Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԻԼԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Ապրիլ 21,1999 00:00

Ուիլյամ Ջեֆերսոն Քլինթոնի խրտվիլակին լավ էլ կոստյում էին հագցրել, մազերը սանրել էին ու ցցի հանած բերել ընկեր Մյասնիկյանի արձանի մոտ։ Վերջապես կոմունիստները հաղթահարել էին ֆինանսական դժվարությունները, խրտվիլակ էին պատրաստել եւ որոշել էին ԱՄՆ դեսպանատան մոտ խրտվիլակն այրել կոմունիստական կրակով։

Բայց մուրազը փորո՜ւմ մնաց…

Մի հին անեկդոտ կա, երբ ուսանողին հարցնում են, թե ե՞րբ է ծնվել Լենինը, սխալ հուշարարին լսելով ուսանողը պատասխանում է՝ 1905-ին չհաջողվեց, 1917-ին ծնվեց։ Երեկվա դրությամբ հայոց կոմունիստները փորձեցին օրեր առաջ Քլինթոնին այրելու իրենց փափագն ի կատար ածել, դարձյալ չհաջողվեց։ Խրտվիլակի ուղեկցությամբ կոմունիստները ռուսական դեսպանատան մոտ խմբվեցին. «Քլինթոն՝ ֆաշիստ», «Սերբիա, Ռուսաստան, Հայաստան» վանկարկեցին, մի քիչ կանգնեցին եւ հետադարձ մարշով շարժվեցին դեպի ամերիկյան դեսպանատուն։ Այստեղ, ինչպես միշտ, ՆԳ եւ ԱԱ նախարարության աշխատակիցները համաչափ շնչող կենդանի պատ էին կազմել ու սպասում էին երիտասարդ կոմունիստների հայտնությանը։ Մինչ կոմունիստները կհայտնվեին, օրենքի պահապանները հալումաշ եղան տեղական արեւի տակ, վառվեցին-այրվեցին Քլինթոնի խրտվիլակի սպասումով։ Խրտվիլակը երիտասարդ կոմունիստներին հետեւից գցած, գալիս էր իր շեկ գլուխը թափահարելով, գրեթե վիրաբույժի ձեռնոցները ձեռ… վա՜յ չէ, ի՞նչ ձեռք՝ փայտե թեւերին ամրացրած, մուգ գույնի վարտիքով եւ «под цвет какао» պիջակով բարձրանում էր Բաղրամյան փողոցով։ Եկավ-եկավ ու… ԱՄՆ դեսպանատան եւ Չեխովի դպրոցի արանքում խրտվիլակը գողացան։ Բողոքի քայլարշավից հոգնած երիտասարդ կոմունիստի ձեռքերը թուլացան, Քլինթոնի խրտվիլակը ձեռքից բաց թողեց ու… խայտառակ եղավ։

Տարա՜ն, տարա՜ն, խրտվիլակը տարան։ Ծեծուջարդ չեղավ, խրտվիլակի հետեւից գնացողներ՝ նույնպես։ Սթափ կոմունիստ ընկերները թույլ չտվեցին, որ տաքարյուն երիտասարդները վազեն խրտվիլակի հետեւից։ Ու գնաց խրտվիլակն անհայտ ուղղությամբ։

«Էս մեկը չգրես» շարքից

ՆԳ եւ ԱԱ աշխատակիցներից մեկին, որն այս ամբողջ արարողության ընթացքում խիստ ինքնագոհ տեսք ուներ, «Առավոտը» հարցրեց. «Այս գործողությունը նախօրո՞ք էիք ծրագրել, թե՞ իմպրովիզացիա էր» «Իմպրովիզացիա էր»,- եղավ պատասխանը։ «Ախր, խրտվիլակի կոստյումը վատը չէր, ի՞նչ եք անելու»,- շարունակեց «Առավոտը»։ «Կբերենք իրենց կգցենք»,- չգիտես՝ լուրջ, թե անլուրջ շարունակում էր աշխատակիցը։

Երիտասարդ կոմունիստների առաջնորդ Սանատրուկ Սահակյանը խիստ ազդված էր օրը ցերեկով կատարված գողության փաստից։ Քրտինքը գլոր-գլոր հոսում էր նրա վրայով։ Ավագ կոմունիստները երեւի մի լավ դաս կտան կրտսերներին։ «Առավոտին» կոստյումի ճակատագիրը խիստ էր հետաքրքրում եւ հարցն ուղղվեց նաեւ ընկեր Սահակյանին. «Բիլ խրտվիլակի հագի կոստյումը որտեղի՞ց էիք ճարել»։ «Համենայնդեպս ինչ-որ աղքատի հագից չէինք հանել եւ ոչ էլ գումար էինք ծախսել։ Նա արժանի չէր դրան, որ իր խրտվիլակի համար գումար ծախսեինք։ Ինչ-որ մեկն իր տնից էր ցնցոտիները բերել»։ Հուսանք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ ՀԿԿ Կենտկոմը լուրջ ֆինանսական ճեղքվածք չունեցավ, եւ Քլինթոնը նրանց վրա թանկ չնստեց։

Ո՞ւմ կգամեն սյունին

Սենսացիայի առաջին ալիքն անցավ, եւ մի ոստիկան հատուկ «Առավոտի» համար չթաքցրեց իր կարծիքը կոմունիստների մասին. «Սրա՞նք են խաղաղը, սրանք ամենավտանգավոր կուսակցությունն են, իրանք արյուն տեսել են ու եթե իշխանության գան, առաջինը ինձ էն ստոլբին կկապեն ու կվառեն»։ Թե ինչո՞ւ հենց իրեն, չհասկացվեց։ Բայց բառացիորեն մի քանի րոպե անց, կոմկուսի անդամներից մեկը, որը խիստ վրդովված էր իրենց խայտառակությունից, ցույց տալով ոստիկանների ուղղությամբ ասում էր. «Որ վլաստի գամ, առաջինը դրան եմ վառելու»։ Սա՝ հետո, եւ սա՝ եթե, իսկ երեկ ոչ ոք չայրվեց, թեպետ Քլինթոնի խրտվիլակն արդեն պատրաստ էր այրվելու։

Մինչ հայերն այսպես իրար էին անցել, ամերիկյան դեսպանատնից ոչ ոք գլուխը դուրս չհանեց։

Հավանաբար «02»-ի հատուկ հաղորդագրություն կտարածվի մոտավորապես այս տեքստով. «Անհայտ հանցագործները երեկ ժամը 13։30-ի սահմաններում Բաղրամյան փողոցից գողացել եւ անհայտ ուղղությամբ տարել են ԱՄՆ նախագահ Ուիլյամ Ջեֆերսոն Քլինթոնի խրտվիլակը։ Գողոնը վերադարձված չէ, օպերատիվ խումբը որոնումների մեջ է»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Ի պատասխան այն լուրի, թե Բիլ Քլինթոնի խրտվիլակը գողացել են, «Առավոտի» մի քանի գեղեցկուհիներ հոգոց հանեցին. «Ըտենց սիրուն տղային ո՞վ չէր փախցնի»։ Սակայն փախցնողների մեջ Քլինթոնի հակառակ սեռի ներկայացուցիչներ ակնհայտորեն չկային։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930