Ասում են կոմունիստները ՀՀ նախագահին
Սակայն, ինչպես հայտնի է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ բանը մտքից հանելու մտադրություն չունի եւ պատրաստվում է մի քանի օրից մեկնել Վաշինգթոն եւ մասնակցել ՆԱՏՕ-ի 50-ամյակին նվիրված միջոցառումներին։ Նախագահի այս արարքը կոմունիստները չեն կարող անաղմուկ կուլ տալ եւ որպես օրինապաշտ ընդդիմություն հատուկ հայտարարությամբ այս մասին ասացին իրենց տղամարդու խոսքը։
Պատմության անիվը հետաքրքիր է պտտվում։ ՀԿԿ Կենտկոմի հայտարարության մեջ էլ զուգահեռներ անցկացվեցին։ «Սոսկ շատ անհեռատես քաղաքագետները կարող են չհասկանալ Քլինթոն-Ալիեւ-Քոչարյան սպասվելիք հանդիպման էությունը, որտեղ «հարավսլավական փորձի» կիրառման սպառնալիքով կստիպեն Հայաստանին՝ հանձնել Ղարաբաղը աշխարհի տիրակալների եւ նրանց կամակատարների բարեգթությանը»։ Նախագահի սպասվելիք այցը գնահատվեց՝ դավաճանություն Ռուսաստանի նկատմամբ։ Այս այցն իր էությամբ, կոմունիստների կարծիքով մեկ այլ դավաճանություն եւս պարունակում է, այն է՝ Հայաստանի արմատական ազգային շահերի դավաճանություն։
Դավաճանության թեման ծանրութեթեւ անելով, ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանն անցավ երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի եւ Հարավսլավիայի այսօրվա իրավիճակի զուգահեռներին։ Ամերիկան «մեր գեղեցիկ աչքերի համար չէ», որ Հայաստանի նախագահին հրավերք է ուղարկում, նա, ընդհակառակը, այդ քայլով ուզում է ցույց տալ, որ «իրենք կարող են ստանձնել կարգավորողի դերը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի առումով»։ Ամերիկացիների կարգավորման ձեւերը, կոմունիստներն ասացին, թե գիտեն, եւ այդ պատճառով է, որ խիստ մտահոգ են. «Փաստորեն, այս պահին, երբ մեր դաշնակից Ռուսաստանը խզում է իր բոլոր կապերը ՆԱՏՕ-ի հետ, (…) իսկ մենք, փաստորեն, վերջնականապես մեր արտաքին քաղաքական դոկտրինան ձեւակերպում ենք այնպես, ինչպես տարվա սկզբին նշեց ԱԳ նախարար, Ամերիկայի դեռ երեկվա քաղաքացի պրն Օսկանյանը»։ Իսկ պրն Օսկանյանը հայտարարել էր, թե ժողովուրդը նախընտրում է արեւմտամետ կողմնորոշումը։
Կարդացեք նաև
Ասուլիսից հետո ընկեր Բադալյանին «Առավոտը» հարցրեց, թե ի՞նչ կարծիքի է նա նախագահի արտաքին հարցերով խորհրդական Արամ Սարգսյանի վերջերս հայտնած այն տեսակետի վերաբերյալ, որ «այդպիսի մեծ ֆորումին» Հայաստանի չմասնակցելն այնքան էլ ճիշտ չէր լինի։ Պատասխանելուց առաջ ընկեր Բադալյանը Արամ Սարգսյանի հասցեին մի կուշտ ծիծաղեց, հետո ասաց. «Դա մեր արտաքին քաղաքականության ցածրագույն մակարդակի, պրիմիտիվության բացահայտումն է։ Նույն հաջողությամբ կարելի էր ասել, որ չեխերին ինչո՞ւ կանչեցին, առանց այն էլ այնտեղ Չեմբեռլենն ու Դալադյեն հարցերը կլուծեին։ Նույնն է, պարզապես այդ պարոնայք պատմություն չեն իմանում։ (…) Մենք մանկությունից սիրում ենք Անտուան դը Սենտ Էքզյուպերիին, նա ասում էր. «Տրամաբանության հնարքներով կարելի է ամեն ինչ ապացուցել», մանավանդ «такой топорный» տրամաբանության»,- եզրափակեց Սերգեյ Բադալյանը։
Ասուլիսի ընթացքում, քանի որ բավականին բազմություն էր հավաքվել (նկատի ունենք լրագրողներին), կոմունիստներն առիթը բաց չթողեցին առաջիկա ընտրություններից խոսել, ծանրանալով գովազդային գների, օրենքով սահմանվածի եւ իրականի միջեւ խորը անդունդի շուրջ։ Կոմունիստները, որ «ամեն ծակում» կազմակերպություն ունեն, հաստատապես պնդեցին, որ նույնիսկ 95-ին ստորագրությունների նման կեղծում չի եղել։ Իսկ կեղծիքներն արդեն սկսվել են եւ կոմունիստաբար նայելով՝ թափով են սկսվել։ Թեպետ ընկեր Բադալյանը հորդորում էր, որ ՀՀ նախագահը չմեկնի Վաշինգթոն, բայց ինքը երեկ մեկնեց Կիպրոս, որպեսզի մասնակցի Եվրոպայի կոմունիստական կուսակցությունների եւ ձախ կուսակցությունների հավաքին։ Հավաքը դատապարտելու է ՆԱՏՕ-ի ֆաշիստական քաղաքականությունը։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ