Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընկերս հոգու մեծ ողբերգություն էր ապրում»

Ապրիլ 21,1999 00:00
arcrun margaryan

Վկայում է Արտավազդ Սահակյանը

«Օրագիրը» շարունակում է հետեւողականորեն հետաքննել Արծրուն Մարգարյանի սպանությանն առնչվող հանգամանքները։ Հրապարակումներից մի քանիսում պնդումներ կային թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժիշկ, ԱԺ պատգամավոր Արտավազդ Սահակյանի վերաբերյալ, որոնց առումով էլ նա հարկ համարեց «Առավոտին» պարզաբանումներ ներկայացնել։

«Ես առայժմ որեւէ հարցազրույց չեմ տվել, բայց համբերությունն էլ սահման ունի։ Ինձ զարմացնում է՝ ինչո՞ւ են ստում. խոսքը նախ վերաբերում է իմ եւ Վազգեն Սարգսյանի հանդիպմանը։ Նա ընդամենը 7-10 րոպե է ինձ մոտ եղել (մինչդեռ «Օրագիրը» պնդել էր, թե նրանք մինչեւ լույս փակվել են Արտավազդ Սահակյանի առանձնասենյակում.- Ա. Ի.)։ Ես հավատում ու հարգում եմ նրան, նա էլ՝ ինձ։ Սա՝ մեկ։ Սուտ է եւ խեղաթյուրված նաեւ Արծրուն Մարգարյանի նամակի պատմությունը, թե իբր մեկ ամիս առաջ էին ինձ այն տվել։ Սուտ են դատախազությունից իբր ստացված տվյալները. կարող եք ստուգել դատախազության աշխատակիցներից։ Նախ, ես այդպիսի խոսքեր, թե «պետականության շահերից ելնելով» եմ այրել նամակը՝ չեմ արտաբերել։ Երկրորդը, ես զրուցել եմ քննիչի հետ՝ նա ոչ մի տվյալ ոչ մեկին չի տրամադրել, այնպես որ՝ ինձ համար սա նույնպես զարմանալի է մնում (խոսքը ապրիլի 15-ի «Օրագրի» «Գեներալի «այրված» նամակը սպարապետին» հրապարակման մասին է.- Ա. Ի.)։

Զարմանալի է թվում նաեւ հոդվածի այն փաստը, որ Արծրունի որոշ մտերիմներ գիտեին այդ նամակի եւ վտանգի մասին։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ մեկ ամիս առաջ, եթե մարդու կյանքին վտանգ էր սպառնում՝ այդ մասին չէին հաղորդում պաշտպանության նախարարին, կամ ՆԳ նախարարին։ Ի վերջո, ինչո՞ւ չէին ուղարկում նամակը։ Անհրաժեշտ էր կանխել ողբերգությունը եւ ոչ թե հետո անընդհատ այդ մասին խոսել։ Այսինքն ի՞նչ է ստացվում. գնա մեռի՝ արի սիրե՞մ։

Ես, թերեւս, այն եզակի ընկերներից էի, որ պայքարեցի մինչեւ վերջ, որ Արծրուն Մարգարյանը ողջ մնա, մնա ինձ հետ, մեզ հետ։ Ես բժիշկ եմ եւ ընկեր, այլ բանի ունակ չեմ։ Մի հարցում վստահ եմ, եւ բոլորը գիտեն՝ ոչ միայն ես։ Նա հոգու մեծ ողբերգություն էր ապրում։ Ով՝ ով, բայց ես դա գիտեմ։ Եվ խիղճս մաքուր է՝ որպես քաղաքացի, որպես բժիշկ, որպես ընկեր։ Ափսոս, որ չկարողացա փրկել նրան։ Ես հասկանում եմ, որ հիմա ինձ զրպարտելու նոր փուլ է սկսվել։ Բայց այլեւս որեւէ հարցազրույց չեմ տա։ Կարծում եմ, որ ճշմարտությունը հայտնի է բոլորին։ Այսքանը հերիք է»։

Հայտարարության պես այս ամենն ասելուց հետո՝ Արտավազդ Սահակյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ պատճառաբանելով քննության շահերը։ Պատասխանեց միայն մեր այն հարցին, թե արդյոք իրեն վտանգ է սպառնում. «Այդ մասին ակնարկվում էր նույն «Օրագրում»։ Միգուցե իրենք գիտեն»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930