Լրահոս
Օրվա լրահոսը

Բա՛ց կեղեւդ, ՀՅԴ

Ապրիլ 20,1999 00:00
Hakob Palyan

Հարկավոր է արժանին մատուցել Փարիզի «Այբ-ՖՄ» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, հրապարակախոս, դաշնակցական Հակոբ Պալյանին. չնայած մեր բազմակի փորձերին՝ նրանից սուր գնահատականներ կորզել այն (ըստ իս՝ խառնափնթոր) ցուցակի վերաբերյալ, որով Դաշնակցությունը մասնակցում է ԱԺ ընտրություններին՝ նա բավական զուսպ էր։ Մինչդեռ ֆրանսահայերի շրջանում պրն Պալյանը քննադատաբար տրամադրված եւ մշտապես դժգոհ մարդու համբավ ունի։

«Ես կխորհիմ, որ այն կուսակցությունը, որ համազգային քաղաքականություն կուզե վարել՝ նեղ իմաստով, կուսակցական նեղմտությամբ, անհանդուրժողությամբ պետք չէ, որ առաջնորդվի։ Մանավանդ Հայաստանի իրականության մեջ, երբ գիտենք, որ որեւէ կուսակցություն ի վիճակի չէ այսօր կեսեն մեկ ավելին ունենալու խորհրդարանում եւ հետեւաբար՝ գործերը վարելու»,- մասնավորապես այսպես պատասխանեց պրն Պալյանը մեր հարցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ՀՅԴ ցուցակում երբեմն անհասկանալի մոտեցմամբ են անկուսակցականներ ներգրավվել։ Եվ Միջինարեւելյան հայ գաղութների օրինակն էլ բերեց. «Ուր ուժը ոչ թե շարքային կուսակցականներու ներկայության մեջ է, այլ համակիր զանգվածին։ Եվ Դաշնակցությունը նույնիսկ սկզբունքներ ուներ, որ եկեղեցիին կից ստեղծված քաղաքական ժողովին մեջ երկուքը դաշնակցական կըլլային, հինգը՝ ոչ դաշնակցականներ։ Այս է ժողովրդավարության օրենքը։ Եվ այս բացվելու քաղաքականությունը, կխորհիմ, միայն ՀՅԴ-ն պետք չէ, որ ունենա՝ բոլոր կուսակցություններն անխտիր պիտի ցույց տան, որ կընթանան միակուսակցական դրութենեն դուրս ճամփով»։

Արդյոք ցուցակի մեջ ներառելով նախկինում շարքերից հեռացվածներին, դատավարություններում ՀՅԴ գործիչների դատապաշտպաններին հնարավո՞ր է առավել շատ ձայներ ստանալ՝ այս հարցին ի պատասխան Հակոբ Պալյանն ասաց. «Հարցը նաեւ հետեւյալն է. ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն ինքը կորոշե իր ընելիքը՝ տեղվույն պայմաններուն համաձայն։ Օրինակ՝ Ֆրանսայեն կամ Միջին Արեւելքեն դիտված հարցերը մեզի կրնան ներկայանալ տարբեր ձեւով։ Բայց որպես մարդ, իմ համոզումս այն է, որ որեւէ կուսակցություն՝ նաեւ Դաշնակցությունը, իր նեղ շրջանակեն անպայման դուրս պետք է գա։ Եվ այդ բացվելու քաղաքականությունը կվերաբերի ե՛ւ կուսակցությանց, ե՛ւ Հայաստանի կառավարության, ե՛ւ նաեւ բոլոր ժողովուրդներուն։

Համախոհությունը միատարրություն չէ՝ առիթ պիտի ստեղծվի, որ տարբեր կարծիքներ ու զգայնություններ կարենան արտահայտվիլ։ Եթե Հայաստանի ԳՄ-ն այս ոգիով առաջնորդված է՝ կգտնեմ, որ շատ դրական վերաբերում ունեցած է»։

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930