Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ես նույնպես բոյկոտում եմ

Ապրիլ 17,1999 00:00
boykot

90-91 թվականներին ընտրված իշխանությունները որդեգրեցին հասարակության ու տնտեսության ազատականացման, ժողովրդավարացման ուղին, ինչը ճիշտ ու հետեւողական քաղաքականության դեպքում միակ ուղին էր, որից պտուղներ կարելի էր սպասել։

95-96 թվականների ներիշխանական որակափոխությունն ի հայտ բերեց նահանջ կոնստրուկտիվ գաղափարներից եւ հետընթաց՝ ժողովրդավարությունից, ինչն արդեն չէր կարող զարգացում ապահովել։ Քաղաքական աջ մթնոլորտը ձեւափոխվեց անհասկանալիի, սակայն տեղ-տեղ ձախական էլեմենտների շահարկումներով, ինչը հանգեցրեց պետության կառավարման այնպիսի անգործության ու բարձիթողիության, որին, ըստ էության, կարող էին տիրապետել գաղափարներից ու սկզբունքներից զուրկ, որակապես ու մտավոր ընդունակություններով դատարկ չինովնիկների մի ստվար զանգված։

Ինչպես կտակարանում է ասված. «Ով տասն ունի՝ կավելացվի, ով մեկն ունի՝ այդ էլ կվերցվի ու կտրվի տասն ունեցողին»։ Այս իմաստությունը մերժում է զարգացում չափահովող պետության գոյությունը։ 98-ի հեղաշրջումից հետո կորցրինք ունեցած մեկն էլ, ու ընկանք կործանման փուլ, որը բնորոշ է իրեն խորհրդանշող գաղափարներով ու գործելակերպով եւ դրանց համապատասխան կազմակերպություններով ու դեմքերով։ Ասվածի վառ օրինակ կարող է հանդիսանալ թերեւս ՀՅԴ-ն՝ իր կարկառուն առաջնորդ Վ. Հովհաննիսյանով հանդերձ, որոնց համար գերազանց հող է ապահովել կործանման այս փուլը։ Պատկերն ավելի պարզեցնելու համար մեջբերեմ վերջինիս ուսանողության հետ հանդիպման ժամանակ արտահայտած կարծիքներից եւ փորձեմ վերլուծել դրանց էությունը։ Ըստ հռետորի՝ Հայաստանում առողջ հասարակության երաշխավոր կուսակցությունը ՀՅԴ-ն է։ Ծայրահեղ լիբերալիզմը պետության եւ հասարակության ազատությունը ստորադասում է անհատի ազատությանը։ Սեփական սկզբունքներին չդավաճանելը միակ միջոցն է, որով առաջնորդվում է ՀՅԴ-ն։ Ոչ ոք այսօր թող պատրանք չտածի, թե դաշնակցությանը հնարավոր է հնազանդեցնել, գրպանի կուսակցություն դարձնել։

Մի պահ մոռանանք զենքի վրա կյանքի գնով կուսակցությանը նվիրվածություն արտահայտողներին ու առողջ հասարակության բնորոշ երեւույթները եւ տեսնենք, թե ի՞նչ է անհատի ազատությունը։ Ըստ իս, դա նաեւ ընտրելու եւ իշխանություն ձեւավորելու իր իրավունքն է։ Մի պահ մոռանանք, թե վերջին նախագահական ընտրություններում հասարակությունն ում ընտրեց եւ ով զավթեց այդ աթոռը նույն ՀՅԴ-ի անմիջական մասնակցությամբ, եւ մեջբերեմ հռետորի մի այլ ցավով նշած տեսակետ, որ սպասվող խորհրդարանում իրենց կուսակցությանը ընդամենը 31 տեղ է հատկացվել։ Այդուհանդերձ, դաշնակցությունը ստիպված է հնազանդվել եւ ընդունել նախօրոք որոշված արդյունքները։ Այսինքն, իրեն սկզբունքային հայտարարող կուսակցությունը չի հնազանդվում հասարակության իրավունքին, բայց հնազանդվում է իշխանության «գրպանում դրած» կարծիքին, այն ստորադասում է հասարակության ու պետության ազատությունը՝ իշխանություն կրող անհատների ազատությանը, եւ քանի որ ՀՅԴ-ի սկզբունքը անհատի ազատությունն է, ապա այն պիտի ստորադասվի իշխանություն ձեւավորվելու դաշնակցական սկզբունքին։ Ինչեւէ, չփորձենք անսկզբունքային դաշտում սկզբունք փնտրել եւ անցնենք ծայրահեղ լիբերալիզմին եւ ողջունենք քաղաքական լեքսիկոնի նորարարությունը, հույս հայտնենք, որ եկող հազարամյակի փիլիսոփաները վերջապես կկարողանան ձեւակերպել բառակապակցության խորիմաստ տրամաբանությունը։

Կառավարության գործունեության մեջ ողջունվեց արտաքին քաղաքականությունը, քանի որ բնորոշ է դաշնակցական պատկերացումներին։ Այստեղ նկատի ուներ երեւի պահանջատիրությունն ու ինքնամեկուսացումը, ինչը հաշվի առնելով տարածաշրջանային ու միջազգային ուժային հաշվեկշիռը, բացարձակ անհեռանկարային է, որը բացառում է սեփական ուժերի գնահատականը եւ միայն պոպուլիստական քայլ է՝ ներսում նման շահարկումից դիվիդենտներ հավաքելու համար, իսկ ինքնամեկուսացումը նույնիսկ ամենազարգացած պետությունների համար փակուղի է հանդիսանում։

Հաշվի չառնելով, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության օրգանական շարունակությունն է, նշվեց կառավարության սոցիալական ուղղվածության թույլ լինելը։ Իսկ թե ինչպես կարող է աղքատ երկիրը սոցիալական ուղղվածություն ունենալ, առողջ տրամաբանությունը դժվար թե պատասխան գտնի, պատասխանը կրկին սոցիալական շահարկումների մեջ է։ Իսկ սկզբունքային կուսակցությունները, երբ համաձայն չեն լինում կառավարության կուրսին, հետ են կանչում իրենց ներկայացուցիչներին, քաղաքական ու իրավական պատասխանատվությունը կառավարության հետ չկիսելու համար, բայց քանի որ վերջինիս բացակայությունը նույնպես այսօրվա բնութագրական երեւույթներից է, թերեւս կարող են մնալ։

Ինչ վերաբերում է որոշ գործիչների բոյկոտին։ Նրանք, իբր, հասարակության ճնշման ու ՀՅԴ-ի հետեւողականության շնորհիվ հասկացան, որ հասարակությունը երկրորդ անգամ նման ապտակ կուլ չի տա։ Կարող եմ միայն ավելացնել, որ իսկապես, այդ քաղաքական գործիչները նախընտրում են ճշմարտությունը ներկայացնել եւ սկզբունքային մնալ, որպեսզի արժանանան նրա վստահությանը եւ կարողանան օգնել հասարակությանը՝ դուրս գալու այս խոր ճգնաժամից։

Ես, համարելով ինձ արժանի մրցակից ցանկացած թեկնածուի համար, նույնպես բոյկոտում եմ, քանի որ չեմ հանդուրժում կանխորոշված ելք եւ պարտադրված խաղի կանոններ, անսկզբունքային մրցակցության դաշտ, բոյկոտում եմ, որ հող նախապատրաստվի իրական ազատ ու արդար ընտրությունների համար, բոյկոտում եմ, հետագայում արժանի մրցակցության ակնկալիքով, բոյկոտում եմ, սահմանազատելու համար ինձ՝ ձեզ նմաններից, բոյկոտում եմ, քանի որ, ի տարբերություն ձեր գործելակերպի, դա քաղաքական գործելակերպ է, որով առաջնորդվելը ձեր մենթալիտետի գործիչներին չի սպառնում։

ԷՄԻԼ ՍԵԴՐԱԿՅԱՆ

«21-րդ դար»

ԺԱԿ վարչության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930