«Առավոտին» լուր էին փոխանցել, թե Ստեփանակերտի քաղաքապետ Կարեն Բաբայանը «առաջարկել» է Գորիսի քաղաքապետ Սուրեն Խաչատրյանին (որն առաջադրվել է թիվ 70 ընտրատարածքում) ինքնաբացարկ հայտարարել, որ ընտրվի Սամվել Հարությունյանը։ Հիշեցնենք, որ վերջինս Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահն էր, դաշնակցական, եւ նրա, մեղմ ասած, պաշտոնանկության մեջ, ավելի մեղմ ասած՝ մեծ լումա ներդրեց ինքը՝ ներկայիս քաղաքապետը։ Սակայն մեր հեռախոսազրույցի ընթացքում Սուրեն Խաչատրյանը «հերյուրանք» անվանեց իրեն ինքնաբացարկ պարտադրելու մասին լուրերը եւ վերահաստատեց, թե շարունակում է պատգամավորության թեկնածու մնալ։ Վերջին հանգամանքն «Առավոտի» աղբյուրները բացատրում են Սյունիք մեկնած Վազգեն Սարգսյանի միջամտությամբ։
ՎԱՏ ԼՈՒՐ
Երեկ խմբագրություն զանգահարեց Գեղարքունիքի մարզի բնակիչ Սամվել Վարդանյանը եւ ասաց, թե մարզի 43 ընտրատարածքում արդեն սկսվել է նախընտրական «կարկանդակների» բաժանման սուրբ գործը։ Պատգամավորության թեկնածու (այժմ եւս պատգամավոր) Վազգեն Պողոսյանը եւ Հակոբ Հակոբյանը («Արփա-Շին»-ի գլխավոր տնօրեն) իրենց ընտրողներին բաժանում են դրամ (5 դոլարին համարժեք), ինչպես նաեւ սոլյարկա եւ ցեմենտ։ Նախընտրական բարիքներից արդեն ստացել են զոլաքարցիք, վաղաշենցիք եւ ածխաձորցիք։