Այս նախաձեռնությունը թերեւս կարելի է յուրօրինակ լակմուսի թուղթ, փորձաքար համարել, քանզի անհնար է իսկական ընդդիմություն համարել այն գործիչներին, որոնք բոլորովին էլ չեն ցանկանում, որ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնազրկվի։
Իսկ եթե ավելի ստույգ լինենք, փետրվարի 18-ին Դավիթ Շահնազարյանի ներկայացրած որոշման նախագիծը կոչվում էր «Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության հարցը նախապատրաստող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»։ Այս օրակարգով արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությանն իրենց ստորագրություններով միացան ԱԺ 190 պատգամավորներից միայն 37-ը։
Ամբողջ կազմով միացել էր «Հայրենիք» խումբը։
46 պատգամավոր ունեցող «Հանրապետություն» խմբակցությունից միայն 22-ն էին ստորագրել այս նախաձեռնության տակ։ Ի դեպ, չկա խմբակցության ղեկավարի՝ Բաբկեն Արարքցյանի ստորագրությունը։ Նաեւ Վանո Սիրադեղյանը, որ այդ ժամանակ դեռ Հայաստանում էր՝ այնուամենայնիվ, չի միացել այս նախաձեռնությանը։ Բնականաբար, հնարավորություն չունենք այժմ պարզելու՝ ի՞ր ցանկությամբ, թե՞ իրեն չէին առաջարկել։ Ռ. Քոչարյանի պաշտոնանկության հարցը նախապատրաստող հանձնաժողովին իրենց դրական վերաբերմունքն արտահայտելուց ձեռնպահ են մնացել «Հանրապետության» այն անդամները, որոնք ինչ-որ պաշտոն ունեն։ Ասենք, Աբովյանի քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանը, հարկային տեսչության պետի տեղակալ Սամվել Աբրահամյանը, «Հայնավթամթերք» հատուկ նշանակության ձեռնարկության գլխավոր տնօրեն Վահագն Գրիգորյանը, Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության ծառայության ղեկավար Գեւորգ Գեւորգյանը, «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության տնօրեն Լեւիկ Խաչատրյանը, ԿԸՀ նախագահ, ՀՀ պետական կառավարման դպրոցի տնօրեն Խաչատուր Բեզիրջյանը, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Եղիազարյանը եւ այլք։
Կարդացեք նաև
Կարելի է մեջբերել նաեւ խմբակցության այն անդամներից ոմանց անունները, որոնց մասին այս իմաստով կարելի է ասել, թե «ոչինչ չունեն կորցնելու՝ շղթաներից բացի»՝ Շահեն Պետրոսյան, Երջանիկ Աբգարյան, Վաչագան Հարոյան, Վահագն Հայոցյան, Արա Սահակյան, Կարապետ Ռուբինյան, Աշոտ Սարգսյան, Տեր Հուսիկ Լազարյան, Սեդրակ Հովհաննիսյան, Դավիթ Մելիքյան, Վահագն Խաչատրյան։ Ի դեպ, նախաձեռնությանը միացել են Լիբերալ-դեմոկրատական կուսակցության՝ խորհրդարանում ներկայացված բոլոր պատգամավորները՝ ե՛ւ Վիգեն Խաչատրյանը, ե՛ւ Ռոբերտ Մնացականյանը, ե՛ւ Հովհաննես Դուրգարյանը։
Սակայն անցնենք այլ խմբերի ու խմբակցությունների։ Հայկոմկուսի եւ ԱԺՄ-ի պատգամավորներից եւ ոչ մեկը չի միացել այս նախաձեռնությանը։ Մինչդեռ այս երկու կուսակցություններն էլ իրենց արմատական ընդդիմություն են հայտարարում։
Իշխանամետության եւ ընդդիմադիրության մեջ իրենց տեղը չգտած ԱԻՄ-ի եւ Դաշնակցության պատգամավորներն էլ Ռոբերտ Քոչարյանի վատը չեն ուզում։
Նույնը վերաբերում է նաեւ տիկնանց փափկասուն հայոց խորհրդարանի՝ «Շամիրամին», որոնցից եւ ոչ մեկը զարմանալիորեն ու սրտաշարժորեն չեն ցանկացել նպաստել նախագահի պաշտոնազրկմանը։
Թերեւս ավելորդ է նշել, որ այս նախաձեռնության տակ իզուր է փնտրել «Բարեփոխումներ» խմբի անդամներից որեւէ մեկի ստորագրությունը։ «Հանրապետություն» միավորմանը նախկինում մաս կազմող ՔԴՄ-ի եւ ՍԴՀԿ-ի ներկայացուցիչներն էլ են նախընտրել շրջահայացությունը։
Այն ժամանակ զարմանալի, իսկ այժմ հասկանալի է, թե ինչու Դեմիրճյանի Ժողովրդական կուսակցության առնվազն 4 պատգամավորներից միայն մեկը՝ Ռոմիկ Բալոյանն էր միացել այս նախաձեռնությանը։
Նշենք, որ որոշման նախագծի տակ կա ընդամենը մեկ անկախ պատգամավորի ստորագրություն՝ Դավիթ Մաթեւոսյանն է, որն ընտրվել էր «Հանրապետություն» միավորման ցուցակով։
Եվ, վերջապես, ակնհայտ էր, որ ԱԺ-ում մեծամասնություն կազմող շուրջ ութ տասնյակ «Երկրապահ»-ներից էլ չպիտի Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության կողմնակիցներ լինեին, բայց ամեն օրինաչափություն բացառություն էլ է ունենում եւ տվյալ դեպքում դա «Երկրապահ» խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն է։
Այս բոլոր տվյալներից եզրակացությունը միակն է, որ ԱԺ-ն իր գերակշիռ մեծամասնությամբ դարձյալ Ռոբերտ Քոչարյանի հենարանն է՝ եւ թերեւս անտեղի ու կեղծ են խորհրդարանից տարբեր մակարդակի իշխանիկների զարմանազան դժգոհությունները։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ