ սխալս ուղղում եմ թերթի միջոցով։ Շնորհավորելով «Հայացք Երեւանիցին», ցանկանում եմ, որ լավագույն հեղինակի պակաս չունենա։
Լ. Մ.