Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ՄԻԱՅՆ ՀՈՒՍԱԴՐՈՒՄ Է, ԵՎ ՈՉ ԱՎԵԼԻ

Ապրիլ 20,1999 00:00
Hayk Nikogosyan

«Արմենիկում»-ի մասին հրապարակային եւ պաշտոնական հայտարարությունն սրել է սպիդով հիվանդ օտարերկրացիների՝ Հայաստանի բնաշխարհով հետաքրքրվելու ցանկությունը։ Գուցե թե պաշտոնական խողովակներով Հայաստան ժամանող եւ ապաքինման կուրսեր անցնողների գալ-գնալը վերահսկվում է։ Սակայն արտասահմանյան շատ երկրների հետ չունենալով համապատասխան պայմանագրեր, անարգել անկայուն առողջությամբ հիվանդներ են գալիս Հայաստան։ Այս (եւ մի քանի այլ) առիթով զրուցեցի ՀՀ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանի հետ։

-Որքանո՞վ են հիմնավոր՝ Հայաստան սպիդով հիվանդների անվերահսկելի հոսքի մասին մտահոգությունները։

– Անհանգստացնող հոսք չկա։ Դեռ անհանգստացնող երեւույթներ չկան։ Եվ հիմա կառավարության որոշում է պատրաստվում՝ կանոնակարգելու այդ հոսքը։ Ամեն ինչ պետք է լինի միայն դիվանագիտական խողովակներով՝ հյուապատոսարանների եւ դեսպանատների միջոցով։ Պետք է դիմեն, ստանան մեր թույլտվությունը, նախօրոք պետք է ստուգվեն նրանց բժշկական տվյալները եւ նոր միայն կարող են գալ ու գնալ միայն այդ կլինիկան։

– Սակայն հիվանդները հանգիստ կարող են շրջանցել Ձեր թվարկած ճանապարհները եւ առանց բարդությունների մտնել Հայաստան։

– Օրինակ՝ Ռուսաստանի հետ սահման չունենք։ Ամեն ինչ հնարավոր է։ Սակայն, գիտե՞ք ինչ, եթե նրանք գան, պիտի գան նախարարություն կամ բժշկական այլ հիմնարկներ, հետաքրքրվեն։ Մենք նման բան դեռ չենք նկատում։ Միայն մեկ դեպք է եղել. մի աղջիկ է եկել Ռուսաստանից։ Բացատրեցինք, որ պիտի վերադառնա իր երկիր եւ ճիշտ դիմի, ապա թե ոչ՝ կլինիկայի ճանապարհը ցույց չենք տա։ Եվ գնաց։ Մենք առայժմ այդ լարվածությունը չենք զգում։

– Կոլեսնիկովի եւ մնացած սպիդով վարակվածների մասին վերջին շրջանում հիմնականում լռում են։ Թարմ տվյալներ ունե՞ք։

– Դե, նա բուժման առաջին կուրսն ավարտել է։ Տվյալներն առավել քան հուսադրող են։ Կա երկրորդ կուրսի հարցը։ Մնացածները լավ են։

– Մեր թերթով հանդես էր եկել օնկոլոգ Զավեն Մանվելյանը, ասել, որ սպիդի բուժման դեղամիջոցի հեղինակն ինքն է, բերել բազմաթիվ փաստեր։ Ծանո՞թ եք հոդվածին։

– Մենակ ինքը չէ։ Հիմա մի 4-5 բժիշկ հայտարարում են, որ ժամանակին իրենք են ստեղծել, իրենցից գողացել են, դա իրենց գյուտն է եւ այլն, եւ այլն։ Դա անվերահսկելի բան է։

– Խոսքը ոչ միայն դրա մասին է։ Պարզապես զգուշացնում էր, որ այդ դեղը նպատակին չի ծառայի, դատապարտված է անհաջողության։

– Համենայնդեպս, օբյեկտիվ լինելու համար ասեմ, որ բուժման արդյունքները հուսադրող են։ Ես զուսպ եմ իմ գնահատականներում։ Սերժ Սարգսյանն էլ պաշտոնապես կլինիկական էֆեկտների մասին հայտարարություն չի արել։

– Արտասահմանյան լուրջ մասնագետներ Ձեզ դիմե՞լ են։

– Նրանք, ովքեր մասնագիտորեն ծանոթացել են դեղամիջոցին, մեծ թիվ չեն կազմում։

– Եթե դրսում, ասենք՝ Թուրքմենստանում, նման հայտարարություն անեին սպիդի բալասանը գտնելու մասին, անձամբ Դուք ինչպե՞ս կարձագանքեիք։

– Նորմալ։ Բոլորն էլ հիմա փորձում են գտնել դեղամիջոցը։ Եվ բոլորի բարոյական պարտքն է՝ առաջին իսկ թեթեւ հաջողության մասին հայտնել աշխարհին։

– Հայտնվել է, որ այդ դեղը ի զորու է բուժել նաեւ մինչ օրս անբուժելի համարվող այլ հիվանդություններ։ Ընդհուպ՝ քաղցկեղ։ Հիմա մեր հայրենակիցներն ինչքա՞ն սպասեն, մինչեւ դեղը վաճառքի հանվի։ Եվ, առհասարակ, ինչ կերպ եք պատկերացնում դրա վաճառքը։

– Ոչ ոք չի ասում, որ բուժում է այդ հիվանդությունները։ Կարծիք կա, որ նման հատկանիշներով դեղը պետք է որ գործի նաեւ այդ հիվանդությունների դեպքում։ Բայց պաշտոնապես դեղը գրանցված է միայն սպիդի նկատմամբ։ Հատուկ փորձարկումներ այլ հիվանդությունների նկատմամբ չեն արվել։ Չեն էլ արվում։ Ինչ վերաբերում է վաճառքին, ապա պետությունն այս հարցում ավելի քիչ դեր ունի, քան ենթադրում եք։ Խոսքը մասնավոր ընկերության, դեղը ստեղծող գիտնականների խմբի մասին է։ Պետությունը պետք է կանոնակարգի այն դաշտը, որով նրանք կարող են իրենց փորձարկումները ճիշտ անցկացնել։ Բայց ոչ ավել։ Մենք (պետությունը- Լ. Ա.) այդ դեղի սեփականատերը չենք եւ չենք կարող խնդրել, որ դեղը վաճառքի հանեն։ Ես կարող եմ միայն ենթադրել, որ նրանք հակված են գոնե առաջին տարին դեղը երկրից դուրս չհանել, կլինիկական փորձարկումներն այստեղ շարունակել։ Եթե, իհարկե, կլինիկական փորձարկումների «մատերիալը» բավարարվի։ Այդ առումով կառավարելի հոսք դրսից պետք է լինի։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930