Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԵՎ ՈՉ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ

Ապրիլ 20,1999 00:00
David Shahnazaryan

Բայց՝ ընդդիմություն

Չի կարելի ասել, թե Հայաստանի աջ ուժերն այնքան շատ են, որ կլցնեն մարզահամերգայինի դահլիճը։ Այնքան քիչ էլ չեն, որ չլցվեր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճը։ Ամեն դեպքում, հենց այստեղ էլ գումարել էր իր առաջին համագումարը «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցությունը։ Համագումարը հաճելի առիթ էր եւ հնարավորություն բոլոր աջ ուժերի համար արտահայտվելու։

Հետաքրքիր էր «21-րդ դարի» նախագահ Դավիթ Շահնազարյանի ելույթը։ Հայաստանի առաջին հանրապետությունը նա համարեց հանգամանքների, իսկ երրորդը՝ ժողովրդական կամքի ծնունդ։ Հենց 3-րդին էլ վերագրվեցին բազմաթիվ առավելություններ՝ միջազգային ճանաչում, «ագրեսոր» պիտակից խուսափում։ Այդ տարիներին կարեւորվեց օրինական իշխանության վերարտադրության թեզը։

Այս փուլը պրն Շահնազարյանն առջընթացի փուլ որակեց։

Սակայն քաղաքական ուժերի սկզբունքային տարաձայնությունների հետեւանքով 95 թ. խորհրդարանական, 96 թ. նախագահական ընտրություններում արձանագրվեց նահանջ ժողովրդավարությունից։

Ու ստացվեց այնպես, որ նախկին Գերագույն խորհրդին այս ԱԺ-ն զիջում է թե՛ բարոյականության, թե՛ ինտելեկտի առումով։

Այստեղից սկսվեց երկրորդ փուլը՝ նահանջը։ Դրա վկայությունը Լիսաբոնն էր, որից հետո արտաքին քաղաքականությունը զուտ դիվանագիտության է վերածվել։ 98-ի փետրվարին իշխանությունը զավթվեց։ Տեղի ունեցավ նաեւ գաղափարական հեղաշրջում։ Ընդդիմության որոշ ուժեր արհամարհեցին հրապարակային քաղաքականությունը։ «Իշխանության զավթումը հերթական անգամ անվանվեցին ընտրություններ։ Սրանով ջախջախվեց ընտրությունների մեխանիզմը»։ Արհամարհվեց նախորդ ժամանակաշրջանը։ «Ի՜նչ հին իշխանությունների մասին է խոսքը, երբ այս իշխանությունը նախկին իշխանության ուժային եւ պակաս ինտելեկտուալ թեւն է։ Նոր են նրանք, ովքեր ընդունել են խաղի ազգայնամոլական սկզբունքները»։

Տնտեսական քաղաքականությունն, ըստ հռետորի, վեր է ածվել զուտ հարկահավաքման։ Արհեստականորեն պահպանվում է դրամի փոխարժեքը։ Իսկ արտաքին քաղաքականության հիմնական գործելակերպը պահանջատիրությունն է։ Ապա զուգահեռներ տարվեցին Միլոշեւիչի եւ Քոչարյանի ռեժիմների միջեւ։ Պրն Շահնազարյանն առաջարկեց հումորի երեկո կազմակերպել Ընտրական օրենսգրքին նվիրված։ Ապա՝ «չկա քաղաքական պատասխանատվության ինստիտուտ»։

Բաբկեն Արարքցյանը ցավ հայտնեց, որ ողջույնի խոսքը չի կարող ասել ՀՀՇ-ի անունից, այլ միայն «Հանրապետություն» խմբակցության։ Իսկ «21-րդ դարի» հետ գաղափարական տարաձայնություններ չունեն։ Պրն Արարքցյանի ելույթի լեյտմոտիվը Հայաստանի՝ Ռուսաստանի կցորդի կարգավիճակն է։ «Քիչ է՝ ԱՄՆ-ի եւ Գերմանիայի դեսպանատների դիմաց ցույցեր կազմակերպելը (ՆԱՏՕ-ի ռմբակոծումների դեմ- Լ. Ա.), հետո էլ շողոքորթության ցույց են անում ՌԴ դեսպանատան մոտ։ Մենք չենք մասնակցի այս խաղին»։ Այն, որ նորաստեղծ կուսակցություններն ու դաշինքները ստորագրահավաքի արդյունքներն են ներկայացնում՝ մինչեւ 400.000 ստորագրություն, պրն Արարքցյանը զավեշտական համարեց։ Բանն այն է, երբ 88-ին «Ղարաբաղ» կոմիտեն ստորագրահավաքի կոչ արեց (ստորագրությունները պետք է ուղարկվեին Մոսկվա), 15 օրվա մեջ հավաքվեց 200 հազարից պակաս ստորագրություն։

Թեեւ շատ ցածրաձայն էր, բայց հետաքրքիր էր նաեւ «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի ելույթը։ Նա նախընտրում է չմիավորվել որեւէ ուժի հետ՝ նոր հիասթափություն ապրելու հեռանկարից վախեցած։ Եթե ՌԴ-ի պես պետությանն այսօրվա ռեսուրսներով պրն Բագրատյանը մի 10 տարվա դիմակայում գուշակեց, ապա Հայաստանին մոտ մեկ տարի է «բավական»՝ սպառելու իր ռեսուրսները։ «Աջ» եւ «ձախ» տերմինները Բագրատյանն ատում է։ Եվ գտնում, որ նոր իշխանությունները պակաս ինտելեկտուալ եւ ավելի սահմանափակ են։ «Այսօրվա կառավարման շրջանակներում ինտելեկտն այնքան էլ հարգի չէ։ Մայիսին ժողովուրդը 15 ժամ լսելու է նրանց, ովքեր «ասֆալտ են անում, լիֆտ են սարքում»։ Եթե այդքան խոստումներ լսող ժողովուրդը սառը ցնցուղ չընդունի, «հունիսին կունենանք 100 հազար խելագար»։ Իսկ «նախկինների» դեմ հաշվեհարդար տեսնելու մոլագարությունը պրն Բագրատյանը խոստացավ իր մեծահոգությամբ եւ վայելչությամբ չեզոքացնել։

Ելույթներ հնչեցին նաեւ այլ կուսակցությունների ղեկավարների շուրթերից, բայց փաստն այն է, որ բացի Հրանտ Բագրատյանից՝ մնացյալը բոյկոտում են ընտրությունները։ Ողջունելին այս պարագայում գոնե այն է, որ ձեւավորվում է միասնական ընդդիմություն։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համագումարի բանաձեւի մասին կարդացեք 6-րդ էջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930