Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգսյան եղբայրները

Ապրիլ 20,1999 00:00
levon sargsyan

Լեւոն Սարգսյանի՝ Սիրիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի մասին հայոց մամուլը հաճախ չի գրում։ Բայց որ գրո՜ւմ է… Պրն Սարգսյանը ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի հարազատ եղբայրն է։ Ու նրա (Լեւոն Սարգսյանի) կյանքում բոլոր առաջխաղացումները հարկի, անհարկի արդեն իսկ կապվում են ուժային եղբայր նախարարի ուժեղ ազդեցության հետ։ Այս ամենը ներկայացրի մի քանի օրով Հայաստան եկած Լեւոն Սարգսյանին։ Նա պարզապես ասաց, որ իր աշխատանքային կարիերայի հետ որեւէ անմիջական կապ չունի։

-Պրն Սարգսյան, Սիրիայից, բնականաբար, հետեւում եք Հայաստանում զարգացող իրադարձություններին։ Կապված նաեւ ձեր եղբոր հետ։

-Ես Սիրիայում ներկայացնում եմ Հայաստանը, ուստի հետեւում եմ Հայաստանի բոլոր ղեկավարների մասին լուրերին, ոչ թե միայն եղբորս հետ կապված իրադարձություններին։ Բնականաբար, կուրսի մեջ եմ։

-Վերջին շրջանում ձեր եղբայրը հատկապես ուշադրության կենտրոնում էր։

-Հարցը եկեք ճշտենք ոչ թե իմ եղբոր, այլ ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարի։ Եվ ճշտենք, թե ի՞նչ առումով էր ուշադրության կենտրոնում։

-Թեկուզեւ Արծրուն Մարգարյանի սպանության եւ ՍՊԻԴ-ի դեղամիջոցի հայտնագործման կապակցությամբ նրա հայտարարությունների առումով։

-Ես կարծում եմ՝ Արծրուն Մարգարյանի գործը հետաքննության մեջ է, եւ կան ձերբակալվածներ։ Հետաքննության ավարտից հետո դատարանը կորոշի՝ ով է մեղավոր, ով՝ ոչ։ Ինչո՞ւ են մեր լրագրողները մոռանում սա։ Իմ եղբայրը լինի կամ ուրիշ մեկը, ոչ մի նախարար չի կարող հայտարարել, որ այսինչը մարդասպան է։ Դա դատարանը կորոշի։

-Ձեր ճակատագրի վրա դրական ազդեցություն չի՞ ունենում ՆԳ եւ ԱԱ նախարար եղբայր ունենալու փաստը։ Չէ՞ որ դուք Հալեպի գլխավոր հյուպատոսն էիք, այժմ արդեն՝ Սիրիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան։

-Գիտեք, Հայաստանն ունի 25-ից ավել դեսպան ու չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը 25-ից ավել եղբայր ունի։ Այդ հարցը (նշանակման) պետք է ոչ թե ինձ ուղղել, այլ ՀՀ ԱԳ նախարարին։ (Կուլիսային խոսակցության ժամանակ նախարարներից մեկը պատմեց, որ Լեւոն Սարգսյանը դիվանագիտական աշխատանքներով զբաղվել է դեռ շատ առաջ։ Նրա 22-ամյակը Սահարայի անապատում է լրացել)։

-Սիրիայում «Արմենիկումի» ստեղծման լուրն ինչպե՞ս ընդունեցին։

-Ինչպես այլ երկրներում։

-Իսկ դեսպանի ձեր պարտականություններից այստեղ գո՞հ են։

-Այդ հարցը դարձյալ պետք է պրն Օսկանյանին տաք։ Բայց իմ այս աշխատանքի 5 ամիսների ընթացքում ընդունել եմ արտգործնախարարի պատվիրակությանը, ուղեկցել եմ այստեղ միջկառավարական տնտեսական հանձնաժողովին։ Սիրիայի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հետ արդեն հանդիպումներ եմ ունեցել։ Եթե բոլոր հյուպատոսների 25%-ը այն 5 տարիների ընթացքում, ինչ-որ ես եմ Հալեպում արել (ներկայացուցչություն եմ ստեղծել, որը Հայաստանինն է, մի արտակարգ առանձնատուն), այդքան գործ արած լինեն, ես հրաժարական կտամ եւ կվերադառնամ Հայաստան։

-Իսկ Ղարաբաղը չե՞ք կարոտում։

-Եթե ես տարին մի անգամ Ղարաբաղ չգնամ, չեմ կարող աշխատել։

-Ժինգյալով հաց Սիրիայում ի՞նչ պարբերականությամբ եք ուտում։

-Տարին՝ մի քանի անգամ։ Ընդհուպ այն աստիճան, որ մայրս Ղարաբաղում թխում է, ուղարկում Երեւան, Երեւանից էլ ուղարկում են Սիրիա։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930