Այս նախադասությունը Ֆերջուլյան-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին դատավարության ընթացքում բոլորս անգիր արեցինք, ինչպես նաեւ ջրի պես իմացանք գործի բոլոր հայտնի ու անհայտ մանրամասները։ Նիստին մասնակցող լրագրողները եւ քաղաքացիներն այնքան են լսել Ֆերջուլյանների եւ եկեղեցու գործի մանրամասները, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է գործով փաստաբան աշխատել։
Երեկ դատական նիստը հետաքրքիր զարգացումներ ունեցավ։ Հայցվոր կողմի փաստաբան Հայկ Ալումյանն իր փաստաբանական ելույթում գերազանցեց ինքն իրեն։ Պատասխանող կողմի փաստաբան Արա Մաթեւոսյանն էլ իր հերթին էր փորձում ինչ-որ բան անել։
Ժողդատավոր պարոն Օհանյանն էլ իր դատավորական բարձրության վրա էր։ Պարոն Ալումյանը մանրամասն բացատրեց պայմանագրի պահատվածության տեսակի մասին, մասնավորապես շեշտելով, որ Ֆերջուլյանների ունեցած պայմանագիրը կարելի է դիտել «որպես իրերի դիմազրկմամբ կնքված պահատվության պայմանագիր»։
Հաջորդ հանգամանքը, որի վրա հրավիրվեց դատարանի ուշադրությունը, հետեւյալն էր. «արձանագրությունից երեւում է, որ պահառուն հանդես է եկել Խորեն արքեպիսկոպոս Սրբազանը որպես Երեւանի փոխթեմակալ (այսօր՝ Արարատյան թեմ- Մ. Ե.)։ (…) Եթե այս պայմանագիրը տեր Խորեն Մուրադբեկյանը կնքեր որպես անհատ անձ, ապա այստեղ կգրվեր ուղղակի՝ տեր Խորեն Մուրադբեկյան։ Իսկ եթե նա կնքեր պայմանագիրը որպես Եղբայրական օգնության նախագահ, ապա այստեղ հանդես կգար որպես Եղբայրական կոմիտեի նախագահ Խորեն Մուրադբեկյան։ Սակայն այս արձանագրության մեջ պահառու կողմը հանդես է գալիս հետեւյալ ձեւով՝ Երեւանի փոխթեմակալ Խորեն Սրբազան»։ Այս հանգամանքից ելնելով փաստաբանը հետեւություն է անում, թե Խորեն եպիսկոպոսը որպես փոխթեմակալ հանդես գալով հաստատում է, թե ո՞ւմ է պահ տրվում հարստությունը։ Հայցվոր կողմի խոսքը մի պահ ընդհատելով պատասխանող կողմի փաստաբանը ուզեց իմանալ, թե «այս բոլորը, որ ասվում է, պետք է հայցվոր կողմի ճառո՞ւմ էլ լինի»։ Հայցվոր կողմն էլ շտկեց. «Ճառ չի լինելու, քաղաքացիական գործով ճառերը հանված են»։
Կարդացեք նաև
Առավել մանրամասն չանդրադառնանք փաստաբանի ամբողջ խոսքին։ Վերջում դատավոր Օհանյանը ցանկություն հայտնեց անձամբ մեկնել արխիվ եւ սեփական աչքով տեսնել արձանագրությունը։ Դատական նիստը ընդհատվեց եւ դատարանն ամբողջ կազմով մեկնեց պետական արխիվ։ Արխիվում պարզվեց, որ գործին առնչվող փաստաթղթերը պահպանվում են մի թղթապանակի մեջ, որի վրա գրված է. «Գործ, Երեւանի թեմական իշխանության»։ Թղթապանակի վրա գրված էր նաեւ. «սկսված էր 15 թվին, վերջացված էր 15 թվին»։ Կար մեկ մակագրություն եւս. «Որբերուն մնացած ժառանգությանց մասին»։ Արխիվում էլ պարզվեց, որ վերոհիշյալը Երեւանյան թեմի (այժմ՝ Արարատյան հայրապետական թեմ) գործն է, որն ուղղակի պահպանված է Եղբայրական օգնության հիմնադրամում։
Նիստը դարձյալ հետաձգվեց։ Սպասենք երեքշաբթիին։
Մ. ԵՍԱՅԱՆ