Մոտ օրերս ՀԿԿ Կենտկոմը կպատժի իր այն 5 կուսակիցներին, ովքեր մեծամասնական ընտրակարգով առաջադրված լինելով, վերջին պահին հանել են իրենց թեկնածությունը։ ՀԿԿ Երեւանի քաղկոմի քարտուղար Յուրա Մանուկյանի կարծիքով, թեկնածուները դուրս են եկել մրցապայքարից երեք պատճառով։ Չի բացառվում, որ նրանք համապատասխան ճնշման են ենթարկվել, կամ առկա է թաքնված համագործակցություն սեւ-մութ ուժերի հետ եւ երրորդ՝ նվիրյալների հայտնաբերումները շարունակվում են։ Օպորտունիստները ամենայն հավանականությամբ կվտարվեն Կոմկուսից։
ՎԱՏ ԼՈՒՐ
Երեկ, ժամը 20։30-ի սահմաններում, Արշակունյաց 8 շենքի 20-րդ բնակարանի բնակչուհիներ Ալլա եւ Վարյա Հարությունյանների շունը բակում, երեխաների ու հարեւանների սարսափած հայացքների տակ խեղդում էր մի փոքրիկ շնիկի։ Տերը սառնասրտորեն հետեւում էր տեսարանին։ Արյունլվա շնիկին բաց թողնելուց հետո գամփռը թռվռալով մտավ տուն։ Մամուլի շենքից այս էլ որերորդ անգամ է՝ ականատես ենք լինում նույն տեսարանին։ Նույն գամփռը խեղդամահ է անում փոքր շներին։ Եվ միշտ՝ տիրոջ աչքի առաջ։ Երբ «Առավոտը» եղավ բակում եւ խնդրեց երեխաներին կանչել Ալլային կամ Վարյային, երեխաները վախեցան թակել նրանց դուռը։