1998-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների հայտնություններից մեկն էլ եղավ «Մյուդ» իրավաբանական կոնցեռնի նախագահ Յուրի Դավիթի Մկրտչյանը, որի անվան սկզբնատառերով էլ հենց գոյացել է ՄՅՈՒԴ կապակցությունը։ Նախագահական ընտրություններում նման ներկայանալի մեկնարկից հետո սակայն, Յուրի Մկրտչյանը խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու, որովհետեւ «պրեզիդենտական երկրում խորհրդարանի դեպուտատ ընտրվելը ոչ մի էական նշանակություն չունի։ Պատգամավորը չի կարող որեւէ բան որոշել, մանավանդ, եթե պառլամենտում չունի մեծամասնություն»։
Պրն Մկրտչյանի դիտարկմամբ, վերջին շրջանում ընդամենը 2-3 հոգի են, որ ժողովրդին հուզող հարցերի մասին խոսել են, իսկ մնացածը զուտ անձնական հարցեր էին լուծում։ Նույնիսկ դատախազի միջնորդության դեպքում. «այդ նույն պառլամենտը դոշ տալով, աշխատում է այդ դեպուտատին չտալ, որովհետեւ գիտեն՝ այսօր սա գնաց, վաղն էլ՝ մյուսն է գնալու»։ Ուստի միանգամայն սպասելի է, որ հիմնականում թայֆա ունեցող փողատերերը կընտրվեն, ինչից եւ «սկսվում է կրիմինալիզացված պառլամենտի գոյությունը»։
Բոլոր դեպքերում, գործող օրենսդրությամբ խորհրդարանն «ի վիճակի չէ, թեկուզեւ սահմանադրությամբ եւ օրենքներով դիմադրել ու դիմակայել պրեզիդենտական իշխանությանը, եւ նույնիսկ կառավարության մարտահրավերներին չի կարողանում»։
-Ձեր ասածից այն տպավորությունն է ստեղծվում, թե մեզանում պառլամենտն ընդհանրապես անիմաստ է։
Կարդացեք նաև
-Պառլամենտն ընդհանրապես անիմաստ չէ։ Խորհրդարանը դեմոկրատական երկրներում զբաղվում է միայն օրենքների մշակմամբ։ Այդ գործով հիմնականում զբաղվում են մասնագետները։ Իսկ դրա համար պառլամենտում մեծաթիվ իրավաբաններ պիտի լինեն։ Մեզ մոտ ճիշտ հակառակն է՝ ուրեմն, եթե ուզում եք ճիշտն իմանալ, մենք իրավաբաններ չունենք պառլամենտում, 1-2-ը հաշիվ չի։ Սակայն խորհրդարանում կա եւ կոշկակար, եւ հավաբույծ, հասկանում եք, եւ այսպես կոչված ինտելիգենտը, որը լեզուն շատ լավ գիտե, բայց չի իմանում՝ ինչի մասին խոսի, հարցերը ոնց լուծի։
Այստեղից էլ Յուրի Մկրտչյանի գնահատմամբ, սկիզբ են առնում այն խրթին օրենքները, որոնք, իր իսկ խոսքերով, րոպեն մեկ փոխվում են։
«Մյուդ» կոնցեռնի նախագահը մատնացույց է անում խորհրդարանի գործունեության մեկ այլ կողմը եւս։ Հանդիսություններին, որպես կանոն, ներկա են. «սպիկերը կամ պրեզիդենտը, կամ կառավարության նախագահը, եթե որեւիցե գյուղում խմելու մի փոքր ջուր են անգամ բաց թողել։ Հեռուստատեսությամբ էլ ցույց են տալիս, թե տեսեք-տեսեք, ոնց են լուծում գյուղի սոցիալ-տնտեսական հարցերը։ Ամոթ չի՞ բա, ամոթ չի՞։ Առանց դրա էլ նրանք այդ ջուրը կունենային, եթե նրանց փոքրիկ ֆինանսական միջոցներ հատկացվեին»։
Մի խոսքով, Յուրի Մկրտչյանը կարծում է, որ պառլամենտը լավ բան է, սակայն պետք է պրոֆեսիոնալ լինի։ Մեր պես փոքրիկ երկրին 30-40 պատգամավորն էլ բավական է. «131 դեպուտատն ի՞նչ ես անում։ Ամեն մարզից 2-3 պրոֆեսիոնալը միանգամայն բավարար է»։
Այս ամենից ելնելով էլ Յուրի Դավիդիչը մտադիր է մոտ օրերս հանդես գալ ժողովրդին ուղղված կոչով, ուր արտահայտված է 5 հիմնական նկատառում։ Առաջին հերթին ընտրողները պետք է պահանջեն, որպեսզի պատգամավորության թեկնածուները խոստանան՝ կսահմանեն ընդամենը մեկ հարկ, որը հավասար է լինելու եկամուտի 10 տոկոսին. «Թող ինձ միշտ ասեն՝ «պարոն 10 տոկոս»։ Որպեսզի դա հաստատ տեղի ունենա «Մյուդի» նախագահը մեկ անգամ եւս կրկնեց ասածը։
Յուրի Մկրտչյանի համոզմամբ, գործարարները, իր խոսքերով ասենք, վազելով կտան այդ 10%-անոց հարկը՝ առանց որեւէ դժվարության։
«Երկրորդը՝ դրսից հետ կբերենք մեր խելացի մարդկանց, ռեպատրիացիա կանենք»։ 3-րդ պահանջն այն է, որ այսպես կոչված տնտեսական հանցագործներն ազատ արձակվեն։ Նրանք մեղադրվել են, թե իբր թաքցրել են եկամուտները։ Պրն Մկրտչյանի համոզմամբ, նրանք ստիպված են եղել այդպես վարվել։ Ավելին, գործարար այդ շերտի ազատությունը, ըստ էության, կարող է ուղղվել մաֆիայի, ստվերային տնտեսության դեմ։ «Վերջիվերջո, դրանով մենք ոչ միայն դրսի հայերին հետ կբերենք, մեր ժողովրդին փրկելով Լեւոնի արած սպիտակ գենոցիդից, այլեւ այլազգիներ կգան, Հայաստանում գործ կդնեն, չնայած կարող են ապրել արտասահմանում։ Ընդամենը իրենց 10%-անոց հարկը կմուծեն Հայաստանին։ Դա շատ մեծ գործ է, եւ պետք չէ Քոչարյանի նման հույս դնել, ձեռքը պարզել, թե՝ արտասահմանի հարուստները պիտի գան, մեզ ինվեստիցիա տան։ Ոչ, այդպես չէ։ Դա ամոթ է։ Հային չի սազում, որ սպասի, թե երբ է ուրիշն իրեն օգնելու»։
Յուրի Մկրտչյանը սուր է համարում նաեւ տնտեսագետների այն պնդումը, թե Հայաստանն ինքնուրույն ոտքի կանգնել չի կարող։ Մեր երկիրն այնքան հարուստ է, որ «ոչ միայն Բելգիայի կամ Նորվեգիայի նման կարող է ապրել, այլ մի քանի անգամ էլ լավ»։
Անհեռանկար դատողություններ անողների մասին Յուրի Մկրտչյանը դատում է այսպես՝ չունեն ֆանտազիա, չունեն ծրագիր։
Ուստի պատգամավոր ընտրելիս ժողովուրդը պիտի իմանա. «Թե էդ մարդը գոնե քանի տարեկան է, կյանքի ինչ փորձ ունի, բացի, իհարկե, բարձրագույն կրթությունից, ինչ լավ բան է արել…»։
Յուրի Մկրտչյանի 4-րդ դրույթը վերաբերում է մաքսային ոլորտին։ Ներքին արտադրողը պետք է պաշտպանված լինի, ուստի՝ բարձր մաքսատուրքեր պիտի սահմանվեն այն ապրանքատեսակների համար, որոնց արտադրությունը Հայաստանում հնարավոր է. «Մեր կառավարությունը մաքսային քաղաքականությունից ոչինչ չի հասկանում։ Այս 10 տարում էլ բան չսովորեց»։
Հսկողական ապարատը Հայաստանում, պրն Մկրտչյանի կարծիքով, խիստ ուռճացված է։ «Այդ բոլոր կառույցները՝ հարկային, մաքսային եւ այլն, պետք է լուծարել, լիկվիդացնել եւ թողնել առաջվա, սովետական շրջանի այսպես կոչված ֆինինսպեկցիան՝ բարձր աշխատավարձով»։
Ստուգումներ պիտի թույլատրվեն միայն կասկածների դեպքում, բայց ոչ երբեք «երբ ուզում են՝ գնան-ստուգեն։ Հիմա մարդիկ տառապում են՝ էնքան հանձնաժողովներ են գալիս ու բոլորն էլ կաշառակեր են, բոլորը՝ անխտիր։ Եթե 100%-ով ամեն ինչ էլի ճիշտ լինի, նրանք անպայման կգտնեն որեւիցե բան, որից դու տեղյակ էլ չես, եւ կասեն՝ կամ մեզ մուծվիր, կամ էլ դա կներկայացնենք համապատասխան ատյանին։ Մեր դատարանները, ցավոք, քաղաքացիական կամ ֆինանսական օրենսդրությունից ոչինչ չեն հասկանում, ուստի խուլ ու հնազանդ անում են այն, ինչն իրենց թելադրում են»։
Յուրի Մկրտչյանի 5-րդ պահանջն այն է, որ կրթությունն ու առողջապահությունը լինի անվճար, թեպետ «ես ինքս առաջինը Սովետական Միությունում ներդրեցի վճարովի ուսուցման համակարգը»։ Այս դեպքում, սակայն, պետք է հաշվի առնել ժողովրդի անվճարունակության հանգամանքը։
Մեր զրույցը Յուրի Մկրտչյանն ավարտեց ընտրողներին ուղղված խորհրդով. 10 տարի է, չի ընդունվել օրենք իրավասու անձին հետ կանչելու մասին։ Իսկ ժողովուրդն այդ հնարավորությունը պիտի ունենա այն մարդու նկատմամբ, ով չի արդարացնում իր հույսերը՝ անկախ նրանից պատգամավոր է, թե նախագահ։
Պահանջեք, որ օրենքն այդ ընդունվի։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ