Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավունք եւ միաբանություն» դաշինքի մասին

Ապրիլ 20,1999 00:00
harcum

Դաշինքափորձ մեր հանրությանը ընտրություններից- ընտրություն, կարծում էի՝ չես շփոթեցնի։ Պարզվեց, նրանք շփոթվում են եւ շփոթված են այն պատճառով, որ քաղաքական ուժերի ներկա վերադասավորումը չեն պատկերացնում։

Հնարավորին չափ պատկերացում կազմելու նպատակով, անցկացրեցի հարցում։ Իսկ հարցս հետեւյալն էր. «Նախընտրական ի՞նչ դաշինքներ են ձեւավորվել, որոնց կտայիք ձեր՝ արեւմտահայերենով ասված՝ սպիտակ քվեն, եւ ի՞նչ գիտեք «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի մասին»։

Սարգսյան Արայիկ

– Ձայնս տալու եմ նրան, ով ոչ միայն ՀՀՇ, այլ՝ ՀՀՇ-ից զորացրված չի եղել։ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի դաշինքին էլ ձայն չեմ տալու. թող բանակով զբաղվի, ոչ թե պալատական ինտրիգներով։ Դաշինքներից գիտեմ «Հզոր հայրենիքը»… «Իրավունք եւ միաբանությունն» ո՞վ են, հա, Հրանտ Խաչատրյան, գիտեմ։ Ձայնս նրան թե տալու լինեմ, միայն մի պատճառով, էն, որ ասում էի, որ ՀՀՇ չի եղել։ ՀՀՇ-ի ցուցակում էլ չի եղել։

Մանուկյան Մարիամ

– Զգեստապահարաններից հանված հին շորեր են հիշեցնում։ Նոր մարդ կարծես թե չկա։ Սեփականաշնորհվել են ոչ միայն կազինոներն ու նախարարությունները, սաունաներն ու սրճարանները, այլ՝ ընտրատարածքները։ «Իրավունք եւ միաբանությունը», եթե չեմ սխալվում, «Իրավունքի» տղաներն են։

Հայրիկյանի դաշինքից կուշտ ենք։ Մի քանի դաշինք հենց նա վարկաբեկեց։ Դեմիրճյանը, եթե չմիանար ասֆալտի զինվորներին, ձայնս հաստատ կտայի, ինչպես տվել եմ նախագահականին։ ԱԺՄ-ն թե միանա «Իրավունքին», ամենաուժեղ միավորումը կլինի։

Հովհաննիսյան Սարո

– «Օրինաց երկիրը» գիտեմ («բայց նա դաշինք չէ» առարկմանս պատասխանում է. «Բա, Սերժ Սարգսյանի հետ դաշինք չե՞ն կազմել»- Ռ. Մ.)։ Դեմիրճյանի դաշինքը։ Եթե գնամ՝ գաղտնի է, կքվեարկեմ։ «Իրավունք» դաշինքը («Իրավունք եւ միաբանություն» շատ քչերն են օգտագործում, երբեմն «միաբանության» փոխարեն էլ օգտագործում էին «միասնություն» բառը- Ռ. Մ.), եթե Հրանտն է Խաչատրյան, միգուցե ձայնս տամ նրան։ Խելոք տղա է։

Մարգարյան Հարություն

– Ես կոմունիստ եմ։ Լենինի դաշինքին եմ ձայնս, կյանքս, քվեաթերթիկս տալու։ Հասկացա՞ք։

Թովմասյան Զարուհի

– Էդ դաշինքները, Ջիվանու ասած ձախորդ օրերի նման, կուգան ու կերթան։ Օրինակ, Վազգեն Սարգսյանը հաստատ խորհրդարան չհասած կլքի Դեմիրճյանին, պահանջելով ապահարզանի քվեները։ Ոչ կուսակցության եմ ձայն տալու, ոչ դաշինքի։ Ձայնս տալու եմ չօգտագործված որեւէ թեկնածուի…

Սողոյան Արարատ (մուգ ակնոցների տակից)

– Կարող ա՞ տեղը չես բերում (հաստատ տեղը չբերեցի- Ռ. Մ.)։

Բադասյան Արամ

– Գիտեմ երկու պաշտպանության նախարարների՝ Վազգեն Սարգսյանի եւ Սամվել Բաբայանի հովանավորած դաշինքների մասին։ Երկուսի դեպքում էլ կարող եմ ասել. բանակի հրամանատարները չպետք է խառնվեն։ Բայց, երբ Ղարաբաղը համարում են «դուրս», «դրսի ուժեր», համաձայն չեմ. մենք, հիշեք, ժամանակին ունեինք պատգամավորներ՝ հայաստանաբնակներ, որոնք դարձան Արցախի պատգամավորներ (օր.՝ Իգոր Մուրադյանը), եւ հակառակը (հիշեք՝ Վիգեն Շիրինյանին, Գեորգի Պետրոսյանին…)։ Այն թեկնածուն, որ կասի, թե Արցախը միջամտում է մեր ներքաղաքական կյանքին, իր նախընտրականում թող ջնջի Ղարաբաղ բառը, որովհետեւ նա իր հերթին, նույն տրամաբանությամբ միջամտում է նրա ներքին կյանքին։ Այ, սա չեմ հասկանում։ Եվ ձայնս, թե տամ «Իրավունքին»՝ նրա համար, որ հիշեցնեմ, որ պատերազմը չի վերջացել Արցախում։

Ստեփանյան Լուսինե

– Ես դաշինքներից գլուխ չեմ հանում։ Ընդհանրապես խայտառակ ընտրություններ են սպասվում, որովհետեւ ոչ պատգամավորության թեկնածուն փոխվեց, ոչ ընտրողը։ Էլի խաբելու են ջրի վարձով, զուգարանի թղթով, էլի անազնիվ փողեր են պտտվելու։ Մի քանիսը էս ընտրությունով հարստանալու են, կենաց խմողները շատանալու են (Ղարաբաղի կենացը հատկապես), իսկ իրականում փեշերի տակ թաքնվելու են…

Ավետիսյան Արմինե

– Չեմ գնալու։ Եվ մեր տան դռանն էլ գրել եմ. «Ստորագրահավաքի եւ քարոզչության համար այս դուռը չի բացվելու»։

Հակոբջանյան Էռնեստ

– Չեմ մտածել։ Ժամանակ չի եղել։ Իմ կարծիքով ընտրություն չի լինելու։ Սա էլ 95-ի պես նշանակովի ընտրություն է լինելու, այն ժամանակ՝ մի, հիմա՝ մի քանի ուժերի կողմից։

Ավագյան Շեքսպիր

– Կոմունիստներին եմ ձայնս տալու։ Ուրիշ ոչ ոքի։ Դաշինքն ի՞նչ է, չգիտեմ։ Էսօր իրար համբուրում են, վաղը դավաճանում Հուդայի պես։

Երկու ուսանողուհիներ

– Դաշինքը մեկն է լինում. ամուսնական։ Իսկ արտաամուսնական այդ միավորները (կոչվեն անգամ՝ քաղաքական) ապօրինի են եւ չեն կարող նախընտրական-պլատոնական ծրագրով երկար գոյատեւել։ «Իրավունքի» տղաներին ձայն ենք տալու միայն նրա համար, որ նրա անդամները ջա-հել-ներ են։ Եվ նրանցից «նախկին կոմունիստ» կամ «նախկին ՀՀՇ-ական» ադեկոլոնի հոտ չի գալիս։

Միսկարյան Անահիտ

– Ձայնս տալու եմ Արշակ Սադոյանին՝ աշխարհիս ամենաանկաշառ մարդուն։

Մելս Մակոֆյան (ծերունի)

– Պապով, նախապապով կոմունիստ ենք եղել, իհարկե կոմունիստներին, ոչ թե Դեմիրճյանի պես դավաճաններին։

«Ձայնահավաքը»՝

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930