Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 20,1999 00:00
qaxaqakna

Քաղաքական կյանքի անմիջական ազդեցությունը հանրապետության տնտեսության վրա ակնհայտ է։ Ընտրությունների շրջանում այդ ազդեցությունը շատ ավելի թափանցիկ է դառնում։ Մակրոտնտեսական իմաստով ֆինանսական շուկայում ամենալարված իրավիճակն արձանագրվում է գարնանը (ապրիլ-մայիս) եւ աշնանը (հոկտեմբեր-նոյեմբեր)։

Խորհրդարանական ընտրությունները համընկնում են ֆինանսական քաղցի գարնանային փուլի հետ։ Կառավարության եւ Կենտրոնական բանկի կողմից վարվող կոշտ դրամավարկային քաղաքականության հետեւանքով դրամի կուրսը շարունակում է կայուն մնալ, չնայած որոշակի փոքր ցնցումներ առկա են։ Գործադիր իշխանությունը Հայաստանում միշտ իրեն «աջ» ուժ է հայտարարում։ Անգամ ընտրությունների շեմին երբեք պոպուլիստական քայլեր չեն արվում։ Կառավարության գերագույն նպատակը միշտ էլ եղել (ու մնում) է մակրոտնտեսական կայունությունը։ Որպես օրինակ կարելի է հիշել, որ անգամ 96-ի նախագահական ընտրություններին իշխանությունները գնացին բյուջետային աշխատավարձերի եւ թոշակների երկու-երեք ամսվա ուշացում-չվճարումներով։ Խորհրդարանական ընտրություններն այսօր կառավարության համար բավարար հիմք չեն «պոպուլիստական» քայլեր կատարելու համար։ Հնարավոր է, որ գործող Սահմանադրական համակարգն է հնարավորություն տալիս գործադիր իշխանություններին «հաղթահարել» ընտրությունների շեմին «ժողովրդական» դարձող օրենսդիր իշխանության առաջարկները։

Հերթական ընտրություններին Հայաստանը գնում է տնտեսական բավական հետաքրքիր իրավիճակում։ Փորձագիտական բոլոր այն կարծիքները, թե ընտրությունների շեմին կաճի պետական պարտատոմսերի եկամտաբերությունը՝ չարդարացան։ Ավելին, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը կանխատեսում է, որ տարվա կեսերին պարտատոմսերի եկամտաբերությունը կնվազի մինչեւ 28-30%։ Սա շատ ավելի հավանական է, որովհետեւ կրճատվում է պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը։ Հերթական ընտրություններին իշխանությունները գնում են աշխատավարձերի չվճարումներով։ Կառավարությունը չի փորձում գտնել բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու աղբյուրներ, որովհետեւ տպավորությունն այնպիսին է, որ չի էլ պատրաստվում ամբողջությամբ կատարել բյուջետային պարտավորությունները։ Օրինակ՝ Դավիթաշենի շինարարության աշխատանքների դադարեցման մասին «Առավոտն» արդեն գրել է։ Պատճառը՝ ֆինանսների բացակայությունն է։

Հանրապետության տնտեսության «արտաբյուջետային» ոլորտում եւս խիստ լարված իրավիճակ է։ Բանկային համակարգը կտրուկ բարձրացրել է վարկերի տրամադրման տոկոսադրույքները։ Շատ բանկեր ընդհանրապես վարկերի տրամադրումը խիստ ռիսկային գնահատելով, հրաժարվում են դրանից։ Գները նվազում են (շարունակում են նվազել) անշարժ գույքի շուկայում։ Վարկերի տրամադրման համակարգում գրավ դրվող հիմնական միջոցը վերջին տարիներին անշարժ գույքն էր։ Այն այսօր կայուն երաշխիք չէ ռիսկային գործարքների ապահովագրման համար։

Ֆինանսական քաղցը նկատելի է նաեւ սպառողական շուկայում։ Առեւտրականներն ու խանութպանները բողոքում են առեւտրի ծավալների կտրուկ կրճատումից։ Միաժամանակ շատ գործարարներ կրճատում են իրենց գործունեությունը. հրաժարվում շատ ծրագրերից։ Նշվում է, որ փոքրացել է նաեւ ներմուծումների ծավալը։ Այս ամենն, իհարկե, չի կարելի միանշանակ կապել խորհրդարանական ընտրությունների հետ։ Բացասական գործընթացները վաղուց էին սկսվել։ Նախընտրական ամիսներին դրանք պարզապես ավելի նկատելի են դարձել։ Հայաստանում ընտրությունները երբեք այն աստիճան անկանխատեսելի չեն լինում, որ որեւէ ուժի հնարավոր հաղթանակը լուրջ ազդեցություն ունենա տնտեսական կյանքի վրա։

Կա նաեւ մեկ՝ խիստ հետաքրքիր վարկած եւս։ Դրա համաձայն, նախընտրական շրջանում ֆինանսական քաղցը կուտակման արդյունք է։ Ընտրվելու հայտ ներկայացնող դեմքերն ու նրանց շրջապատը պարզապես կուտակում են կապիտալը որոշակի պահից բուռն ու «առատաձեռն» նախընտրական քարոզարշավ սկսելու համար։ Այս պահից, ենթադրվում է, կծաղկի այն երեւույթը, որին «ընտրակաշառք» են անվանում։ Որոշ փորձագետների կարծիքով, առաջիկա խորհրդարանական ընտրություններն առաջինն են լինելու, որի ընթացքում քարոզարշավներ հնարավոր են միայն լուրջ ֆինանսական միջոցների առկայության պարագայում։ Ճիշտ ու ճիշտ՝ զարգացած դեմոկրատական երկրների նման։ Այս իմաստով հնարավոր է, որ Հայաստանում դեմոկրատական կարգերը հաստատված են։ Մնում է միայն զարգացած դառնալը։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930