Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԻՉ ԿԵՐԵՔ. ԿԱՐՈՂ Ա ՊԱՏԱՀԻ՝ ՁԵԶ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ»

Ապրիլ 20,1999 00:00
Armen Darbinyan

Սիրիայի անկախության 53-րդ տարելիցը շաբաթ օրը Հայաստանում Սիրիայի դեսպանատանը համախմբել էր հայ քաղաքական, հոգեւոր եւ մշակութային մտքի ներկայացուցիչներին։ Իհարկե, չի կարելի ասել, որ միմյանց հանդիպելով եւ տեսնելով՝ վերոնշյալ գործիչները միայն հոգեկան բավականություն էին ապրում։

Դե, ասենք՝ ՀՀ վարչապետը առանձնապես չխանդավառվեց՝ տեսնելով Արշակ Սադոյանին (կամ հակառակը)։ Ինչ ուզում եք, ասեք, բայց օտարների մոտ մենք մեզ պահել գիտենք։ Միմյանց չնկատելու կամ ակնհայտ տհաճությունը թաքցնելու բոլոր պայմանները սիրիական կողմը նախատեսել էր. սեղանները բառացիորեն պայթում էին խորտիկների առատությունից։ Բայց դարձյալ ի պատիվ մեր գործիչների պիտի արձանագրվի, որ եթե խորհրդարանում նրանք պաշտպանում են օրվա հացի կարոտ հայրենակիցների շահերը, իրենց աչքը գոնե կուշտ է։

Что такое – хорошо и что такое плохо!

Արարատյան թեմի առաջնորդ, կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ Գարեգին Ներսիսյանին երկյուղածորեն մոտենալուս նպատակը նրանից ճշտելն էր՝ իրո՞ք Կլիկիայի թեմի առաջնորդ Արամ Սրբազանի այցը Հայաստան միայն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա-ի առողջության մտահոգությունն էր։

– Արամ Վեհափառը եկել էր՝ ունենալով մեկ նպատակ՝ այցելել Վեհափառ Հայրապետին եւ իր եղբայրական բարեմաղթանքները փոխանցել։ Մնացած բոլորն ինձ համար անհիմն լուրեր են։ Ես ինքս չեմ կարծում, որ այսօր որեւէ եկեղեցական մտքով անգամ նման մտածումներ կարողանա անցկացնել։

Ապա նա ճշտեց, որ տեղապահը նշանակվում է, երբ աթոռը (գահը) թափուր է, իսկ այսօր Հայոց Հայրապետը ողջ է, անմիջականորեն հետեւում է աշխատանքներին եւ լիարժեք մասնակցում եկեղեցական առօրյա կյանքին։ «Մնացած՝ ինչի մասին եք խոսում եւ ինչի մասին են գրում, ինձ համար բացարձակապես անհասկանալի է»։ Ապա թե՝ «Ազիզ ջան, բարոյական չէ այսօր խոսել տեղապահի մասին»։

Մերսի, սոված չեմ

Սիրիական կողմը հյուրասիրության սկզբից անհամբեր սպասում էր համառորեն ուշացող վարչապետին։ Կառավարության նիստից անմիջապես հետո վերջինս՝ նախարարներով շրջապատված, եկավ։ Հայաստանում Սիրիայի արտակարգ եւ լիազոր նախարար Համեդ Հասանն իր ձեռքով լցրեց վարչապետի ափսեն տեսակ-տեսակ խորտիկներով, բայց վարչապետը ժպիտով մերժեց ափսեն։ Կուշտ էր։

Մոտեցա նրան, ներկայացա՝ «Առավոտ» թերթ։

– Ա՜, հետո չգրեք, ինչպես ձեր խմբագիրը՝ ինչ էր գրե՞լ։ Հա, փքվել է գնդակի նման։ Ամոթ է, ամոթ։

– Կառավարության նիստից սոված-ծարավ եկել եք, ինչո՞ւ մերժեցիք դեսպանի հյուրասիրությունը։

– Չէ՛, սոված չեմ, ծարավ չեմ։ Օրական ընդամենը մեկ անգամ եմ հաց ուտում։

– Դեսպանը բոլորին հրավիրել էր ընտանիքներով։ Ինչո՞ւ հրավիրվածները, հիմնականում դուք էլ, առանց կանանց եք եկել։

– Ես կառավարության նիստից անմիջապես եկա այստեղ եւ չեմ հասցրել պայմանավորվել տիկնոջս հետո։

– Ձեր տիկնոջ հետ այսպիսի հյուրասիրությունների կարծես չե՞ք գնում։

– Ոչ, գնում եմ։ Պարզապես «Առավոտը» գերադասում է լինել այնտեղ, որտեղ ես միայնակ եմ։

– Ինչո՞ւ եք վիրավորվում, երբ ձեր մասին ասում են՝ մեծամիտ եք։ Այդպես չէ՞։

– Բոլորը այդպես չեն ասում։ Ձեր գլխավոր խմբագիրն է ասում։

– Գիտեք, խոսելու ձեր տոնի մեջ, ա՛յ, հիմա էլ, շատ վերամաբարձ երանգ կա։

– Վերամբարձ չէ։ Վստահություն կա, միգուցե, ասածիս մեջ։ Ես իսկապես ասում եմ այն, ինչում վստահ եմ։ Եթե վստահ չեմ լինում, գերադասում եմ լսել։

– Իսկ գիտեք, որ եթե դեսպանին մերժեք եւ ոչինչ չուտեք, մեծ վիրավորանք կհասցնեք դեսպանին։

– Լա՜վ, ձեր խորհուրդը կօգտագործեմ։

Հայկական մենթալիտետ

Ի դեպ, բացի Րաֆֆի Հովհաննիսյանից եւ Վազգեն Մանուկյանից, բոլոր ներկա տղամարդիկ նախընտրել էին հյուրասիրության գալ միայնակ։

Հիմա ինչպես չգրես, որ գուցե այդ կերպ էին վարվել, որ ուրիշների՞ կանանցով ազատ հիանային։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930