Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխական «ունիտազների» սինդրոմ

Ապրիլ 17,1999 00:00
jrachap

«Առավոտն» արդեն գրել է, որ առաջիկայում բնակարաններում տեղադրվելու են ջրաչափ հաշվիչներ։ Ի դեպ, բոլոր ձեռնարկությունները, իրավաբանական անձինք եւ բյուջետային հիմնարկները պետք է հաշվիչներ տեղադրեն մինչեւ հուլիսի 1-ը։

Սոցիալապես անապահովի կարգավիճակ ունեցողների բնակարանների ջրաչափերը կտեղադրվեն Ջրմուղ-կոյուղի ընկերության կողմից։ Ջրաչափերի եւ դրանց տեղադրման գումարները նրանք կմուծեն հինգ տարվա ընթացքում, մարումը երկրորդ տարվանից սկսելու պայմանով։ Մյուս քաղաքացիները մինչեւ մայիսի 1-ը պետք է դիմում ներկայացնեն իրենց շրջանային ջրմուղ տնտեսություն եւ մուծեն տարաժամկետ վճարելու սկզբունքով, որի ժամկետը մինչեւ նոյեմբերի 1-ն է։

1970-80-ական թվականներին, երբ վերանորոգվել կամ կառուցվել են Երեւանի բնակարանների մեծ մասը, այսպես ասած, «մոդա» էր չեխական արտադրության զուգարանակոնք (ունիտազ) տեղադրելը։ Այն ժամանակ չկար ընտրության այնպիսի հնարավորություն, ինչպես այսօր եւ չեխական արտադրության սանտեխնիկան ոչ միայն «մոդա» էր, այլեւ՝ լավագույնը։ Բայց ցանկացած սանտեխնիկա, որտեղի արտադրության էլ լինի, ունի մաշվելու, փչանալու հատկություն։ Խոսքը ոչ թե արտաքինի, այլ ներքին մեխանիզմի մասին է։

Չեխական զուգարանակոնքերի ջրատարների ներսում մեխանիզմը պլաստմասսայից է կամ կապրոնից եւ մաշվելու դեպքում սկսում է ջուր թողնել։ Այսօր 10-20-ամյա չեխական նստակոնքերում, ջուր եղած ժամերին անընդհատ ջուր է հոսում։ Քանի որ ջրաչափերի տեղադրումը ենթադրում է նաեւ շուրջօրյա ջրամատակարարում, ապա անիմաստ հոսող ջրի քանակը յուրաքանչյուր բնակարանում կհաշվվի տասնյակ խորանարդ մետր ջուր՝ մեկ օրվա ընթացքում։ Բնական է, ոչ ոք չի ցանկանում ավելորդ գումար մուծել անիմաստ հոսած ջրի համար։

Օրերս այցելեցի տասնյակից ավելի մասնագիտացված խանութներ, փորձելով գոնե պարզել ջրատարի միջուկի արժեքը։ Ոչ մի խանութում վաճառքում հին արտադրության միջուկ չկար։

Ենթադրվում է, որ մեկ տարվա ընթացքում Երեւանում կտեղադրվեն ջրաչափերը, կկարգավորվի ջրամատակարարման հարցը։ Այդ ժամանակ վերոհիշյալ հարցը պրոբլեմ կդառնա շատ ու շատ ընտանիքներում։ Մնում է հուսալ, որ մեկ տարվա ընթացքում կամ մեզ մոտ կենսամակարդակը այնքան կբարձրանա, որ յուրաքանչյուր հայ ընտանիք 150-200 դոլարով նոր զուգարանակոնք ձեռք կբերի, կամ էլ մի ձեռներեց կհայտնվի, որը կսկսի արտադրել վերոնշյալ միջուկները։

Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930