Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատգամավորներն արդեն հայտնի են

Ապրիլ 20,1999 00:00
cragir

Շենգավիթի տարածքը բաժանված է չորս մեծամասնական ընտրատարածքների՝ 20, 21, 22 եւ 23։ Փորձենք ավելի մանրամասն ուսումնասիրել այս ընտրատարածքներից յուրաքանչյուրը՝ վերլուծելով ուժերի դասավորությունը։ Այդ հարցում մեր թերթին գնահատելի մեթոդական ջակցություն են ցուցաբերել այդ թաղամասերի բնակիչները։

Եւ այսպես, սկսենք 20-րդ ընտրատարածքից, որն իր մեջ ներառում է Ղռեր, Հին կռուգ, Յոնջլախ, Նեֆտոբազա, կինո «Հայրենիք», Երրորդ մասի շուկա, Բոշի մայլա եւ Լալերի թաղամասերը։ Այս ընտրատարածքում առաջադրված են, մամուլային պատկերացումներով, երկու թաղային հեղինակություններ։ Առաջինը Հին կռուգի Ռոստոմն է, իսկ մյուսը Ղռերի Ավոն։ Չնայած Հին կռուգն ավելի մեծ թաղամաս է, քան Ղռերը, սակայն այս ընտրատարածքում պատգամավորության թեկնածու է առաջադրվել նաեւ ԱԻՄ-ի հնաբնակներից Գեւորգ Միրզոյանը, որը նույնպես Հին կռուգից է եւ կարող է կիսել իր թաղի ձայները։ Այս ընտրատարածքի քաղաքական թեկնածուն Ալեքսան Հակոբյանն է։ Ըստ որոշ տեղեկությունների, վերջինս լուրջ ճնշումներ է գործադրում Ռոստոմին եւ Ավոյին թատերաբեմից հեռացնելու համար։

Հիշեցնենք, որ «գործ սարքելու» մեթոդներով 1995-ի ընտրություններում այս տարածքում ընտրվեց ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը։ Ղռերի Ավոյի մրցակցությունից ազատվելու համար վերջինիս վրա լուրջ ճնշումներ գործադրվեցին, որի արդյունքում նա հեռացավ Հայաստանից, եւ վերադարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո։ Դա է պատճառը, որ շատերի կարծիքով. ՄԸՀ չպետք է գրանցի Ավոյի թեկնածությունը, քանի որ նա վերջին 5 տարին անընդմեջ չի բնակվել Հայաստանում։

21 ընտրատարածքի մեջ մտնում են Ներքին եւ Վերին Շենգավիթները եւ Յոնջլախի մի փոքր հատվածը։ Այս ընտրատարածքը կոչվում է Արթուր Բաղդասարյանի անունով։ 1995 թ. էլ նա կարողացավ բռնի եւ ոստիկանական մեթոդներով ստիպել առնվազն 10 պատգամավորության թեկնածուների չմասնակցել ընտրություններին։ Այս անգամ եւս, որդեգրված է ճիշտ նույնպիսի գործելակերպ։ Նրա հիմնական հակառակորդը Մուշեղն է, որին Մուշ են անվանում, քանի որ Ղարաբաղյան պատերազմում ղեկավարել է նույնանուն ջոկատը։ Այս ընտրատարածքում Մուշեղի թեկնածությունն է պաշտպանում Շենգավիթի համայնքապետ Մարտին Սարգսյանը։

22-րդ ընտրատարածքի մեջ են մտնում Երրորդ մաս, Ծերեթելի, Սադ, Նորագյուղ եւ Կիլիկիա կոչվող թաղամասերը։ Հատկանշական է, որ այս տարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված 9 թեկնածուներից երկուսը՝ Ռոմիկ Մխիթարյանը եւ Կարեն Հեքիմյանը, հանել են իրենց թեկնածությունը։ Այս ընտրատարածքում հաղթելու մեծ հավանականություն ունի Կիլիկիայի Նապոն (Նապոլեոն Ազիզյան)։

Ըստ որոշ տեղեկությունների, հենց նրա թեկնածությունը պաշտպանելու համար է Մոսկվայից Երեւան ժամանելու Նորագյուղի Ավետը, որը Վանո Սիրադեղյանի ՆԳ նախարար եղած ժամանակ ձերբակալվել էր անօրինական զենք կրելու մեղադրանքով։ 22-րդ ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել «Հայէլեկտրո» գործարանի արհկոմ Չառլին, որը հայտնի է նրանով, որ մասնակցել է 1990 թ. հետո տեղի ունեցած բոլոր ընտրություններին (բացի նախագահական), սակայն որեւէ անգամ չի ընտրվել։ Նույն ընտրատարածքում է առաջադրված նաեւ կինո Սեւանի Ստյոպը։

23-րդ ընտրատարածքն ընդգրկում է Չարբախը, Աէրացիան եւ Նորագյուղը։ Այս ընտրատարածքը իրավամբ կարելի է կոչել Կարամելի Հարութի անվան։ Հարութն իր ընտրարշավը կազմակերպում է միմիայն իր հարազատ Նորագավիթում։ 1995 թ., երբ նա որոշել էր ընտրվել Շենգավիթի համայնքապետ, աշխատում էր միայն իր գյուղի շրջանակներում։ Այս տեղամասի առանձնահատկությունն այն է, որ թեեւ Նորագավիթում բնակվում է 7 հազար ընտրող, սակայն ամեն ընտրությունից հետո արկղում հայտնվում է մոտ 9 հազար քվեաթերթիկ։ Այս տարածքի մասին խոսելիս պետք է հիշել 1995 թ. ԱԺ ընտրությունները, երբ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ Կարամելի Հարութի կողմնակիցների կողմից դանակահարվեց ՀՅԴ անդամ Յուրան։ Դանակահարությունից հետո հեռացվեց Յուրայի փայծաղը, իսկ քիչ անց նա մահացավ։ Ավելի ուշ թալանվեց եւ ավերվեց Կարամելի Հարութի աշխատասենյակը, անհետացան մի քանի հազար սեփականաշնորհման սերտիֆիկատներ։ Այն ժամանակ դա գնահատվեց իբրեւ ՀՅԴ բարոյական հետապնդումների հետեւանք։ Այս ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել ԱԺ պատգամավոր Զավեն Հարությունյանը։

Հասկանալի է, որ այս ընտրատարածքից այս անգամ եւս ԱԺ պատգամավոր կընտրվի Կարամելի Հարութը։

Ինչպես տեսնում եք. համարյա բոլոր ընտրատեղամասերում հայտնի են իրական պատգամավորները։ Ընտրողներին մնում է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների միջոցով օրինականացնել այս տեղի ունեցած փաստը։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930