Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՉ՝ ԱՐՑԱԽԸ ԹՈՂԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ

Ապրիլ 17,1999 00:00
xachik Safaryan

Սիրելի հայրենակիցներ, մեզ պարտադրված պատերազմի ավերիչ թաթը տեղահանեց ձեզ ձեր չքնաղ բնօրրանից, եւ փախստական-բռնագաղթյալ դարձած՝ դուք ցրվեցիք աշխարհով մեկ։

Այսօր, երբ մենք շահել ենք ճակատամարտը, եւ Արցախն ազատագրված է, ոչ մի հիմք չկա օտար ափերում եւ նույնիսկ Հայաստանի Հանրապետության տարածքում դեգերելու, նոր տուն ու տեղ դնելու, երբ ձեր շեն ու բարեկարգ գյուղերը, թավ ու մրգաշատ անտառները, բարեբեր հողերը, զովասուն սարերը, գլգլան ջրերը, ձեր հազարամյա փառահեղ վանքերն ու բերդերը, ձեր նախնյաց սուրբ աճյունները ձեզ են սպասում։ Հայրենիքը մայր է, որին լքել չի կարելի, դա սրբապղծություն է, անգամ՝ դավաճանություն։ Ձեզ կանչում է ոչ թե ինչ-որ մեկը, այլ ձեր նախնիների եւ որդոց արյունով հեղեղված սրբազան հողը։ Մեր հազարավոր զոհերի արդար ու անմահ հոգիներն են հրահանգում ձեզ՝ տուն դառնալ, տեր կանգնել կյանքի գնով ազատագրված հողին։ Այս մոլորակի վրա մի՞թե կա որեւէ անկյուն՝ ավելի գեղեցիկ ու հարազատ, քան Արցախ աշխարհը, ձեր բնիկ Հայրենիքը, ուր մեր նախնիները դար ու դարեր մաքառել են բազմացեղ եւ բազմագույն թշնամիների դեմ, որ ազատ ու անկախ ապրի արցախցին՝ հող մշակի, վանք ու բերդ կառուցի, գիրք գրի, երգ ստեղծի ազատաբաղձ։

Արցախ՝ ձեր հայրենի օջախները չվերադառնալով, դուք կրկին հանձնում եք ձեր հայրենի հողը թուրքին։ Առանց իր հող ու ջրին ամուր կառչած արցախցու՝ այդ չքնաղ բնաշխարհին էլ է սպասում Նախիջեւանի տխուր ճակատագիրը։ Ամեն ինչ այսօր ձեզանից է կախված, զինվորը պատվով կատարել է իր գործը, մնում է՝ դուք կատարեք ձեր պարտքը ձեր հողի հանդեպ եւ դառնաք տուն։ Չէ՞ որ այսօր Արցախում հազար անգամ հեշտ է ապրելը, քան ՀՀ ցանկացած մասում։ Հայաստանը բոլորիս ընդհանուր տունն է, բայց Արցախը ձեր անփոխարինելի տունն է։ Ետ դարձեք ձեր տունը, վայելեք ձեր աշխարհի Աստծու պարգեւած բնական բարիքները, առավել շենացրեք ձեր տունը՝ ի հեճուկս մեր բոլոր թշնամիների։ Թող ձեր թոնիրների ծուխը պալան-պալան երկինք ելնի, եւ թշնամին իմանա, որ ոչ միայն մեր հոգու կրակը, այլեւ օջախի կրակը անմար է։

Ես սասունցի եմ։ Ու որքան զարմանալի կլիներ, եթե այսօր ազատագրված լիներ Սասունը (մի օր անպայման կազատագրվի) եւ ես Երեւանում կամ աշխարհի որեւէ ծայրում ինձ համար տաքուկ անկյուն որոնեի՝ «շաքարը թողնելով շան բերանում»։ Դուք ինձանից եւ բոլոր արեւմտահայերից ամենաերջանիկն եք, չէ որ ազատագրված է ձեր հողը, բաց է ձեր տան ճամփան եւ նույնիսկ պետականորեն հովանավորվում է ձեր վերադարձը։ Մի՞թե դուք չեք կարոտում ձեր տուն ու տեղին, ձեր հանդ ու սարին։ Մի՞թե այդքան կարճ է ձեր հիշողությունը, թե ինչպես ձեզ հանեցին ձեր տնից, թե ինչպես դուք դարձաք փախստական ու թափառական։ Դարձեք տուն եւ ապացուցեք աշխարհին, որ դուք փախստական չեք, դուք բռնության զոհեր եք միայն։ Եվ տուն դառնալով՝ դուք մեկընդմիշտ կթոթափեք այդ անպատվաբեր, վախկոտին, թույլին, անհայրենիք մարդուն վայել կարգավիճակը։ Աղաչում եմ ձեզ, խղճացեք նաեւ ինձ եւ բոլոր արեւմտահայերին, չէ՞ որ Արցախը կրկին կորցնելուց հետո մեկընդմիշտ մարելու է մեր հարազատ տուն վերադառնալու հույսը, որ մենք այնպես խնամքով փայփայում ենք արդեն շուրջ ինը տասնամյակ։ Ինչո՞ւ ձեր հարուստ բնաշխարհը եւ տաք տունն ու բնօրրանը փոխեցիք ժամանակավոր «տաք աթոռներով», դա արցախցուն պատիվ չի բերում: Տուն դարձեք, դուք սերունդների առջեւ պատասխանատու եք ձեր յուրաքանչյուր ոչ խոհեմ քայլի համար։

Սիրելի հայրենակիցներ, մեր արցախահայ եղբայրներին օգնելու, փրկելու միակ ճանապարհը այսօր նրանց տունդարձն օժանդակելն է ամեն ինչով։ Հանրակացարանները, հյուրանոցները եւ այլ ժամանակավոր կացարանները երբեք նրանց համար տուն չեն դառնա։

Եվ այն աշխատանքը, որով նրանցից քչերն են զբաղված, ըստ էության, աշխատանք չէ։ Ու այն օգնությունը, որ նրանք ստանում են զանազան կազմակերպություններից, իրականում օգնություն չէ։ Նրանք Արցախում կգտնեն աշխատանք եւ ապահովություն՝ հենց սեփական տանը։ Ու այդ տունը իրենց է սպասում։ Սիրելի հնուց երեւանաբնակ արցախցիներ, երբ երեկ դուք ընդունում, օգնում եւ ամեն ինչ անում էիք ձեր բռնագաղթյալ հարազատների համար, բնական էր ու խրախուսելի, այսօր ձեր պարտքն է՝ օգնել նրանց վերադարձին։ Դա է ոչ միայն նրանց, այլ ողջ արցախահայության փրկության ուղին։ Ու բռնագաղթյալներով զբաղվող պետական մարմինները, թե Հայաստանի Հանրապետության եւ թե Արցախում, ավելի շատ դրանով պետք է զբաղվեն, քան նրանց առօրեական մանր ու մունր հոգսերը փարատելով։

Ես դիմում եմ նաեւ ՀՀ մեծարգո նախագահին՝ իր հոգսերի հոգսը համարելու արցախահայությանը տուն վերադարձնելու խնդիրը, չէ՞ որ ինչ լուծում էլ ստանա Արցախի հարցն ապագայում, Արցախը մերը կլինի անվերապահորեն եւ հավերժորեն, եթե այնտեղ ամեն թիզ հող իր արցախցի տերն ունենա, ամեն օջախ ծխա ու բարգավաճի, ամեն տանը հարսանիք եւ կնունք լինի եւ ամենուրեք թեւածի հայրենաշունչ երգը։

Արցախցի իմ եղբայրներ, տուն կանչեք ձեր օտար ափերում դեգերող, թափառականի անպատվաբեր ճակատագրով ապրող հարազատներին։ Մի՞թե նրանց արյունը ավելի կարմիր է, ինչո՞ւ են ձեզ մենակ թողել, ինչո՞ւ չեն ուզում ճակատագրի վատն ու լավը կիսել ձեզ հետ։ Մի՞թե քիչ տառապեցին մի կտոր հաց եւ ապահովություն մուրալու ճանապարհին։ Մի՞թե Գորիս-Ստեփանակերտ ապահով ու բարեկարգ մայրուղին միայն հեռանալու համար է։

Ես այս տողերը գրում եմ սրտի ցավով։ Շեն ու մարդաշատ պահեցեք Արցախը, որ չփակվի ընդմիշտ Սասունի ճանապարհը։ Շուտով նշելու ենք Հայոց մեծ եղեռնի տարելիցը եւ ես կուզենայի, որ համայն հայությունը՝ առանց սգի ու արցունքի, հպարտությամբ նշեր նաեւ ապրելու, Արցախն ազատագրելիս մեր դրսեւորած կամքն ու քաջության հաղթանակը։ Եվ դա դառնար տունդարձի սուրբ ազդակ բոլոր դրսում գտնվող արցախցիներին։

Արցախի սիրով՝

ԽԱՉԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ

ԱԺ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930